Հայաստանի կողմից պատեհ ժամանակն է նման քայլի գնալու համար. Պաղեստինի պատերազմը տարածաշրջանային պատերազմի վերածվելու մեծ ռիսկեր ունի. Արմեն Պետրոսյան

Հունիսի 21-ին ՀՀ ԱԳ նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց Պաղեստին պետությունը ճանաչելու վերաբերյալ՝ շեշտելով, որ վերահաստատում է իր հավատարմությունը միջազգային իրավունքին և ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության ու խաղաղ համակեցության սկզբունքներին, ուստի ճանաչում է Պաղեստինի պետությունը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն էլ իր հերթին՝ հայտարարություն տարածեց՝ ողջունելով Հայաստանի այս քայլը։

«Մենք ուրախ ենք, որ Հայաստանը, հետևելով Իսպանիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի և Սլովենիայի օրինակին, որոշել է ճանաչել Պաղեստին պետությունը: Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը»,- նշված է Թուրքիայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։

Հայաստանի Հանրապետության այս քայլը ողջունել են նաև Արաբական աշխարհի մի շարք երկրներ, այդ թվում՝ Եգիպտոսը, Հորդանանը, Քովեյթը և այլք:

Կարդացեք նաև

168.am հետ զրույցում տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանն անդրադառնալով Հայաստանի կողմից Պաղեստին պետության  ճանաչմանը և հարցին՝ ի՞նչ է այն տալու Հայաստանին, և ինչո՞ւ հիմա ճանաչեց, պատասխանեց.

«Կարծում եմ՝ այժմ ամենապատեհ ժամանակահատվածն է նման քայլի գնալու համար, որովհետև կա միջազգային շատ լայն կոնսենսուս միջազգային ճնշմամբ հասնել արդեն մի քանի ամիս շարունակվող Գազայի հատվածում ընթացող պատերազմի դադարեցմանը։ Այդ ուղղությամբ բազմաթիվ դերակատարներ՝ թե՛ տարածաշրջանային, թե՛ գլոբալ, փորձում են ջանքեր գործադրել պատերազմը կանգնեցնելու, սակայն այն ոչ միայն չի դադարում, այլև շարունակվում է՝ առաջացնելով տարածաշրջանային պատերազմի վերածվելու մեծ ռիսկեր, գլոբալ մարդկային ճգնաժամ ստեղծելու ռիսկեր և այլն։ Ահա այս համատեքստում ենք տեսնում, թե ինչպես է միջազգային հանրությունը հնարավոր բոլոր միջոցներով փորձում  ճնշել Իսրայելին, որպեսզի Իսրայելի գործող ծայրահեղական Կառավարությունը դադարեցնի իր քայլերը, որոնք մեծ վտանգ են ներկայացնում միջազգային անվտանգությանը»,- նշեց Արմեն Պետրոսյանը։

Փորձագետի դիտարկմամբ, այս հարցում անգամ նկատում են Միացյալ Նահանգների  դիրքորոշման որոշակի փոփոխություն։ Այսինքն՝ Միացյալ Նահանգները վերջին շրջանում սկսել է շատ հաճախ խոսել Պաղեստին պետության ստեղծման անհրաժեշտության մասին՝ որպես Իսրայելի անվտանգության ապահովման կարևորագույն երաշխիք։

«Այս համատեքստում Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը նվազ խնդրահարույց ժամանակահատվածում է։ Իհարկե, այստեղ որոշակի դժգոհություններ ու հակաքայլեր կարելի է ակնկալել բացառապես Իսրայելից։

Աշխարհում շուրջ 150 երկիր ճանաչել է Պաղեստին պետությունը և որևէ երկրի նկատմամբ Իսրայելի կողմից հնչեցրած սպառնալիքները չեն իրականացվել և ուղղակի հնարավորություն էլ չկա իրականացնելու։ Սովորաբար տարբեր պետությունների շրջանում այս գործընթացը կասեցվել է ոչ թե Իսրայելի, այլ Միացյալ Նահանգների ջանքերով։ Բայց, ինչպես արդեն ասացի, վերջին շրջանում անգամ Միացյալ Նահանգներն է հաճախ խոսում այդ տրամաբանության մասին, որովհետև Իսրայելում գործում է մի Կառավարություն, որը ծայրահեղական է և որն իր քաղաքականությամբ ու ծրագրերով լրջագույն խնդիրներ է առաջացնում միջազգային անվտանգության համար։ Ուստի Իսրայելի սպառնալից հայտարարություններն ընդամենը հերթապահ հայտարարություններ են, որոնք հնչեցվում են, երբ որևէ երկիր միակողմանի ճանաչում է Պաղեստին պետությունը»,- նշեց Արմեն Պետրոսյանը։

Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե ՀՀ իշխանությունը քայլեր չձեռնարկեց՝ Արցախը չճանաչեց, սակայն ճանաչեց Պաղեստինը, Արմեն Պետրոսյանը նկատեց՝ տեղին չէ համեմատել այս երկու խնդիրները, որովհետև Պաղեստինի հիմնախնդրի հետ կապված կա ՄԱԿ-ի՝  1947 թվականի նոյեմբերին ընդունած բանաձևը, որով նախատեսվում էր վերացնել բրիտանական մանդատը Պաղեստինում և այնտեղ ստեղծել երկու անկախ պետություն՝ արաբական և հրեական։

Տեսանյութեր

Լրահոս