Թրամփի 1-ին նախագահության շրջանում տեղի ունեցավ, այսպես կոչված, 2018թ․ հեղափոխություն-իշխանազավթումը, ապա նաև՝ 2020թ. 44-օրյա պատերազմը․ Արմեն Պետրոսյան

Պաշտոնական Երևանն ու Բաքուն երեկ հանրայնացրին խաղաղության համաձայնագիրը, որն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել էին արտգործնախարարներ Միրզոյանն ու Բայրամովը:

Նախաստորագրումից հետո քաղաքական տարբեր շրջանակներ ահազանգեցին՝ եռակողմ հանդիպման հայտարարությամբ հայկական կողմի ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը որևէ առնչություն չունեն իրական խաղաղության հետ, ավելին՝ այս կերպ լեգիտիմացվում է Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ իրականացված էթնիկ զտումը, արցախյան հիմնահարցը միջազգային օրակարգից դուրս մղելը, Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթումը։

Որ TRIPP-ը չի լուծում էթնիկ հայերի Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքների և անվտանգության հարցը ու չի բխում հայկական կողմի շահերից, նշեցին նաև միջազգային տարբեր փորձագիտական հարթակներ։

«Երկար ճառերի մեջ ճշմարտություն փնտրելը շատ դժվար է։ Երկար ճառերի մեջ կան նախադասություններ, առանձին բառեր, որոնք որ ավելի մեծ ուշադրության են արժանի,- 168.am-ի հետ զրույցում նախաստորագրված փաստաթղթի բովանդակությանն անդրադառնալով՝ նկատեց «Արդարություն և վերադարձ» հ/կ համահիմնադիր, Արցախից բռնի տեղահանված Արմեն Պետրոսյանը և հավելեց,- Չմոռանանք, որ Թրամփի առաջին նախագահության ժամանակաշրջանում Հայաստանում տեղի ունեցավ, այսպես կոչված, 2018 թվականի հեղափոխությունը, որն իրականում իշխանազավթում էր, ապա նաև՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմը։ Բացի դրանից, Թրամփ-Ալիև խոսակցության ժամանակ Ալիևն ասաց՝ Ադրբեջանի ժողովուրդն իր հավանությունն է տվել նախագահ Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում կատարվածին։ Այս ամենից կարելի է եզրակացնել, որ թե՛ 44-օրյա պատերազմը, թե՛ «հեղափոխությունը» տեղի են ունեցել միացյալ Արևմուտքի ղեկավարությամբ՝ բարձր հովանու ներքո»։

Կարդացեք նաև

Հանրային գործիչը շարունակելով՝ նկատեց, որ այս ամենի շահառուն նաև Միացյալ Նահանգներն է, քանի որ այս քաղաքականությունն ուղղված էր Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանից դուրս մղելուն։

Արմեն Պետրոսյանը հենց այս համատեքստում է դիտարկում Արցախի հարցի փակումը՝ նկատելով, որ դա ևս բխում էր կոլեկտիվ Արևմուտքի շահերից, որովհետև Արցախը «ռուսական բազա» էր Հարավային Կովկասում։

Դիտարկմանը՝ այդ դեպքում ինչո՞ւ Ռուսաստանը ջանք չթափեց ամեն գնով պահելու Արցախը, «Արդարություն և վերադարձ» հ/կ համահիմնադիրը արձագանքեց. «Հայաստանի իշխանությունները ի՞նչ արեցին․ այսինքն՝ մենք ուզում ենք, որ Ռուսաստանը հայից ավելի հա՞յ լինի։ Մեր իշխանություններն ի՞նչ արեցին Արցախը հայկական պահելու համար»։

Ի վերջո, ինչպե՞ս բացել, վերաբացել հայկական Արցախի էջը, ինչպե՞ս դեմ գնալ Թրամփի միջնորդած օրակարգերին, ի՞նչ այլընտրանքով՝ մեր հարցադրումներին ի պատասխան էլ՝ Արմեն Պետրոսյանն ասաց․ «Միանշանակ, միայն իշխանափոխությամբ։ Հույս ունենք, որ հայ ժողովուրդը կզարթնի թմբիրից, և նոր ուժ կգա, որը չի գնա այս իշխանազավթների ձեռագրով»։

Արմեն Պետրոսյանը վերահաստատեց իր դիրքորոշումը, որ մեսիջները երկար ճառերի մեջ չեն, այլ կարճ ֆրազների, ապա հենց այս համատեքստում հիշեցրեց․

«2016 թվականի քառօրյա պատերազմից հետո, երբ մեր երկիրը տեր ուներ՝ նախագահը Սերժ Սարգսյանն էր, Ադրբեջանի նախագահը բողոքում էր, որ իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, իսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի նախագահը, ասում էր՝ «noldu?», Փաշինյան (էս ի՞նչ եղավ, Փաշինյան)։

Այսինքն՝ 2016 թվականի հայկական իշխանության վարած քաղաքականությունը, իրենց ունեցած կապերը դաշնակից երկրի հետ, պահվածքը, ու ոչ թե թիկունքից հարվածը միակ դաշնակցին, թույլ էր տալիս, որպեսզի մենք խոսենք իշխող դիրքից և կարողանանք նաև ստիպել Ալիևին փակ դռների հետևում ճանաչել Արցախի անկախությունը։

Տեսանյութեր

Լրահոս