
Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի համաձայնությունը

Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի վերաբերյալ համաձայնությունը՝ ուղղված մարդասիրական օգնության անխափան մատակարարման ապահովմանը և պատանդների ազատ արձակմանը։ Կամպալայում Չմիավորման շարժման 19-րդ նախարարական հանդիպման ժամանակ ունեցած ելույթում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։
«Հայաստանը շարունակաբար ընդգծել է, որ Պաղեստինի և Իսրայելի ժողովուրդների համար հարատև կայունություն, անվտանգություն, խաղաղություն և բարեկեցություն կարող է երաշխավորվել միայն երկու անկախ հարևան պետությունների գոյությամբ, որտեղ բոլորը կօգտվեն խաղաղ համակեցության առավելություններից:
Առաջնորդվելով այս գաղափարով և լինելով երկու պետություն սկզբունքի վաղեմի աջակից՝ Հայաստանը 2024թ. հունիսին ճանաչել է Պաղեստինի Պետությունը, իսկ այնուհետև՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում, հաստատել է դիվանագիտական հարաբերություններ: Հայաստանն ակտիվորեն մասնակցել է Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի համանախագահությամբ կազմակերպված Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորման և երկու պետություն սկզբունքի իրագործման հարցով միջազգային բարձրաստիճան համաժողովին և սատարել դրա եզրափակիչ փաստաթուղթը՝ Նյու Յորքի հռչակագիրը:
Մենք ողջունում ենք Գազայում հրադադարի վերաբերյալ համաձայնությունը՝ ուղղված մարդասիրական օգնության անխափան մատակարարման ապահովմանը և պատանդների ազատ արձակմանը: Եվ որ ամենակարևորն է` բանակցությունները պետք է շարունակեն լինել միակ գործնական ուղին՝ Մերձավոր Արևելքում երկու պետություն սկզբունքի հիման վրա արժանապատիվ և հարատև խաղաղության հասնելու համար»,- նշել է ՀՀ ԱԳ փոխնախարարը: