Հայաստանն արագորեն դառնում է դինամիկ և գրավիչ վայր միջազգային բիզնեսի համար. ՄԹ դեսպան

Հայաստանն աշխարհագրական առումով գտնվում է ռազմավարական դիրքում և օգտագործելով այդ դիրքը՝ կարող է լինել Եվրոպայի և Ասիայի միջև խաչմերուկի մի մասը, ուստի այն արագորեն դառնում է դինամիկ և գրավիչ վայր՝ միջազգային բիզնեսի համար։

Այս մասին Հայաստանի ներդրումային խորհրդի կազմակերպած «Միջազգային առևտրի և ներդրումների ֆորում»-ի ընթացքում նման կարծիք արտահայտեց Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը։

Ելույթի սկզբում դեսպանը շնորհակալություն հայտնեց Վերակառուցման և զարգացման բանկին (ՎԶԵԲ) և Հայաստանի «Ներդրումների աջակցման կենտրոն»-ին միջոցառումը կազմակերպելու համար՝ Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։ 

«Հայաստանը գտնվում է ուշագրավ փոխակերպման մեջ։ Մենք տեսնում ենք բարեփոխումների վրա հիմնված օրակարգ։ Կարծում եմ, որ Հայաստանը և հայերը միշտ ունեցել են ձեռնարկատիրական ոգի, բայց հիմա ես իսկապես կարող եմ զգալ, թե ինչպես է այդ ոգին կենդանանում նոր ձևով։ Հայաստանը գտնվում է ռազմավարական դիրքում և օգտագործելով այդ դիրքը՝ կարող է լինել Եվրոպայի և Ասիայի միջև խաչմերուկի մի մասը, ուստի այն արագորեն դառնում է դինամիկ և գրավիչ վայր միջազգային բիզնեսի համար»,-ընդգծեց դեսպան Ալեքսանդրա Քոուլը։

Նա հպարտությամբ արձանագրեց, որ Միացյալ Թագավորությունը Հայաստանի զարգացման այս ճանապարհորդության երկարամյա գործընկերն է։ 

«Մենք աջակցում ենք այս երկրում ավելի մրցունակ և կենսունակ բիզնես միջավայրի ստեղծմանը։ Այսօրվա հավաքը ավելին է, քան պարզապես ֆորում։ Այն իրականում գործողությունների հարթակ է։ Հուսով ենք, որ այն միավորում է բիզնես առաջնորդներին, քաղաքականության մշակողներին, ներդրողներին Հայաստանից և արտասահմանից՝ հնարավորություններ տալով ուսումնասիրելու և գործընկերություններ հաստատելու, ամբողջ տարածաշրջանում առևտրի և ներդրումների ապագան ձևավորելու համար։ Մենք ցանկանում ենք տեսնել ավելի շատ գործողություններ այն ոլորտներում, որտեղ նորարարությունը, ձեռներեցությունը և միջազգային համագործակցությունը կարող են ծաղկել, որովհետև երբ մենք ներդրումներ ենք կատարում Հայաստանում, մենք ներդրումներ ենք կատարում դիմադրողականության, նորարարության և համատեղ բարգավաճման ապագայում»,-նշեց դեսպան Ալեքսանդրա Քոուլը։

Տեսանյութեր

Լրահոս