
«Եթե իրավիճակի լրջությունը հասկանում են՝ թող մեկ մարդու նման հավաքվեն ու ասեն՝ ի վերջո, մեր երկիրը մեզ պե՞տք է, թե՞ ոչ». Անդրանիկ սարկավագ Մանուկյան

Հայաստանյանց Առաքելական եկեղեցու 3 թեմերի՝ Տավուշի, Շիրակի և Արագածոտնի հոգևոր առաջնորդները բանտարկված են։
Առաքելական եկեղեցու հոգևորականներին իշխանությունը մեղադրում է տարբեր մեղքեր գործելու մեջ, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ Առաքելական եկեղեցին համարում է «չուլանացված»։
«Սասուն» ազգային երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանն Առաքելական եկեղեցու շուրջ իշխանությունների իրականացրած քայլերը, հոգևորականներին բերման ենթարկելն ու կալանավորելը խայտառակություն է որակում։
«Սա վախկոտների քայլ է, նրանք որ եկել են իշխանության և երկիր են ղեկավարում, եթե վախկոտ չեն, պետք է հասկանան՝ հարցերը լուծելու քաղաքակիրթ ձև գոյություն ունի։ Բայց բոլորդ էլ տեսնում եք, որ սրանք քաղաքակիրթ չեն, դրան էլ գումարած՝ ասեմ՝ այս իշխանությունը եկել է ընդամենն այս երկիրը քանդելու, Աստծուց տված համակարգը քանդելու, ու քանդելով գնում է։
Ես նման բան չեմ տեսել, եթե կա եկեղեցու խորհուրդ, կա եպիսկոպոսական դաս, ի՞նչ գործ ունի այդտեղ աշխարհիկ իշխանությունը։ Այսօր ինձ համար սա էլ է ցավ, որ ո՞ւր են մեր մնացյալ եպիսկոպոսները, ինչո՞ւ չեն բարձրաձայնում, ժողով գումարում։ Բազմիցս եմ ասել՝ «թուրք» ասվածը որակ է, ու հիմա մեր ներսի «թուրքը» հուդաների միջոցով քանդում է մեր երկիրը։ Հայ էթնիկ ընտանիքը, մեսրոպյան դպրոցը և Առաքելական եկեղեցին եթե քանդում ես, ուրեմն՝ երկիր ես քանդում, իսկ իշխանությունների նպատակը սա է, ուրիշ ոչինչ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։
Նա հիշեցրեց, թե 1915 թվականին Արևմտյան Հայաստանում երիտթուրքերն ինչ էին անում՝ երեխաներին, կանանց ու ծերերին լցնում էին մարագն ու խոշտանգում, սպանում։ Այս ամենով երիտթուրքերը ցանկանում էին այնպես անել, որ հայը «թուրք» անունը լսելիս՝ այլևս չբարձրաձայնի իր խոսքը։
«Ես իմ գիտակցական կյանքում նման բան չեմ տեսել։ Այս իշխանությունը սեփական վախերից ելնելով՝ պատրաստ է գնալ ամենածայրահեղ քայլին։ Կրկնում եմ՝ 1915 թվականին թուրքը հայերի շրջանում վախ ու սարսափ էր տարածում, որպեսզի մարդիկ չարտահայտվեին, իրական հայ մարդուն, որն իր մշակույթը, իր էթնիկ ապրելակերպը, պետությունն ու պետականությունը պահպանելու համար խնդիրների մասին է բարձրաձայնում, երկրի ղեկին նստած մարդը բռնի ձևով լռեցնում ու սաստում է։ Ի՞նչ էր անում Ստալինը, Լենինը, դրանք ավելի ընդունելի էին, քան մեր այսօրվա կարգավիճակը։ Ո՞րն է խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը՝ ժողովրդին վարե՞լ, իշխե՞լ, հանուն իշխանության ու նյութապաշտությա՞ն։ Այսօր այս երկրի իշխանությունը բռնություն է գործադրում նորմալ մարդու ապրելակերպին ու խոսքի ազատությանը։ Ստալինի օրոք իմ պապերին էլ են աքսորել, ո՞վ էր աքսորել, Ստալի՞նն էր անում՝ ոչ, այստեղ ապրող հայ մարդն իր շահերից ելնելով, հաճոյանալով՝ մատնում էր, այսօր էլ նույն կարգավիճակն է։
Խոսքս վերաբերում է հայ մարդուն, եթե այս իրավիճակի լրջությունը հասկանում են, ուրեմն՝ թող մեկ մարդու նման հավաքվեն ու ասեն՝ ի վերջո, մեր երկիրն ու պետությունը մեզ պե՞տք է, թե՞ ոչ, մենք ինչո՞ւ ենք այս երկրում ապրում, որ մեզ ստրո՞ւկ դարձնեն»,- հավելեց սարկավագ Մանուկյանը։
Նա բոլորին հրավիրեց իր տուն, որպեսզի գնան ու հասկանան՝ Հայաստանում կոռուպցիա կա՞, թե՞ ոչ, եթե չկա՝ ապա ինչպե՞ս է ստացվում, որ իր սեփական տան հիմքը փորում ու քանդում են՝ իրեն իր սեփական տան մեջ դարձնելով ստրուկ, զրկելով նույնիսկ ստեղծագործելուց։
«Իրենց հրեշավոր արարքներով սրանք ուզում են աշխարհին ցույց տան, թե իրենք հրեշտակներ են, իսկ հոգևորականները՝ սատանաներ։ Նախ՝ ամոթ այն քահանաներին, ովքեր ուզում են այս իշխանությունների օրոք «արդարություն» փնտրել։
Եթե կա մեկը, ով եկեղեցական համակարգին կվատաբանի, ես թույլ չեմ տա. իհարկե, համակարգում կան մարդիկ, որոնց պետք է դաստիարակել, վերադաստիարակել, բայց ոչ այսպես։ Եթե այսօր հոգևորականներ կան, որոնք դուրս են եկել ու վատաբանում են եկեղեցուն, թող ինձ մոտ գան, կբացատրեմ։ Հոգևորականները, որոնք այսօր բարձրաձայնում են, թե եկեղեցում խնդիրներ կան, պարզապես առանց հասկանալու՝ քանդում են եկեղեցու կանոնադրությունը։ Եթե այս հոգևորականները բողոքում են, որ հալածվում են, թող չծառայեն, ուղղակի դուրս գան»,- շեշտեց նա։
Շարունակելով՝ սարկավագ Մանուկյանն ասաց՝ անհասկանալի է, թե ինչու է երկրի ղեկավարն ամեն օր հայտարարում, թե կաթողիկոսը կին ունի, հետո՞ ինչ, եթե նույնիսկ կին ունի, չէ՞ որ կաթողիկոսը երդում է տվել Աստծուն, հետևաբար՝ ո՞վ է երկրի ղեկավարը, որ նրան դատի։
«Ի՞նչ է ուզում սրանով ասել երկրի ղեկավարը, որ ուժե՞ղ է, մտածո՞ւմ է այս երկրի ու պետության մասին՝ իհարկե չի մտածում, իր իշխանության ու անձնականի մասին է մտածում։
Աստված ասել է՝ ոչինչ ծածուկ չի մնում, ամեն ինչ բացահայտվելու է, իմ երկիրն ու իմ ժողովուրդն է ափսոս, որ սրանց ձեռքին է հայտնվել։ Բռնություն է Հայաստանում, ես անձամբ Նիկոլ Փաշինյանին իմ տուն եմ հրավիրում՝ թող գա, տեսնի, թե ինչպես են հիմքը քանդել, օր օրի փլուզվում է, արի իմ տուն, տես՝ քո ներդրած համակարգն ինչպես է աշխատում»,- ասաց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։
Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան Քննչական կոմիտեն, ԱԱԾ աշխատակիցների հետ միասին, խուզարկություններ էր իրականացնում Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների տներում, նաև հենց Արագածոտնի թեմի առաջնորդարանում։
Խուզարկությունից հետո բերման էին ենթարկել թեմի առաջնորդին, որի գտնվելու վայրի վերաբերյալ փաստաբանները ժամեր շարունակ տեղեկություն չունեին: Բերման էին ենթարկել նաև թեմի 13 քահանաների։
Այս պահին թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորված է։Սրբազանին դատարանը մեղադրում է նախկին քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):
Նշենք նաև, որ այս գործողություններն իրականացվել են Հովհանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում արված հայտարարության հիմքով հարուցված վարույթի շրջանակներում։ Տեր Արամը հայտարարել էր, որ 2021 թվականին իրեն ստիպել էին մասնակցել քաղաքական հավաքների։
Հաղորդումը Դատախազություն էր ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը։
Հիշեցնենք նաև, որ այս պահին կալանավորված են նաև Շիրակի և Տավուշի թեմերի առաջնորդները՝ Միքայել և Բագրատ սրբազանները։
Երեկ հայտնի դարձավ, որ Արագածոտնի թեմի առաջնորդարանի 60-ամյա հաշվապահի նկատմամբ դատարանը կիրառել է տնային կալանք։