Ինչո՞ւ ՌԴ-ն փակեց Լարսի անցակետը. Քաղաքական պատժամիջո՞ց, թե՞ սանիտարահիգիենիկ խնդիրներ

Հայաստանից Ռուսաստան տարատեսակ ապրանքներ արտահանող և ներկրող բեռնատարներն արդեն 5-րդ օրն է՝ Լարսի անցակետի հերթերում են. Հայաստան-Ռուսաստան միակ ցամաքային ճանապարհը, որն անցնում է Լարսով, պարզապես փակ է: Հյուսիսային Օսիայի երթևեկության կառավարման կենտրոնի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Վերին Լարսի ճանապարհով երթևեկության թույլտվության է սպասում 3146 բեռնատար ավտոմեքենա:

ՌԴ անասնաբուժական ու սանիտարահիգիենիկ հսկողության ծառայությունը մտահոգություն է հայտնել ՀՀ-ից բուսական արտադրանքի մատակարարման ժամանակ հաճախակի դարձած խախտումների կապակցությամբ, ինչով էլ պայմանավորված են ՀՀ-ից որոշ ապրանքների մատակարարման հետ կապված խնդիրները։ Ինչպես նշված է ծառայության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, 2023թ. «Ռոսսելխոզնադզորի» տարածքային վարչությունների կողմից հայտնաբերվել է ՀՀ-ից ստացված ծաղկային և պտուղ-բանջարեղենային արտադրանքներում կարանտինային վնասակար օրգանիզմների առկայության 72 դեպք: Ընդ որում, նոյեմբերին արձանագրվել է խախտումների կտրուկ աճ։

«Միայն նոյեմբերի 24-26-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է վարակված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի, տանձի ներկրման 36 փաստ, որոնք ստացվել են ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրերի ուղեկցությամբ: Բուսական արտադրանքում հայտնաբերվել են ԵԱՏՄ անդամ երկրների համար կարանտինային օբյեկտներ՝ արևելյան ցեց (Grapholita molesta (Busck), պեպինոյի խճանկարային վիրուս (Pepino mosaic virus), լոլիկի, մրգերի շագանակագույն կնճռոտման վիրուս (Tomato brown rugose fruit virus), արևմտյան ծաղկային տրիպս (Frankliniella occidentalis Pergand)»,- հայտնել են «Ռոսսելխոզնադզորից»:

Բացի այդ, հաղորդվում է, որ նոյեմբերին Հայաստանից ներմուծված լոլիկի, ելակի, խնձորի և խաղողի մեջ պեստիցիդների մնացորդային պարունակության առավելագույն թույլատրելի մակարդակը գերազանցելու 5 դեպք է արձանագրվել, ինչը կարող է վկայել արտադրողների կողմից պեստիցիդների կիրառման կանոնակարգերի խախտման մասին: «Նշվածը վկայում է ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողության նվազման մասին և սպառնալիք է ստեղծում ՌԴ-ի բուսասանիտարական բարեկեցության համար»,- հայտնել են «Ռոսսելխոզնադզորից»՝ ընդգծելով, որ բոլոր խախտումների մասին տեղեկացվել է Հայաստանի իրավասու գերատեսչությանը, սակայն իրականացված հետաքննությունների մասին տեղեկատվություն ծառայությունը մինչ օրս չի ստացել:

Կարդացեք նաև

«Հաշվի առնելով այս իրավիճակը՝ «Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստան՝ խնդրելով անհապաղ սպառիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստան վարակված արտադրանքի ուղարկումը կանխելու համար և ռուսական գերատեսչությանը տեղեկացնել այդ մասով իրականացված աշխատանքների մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես հայտնի է, Ռուսաստանը բազմաթիվ լծակներ ունի իր գործընկերների և հատկապես Հայաստանի հետ հարաբերություններում, և քաղաքական խնդիրների դեպքում տնտեսական, էներգետիկ միջոցներ է կիրառում նրանց դեմ։ 168am-ը վերլուծաբանների հետ քննարկեց՝ արդյո՞ք սա այդ դեպքն է։

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ սա առաջին դեպքը չէ, որ անցակետում խնդիրներ են առաջանում, որոնք պատահում են թե եղանակային խնդիրների, թե Վրաստանի ու Հայաստանի հետ քաղաքական կամ զուտ սանիտարահիգիենիկ խնդիրների պարագայում։

Ըստ նրա, երկկողմ հարաբերություններում ամեն ոլորտում կա քաղաքական մեծ ազդեցություն։ «Ի վերջո, հարաբերությունների այն խորությունը, որը կա երկու երկրների միջև շատ ոլորտներում, ձևավորվել է հարաբերություններում քաղաքական վստահության պայմաններում։ Բնականաբար, երբ այդ վստահությունը խախտվում է, երբ հարաբերություններում կան լուրջ քաղաքական խնդիրներ, դրանք տարածվում են մյուս բոլոր ոլորտների վրա։ Չի կարող, չէ՞, Հայաստանի և Ռուսաստանի միջև լինեն քաղաքական խնդիրներ, քաղաքական երկխոսության բացակայություն մի շարք առանցքային ուղղություններով, սակայն խորը տնտեսական ու էներգետիկ ինտեգրացիա, արտոնություններ Հայաստանի համար։ Այս դեպքում կդժվարանամ ասել, թե խոսքը ոլորտային խնդիրների՞, թե՞ հենց քաղաքական խնդիրների մասին է, այնուամենայնիվ, չի բացառվում քաղաքական պատճառն այս ամենում»,- ասաց Լուկիանովը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանը ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ է, որոնց շնորհիվ բազմաթիվ ոլորտներում արտոնություններ է ստացել, այդ թվում՝ գազի արտոնյալ գին։

Նա նշեց, որ երկկողմ խնդիրները չեն կարող չանդրադառնալ այս ասպեկտներում հարաբերությունների վրա, քանի որ վճռորոշը քաղաքական հարաբերություններն են։ «Իսկ հայ-ռուսական հարաբերություններում առաջացել են մի շարք լուրջ օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ, կոշտ հռետորաբանություն երևի թե հանուն նրա, որպեսզի ՀՀ-ն ստանա Արևմուտքի համակրանքը։ Իսկ ՌԴ-ն, հաշվի առնելով այն քաղաքական բոյկոտը, որը կա Հայաստանից, ըստ էության, լուրջ որևէ միջոցով չի պատասխանում, փորձում է սպասել հետագա զարգացումներին և գլոբալ խնդիրների լուծմանը»,- ասաց նա։

Իր հերթին՝ վրացի վերլուծաբան Սոսո Ցինցաձեն ասաց, որ խոսքը միմիայն քաղաքական ճնշման փորձի մասին է, որին ՌԴ-ն սովոր է։ «Ինչո՞ւ է իր գործընկերների հետ ՌԴ-ն նման կերպ վարվում, փորձում ազդեցություն ստանալ, որպեսզի այդ լծակների միջոցով իր գործընկեր երկրներին դարձնի իր քաղաքական պատանդը։ Սա նորություն չէ Ռուսաստանի դեպքում, ՌԴ-ն ներթափանցում է էներգետիկ, ենթակառուցվածքային, տնտեսական ոլորտներ, որպեսզի երկրների ռուսական ուղեծիրն անշրջելի դարձնի։ Կարծում եմ՝ գործ ունենք բացառապես քաղաքական պատճառներ ունեցող գործընթացի հետ։ Ինչո՞ւ են նման մասշտաբի խնդիրներ ծագել հենց հիմա, սովորաբար շատ հազվադեպ են պատահում որակի հետ կապված խնդիրներ այս բեռնափոխադրումների հարցում։ Իհարկե, այս գործելակերպը կարող է ընդլայնվել, եթե հայ-ռուսական հարաբերությունները ներկայիս տեմպով շարունակվեն, և Հայաստանը չկտրվի Արևմուտքից»,- ասաց նա։

Արևմուտքը, նրա խոսքով, երբ որևէ երկրի ինչ-որ արևմտյան հեռանկար է առաջարկում, հատկապես Հայաստանի նման երկրներին, պետք է հաշվարկի այն վնասները, որոնք կարող են լինել, ուստի հարկավոր է համապատասխան քայլեր Արևմուտքի կողմից՝ չեզոքացնելու համար մյուս կողմից ստեղծվող խնդիրները։ «Տնտեսությունը, Հայաստանի նման երկրի դեպքում, որն ունի փակ երկու սահման, չունի բնական ռեսուրսներ, ունի մի շարք ոլորտներում սերտ կապեր Ռուսաստանի հետ և ինչ-որ առումով կախվածություն, չափազանց կարևոր է քաղաքական որոշումներ կայացնելիս, սրանք փոխկապակցված են։ Հենց այդ պատճառով հարկավոր են բավականին ծավալուն ներդրումներ ԵՄ-ից, աջակցություն տնտեսական բարեփոխումներին և անվտանգության ամրապնդմանը։ ՌԴ-ի կողմից, բնականաբար, պետք է սպասել Հայաստանի վեկտորի փոփոխության գործընթացի դեմ գործողություններ»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս