«Այսօր աշխարհի երեսին կան 3 երկրների ղեկավարներ, որոնք ցանկանում են մեկընդմիշտ փակել Արցախի հարցը». Արմեն Պետրոսյան

Այսօր Արցախի Հանրապետության անկախության օրն է. 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: Լեռնային Ղարաբաղում անցկացվեց հանրաքվե, որի ընթացքում ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը, արտահայտվեց Ադրբեջանից լրիվ անկախանալու օգտին:

Դրան հետևած ընտրություններում ընտրվեց Լեռնային Ղարաբաղի խորհրդարան, որն էլ կազմեց առաջին կառավարությունը:

«Արդարություն և վերադարձ» հ/կ համահիմնադիր Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ քանի դեռ Հայաստանում այսօրվա իշխանություններն են, Արցախ վերադարձի մասին խոսելն իրատեսական չէ, քանի որ Հայաստանի իշխանությունն ամենաշատն է  շահագրգռված՝ Արցախի էջը փակելու համար։

«Այսօր աշխարհի երեսին կան 3 երկրների ղեկավարներ, որոնք ցանկանում են մեկընդմիշտ փակել Արցախի հարցը՝ Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի օրվա ղեկավարներն են։

Կարդացեք նաև

Չնայած այդ ամենին, հայ ազգը չի փակել Արցախի հարցը։ Ես այսօր Արցախի անկախությանը նվիրված միջոցառմամբ ու Արցախի օրհներգով մեկնարկել եմ 2025 թվականի նոր ուսումնական տարվա մեկնարկը՝ իմ սաների հետ միասին։ Շնորհավորել եմ արցախցի երեխաներին՝ Արցախի անկախության տոնի առիթով։ Արցախցի երեխաներին իմ ուղերձը հետևյալն է եղել, որ մենք կորցրել ենք Արցախի տարածքը, բայց ոչ Արցախը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ Արցախը նաև արցախցիներն են, որոնք այսօր կան ու պայքարում են իրենց իրավունքի համար, իսկ արդյունքի հասնելու համար առաջին հերթին արցախահայերը պետք է լինեն համախմբված և երբեք չկորցնեն վերադարձի հույսը։

«Կարծում եմ՝ երբ կասկածը հաղթում է նպատակին, իրականություն չի դառնում երազանքը, մենք այդ կարգախոսով ենք ապրում, որ հույսն ու հավատը պետք է առաջին տեղում լինեն, երբեք կասկած չլինի, որ մեր հարցն արդարացի լուծում է  ստանալու ու Արցախ վերադարձ լինելու է։

Անկախ այն հանգամանքից, որ այսօր Արցախն ամբողջովին օկուպացված է, այսօրը տոն է մեզ համար՝ Արցախի անկախության օրն է, որևէ մեկը այս 30 տարիները մեր կենսագրությունից չի կարող ջնջել, երբ մենք փառքով ու պատվով ապրել ենք մեր երկրում»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է այսօր սպասվող արցախահայերի հանրահավաքին, Արմեն Պետրոսյանը պատասխանեց, որ հանրահավաքի կազմակերպիչներից չէ, բայց որպես շարքային քաղաքացի՝ անպայման ներկա է լինելու հանրահավաքին։

«Միանշանակ հանրահավաքի ընթացքում պետք է դրվի Հայաստանի իշխանությունների հրաժարականի հարցը, ինչպես խոսքիս սկզբում նշեցի՝ Հայաստանի այսօրվա իշխանությունները ուզում են փակել Արցախի հարցը։ Ընդդիմության ու առհասարակ բոլորի գործողությունների հիմքում պետք է դրվի այս իշխանության փոխելու հարցը։

Երբ այս մարդն ասում է, թե՝ «մենք Արցախը չենք կորցրել, այլ պահպանել ենք Հայաստանը», դա այդպես չէ, մենք տեսնում ենք, որ Արցախի կորստից հետո   Արցախի հարցը որևէ տեղում լսելի չէ։ Հայաստանն առանց Արցախի դարձել է կղզիացած մի տարածք, որը հեշտությամբ կարելի է  շրջանցել աջից ու ձախից, դրա համար Արցախը վերադարձնելն օրակարգային է, հակառակ դեպքում Հայաստան պետություն չի լինելու, տեղի է ունենալու վիլայեթացում»,- ընդգծեց Արմեն Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ այսօր Եռաբլուրում առավոտյան բացվեց նաև «Արցախի կանչը» հուշակոթողը՝ նվիրած Արցախի բոլոր պատերազմներում նահատակված հայորդիների հիշատակին։

Տեսանյութեր

Լրահոս