
Թրամփի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ կմեղմի հակառուսական միտումները Հայաստանում և Ադրբեջանում

Երկար դադարից հետո ՌԴ-ԱՄՆ ղեկավարների՝ Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը, ԱՄՆ փոխնախագահի մյունխենյան պատմական ելույթը, Թրամփ-Պուտին բանակցությունների սպասումը Սաուդիան Արաբիայում, Թրամփի աշխարհաքաղաքական մոտեցումները՝ հատկապես ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ աշխարհաքաղաքական առանցքային փոփոխություններ և վերադիրքավորումներ են խոստանում։
Հաշվի առնելով այն, թե ինչ քաղաքականություն է փորձում որդեգրել ԱՄՆ նոր վարչակազմը Ռուսաստանի, ԵՄ-ի, Չինաստանի, Իրանի, Իսրայելի ուղղությամբ, կարող ենք արձանագրել, որ դրանք էապես տարբերվում են նախորդ՝ Բայդենի վարչակազմի մոտեցումներից։
Ի տարբերություն Բայդենի, Թրամփի վարչակազմը մտադիր է ոչ թե փակուղի մտցնել Ռուսաստանին, մեկուսացնել, պարտության մատնել ու «ջախջախել»՝ որպես հակառակորդ, այլ՝ ճանաչելով ՌԴ դերը, բանակցել, դադարեցնել պատերազմը՝ զուգահեռաբար փորձելով նաև իր պայմանները թելադրել և ընդունել, որ բանակցությունները հեշտ չեն լինելու։
Ակնհայտորեն Ռուսաստանն ԱՄՆ-ի համար այլևս գլխավոր սպառնալիք չէ, Թրամփն ընդունում ու հաշվի է առնում Ռուսաստանի՝ Պուտինի մոտեցումներն Ուկրաինայի և նոր աշխարհակարգի հարցում՝ շոկի ենթարկելով եվրոպական գործընկերներին, Թրամփի վարչակազմը կարևորում է Ռուսաստանի մոտեցումները, ինչն էլ էապես բարձրացնում է վերջին տարիներին Պուտինի համաշխարհային թատերաբեմում զգալիորեն նվազած հեղինակությունը և դիրքերը։ Սա իր հերթին ուղիղ անդրադառնալու է Հարավային Կովկասում Հայաստանի ու Ադրբեջանի հակառուսական միտումների և տրամադրությունների վրա։
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը նախ անդրադարձավ ռուս-ամերիկյան ներկայիս օրակարգին, ինչպես նաև դրա ազդեցությանն այլ ռեգիոններում գրանցվող միտումների վրա։
Վերլուծաբանը գտնում է, որ վերջին երկու շաբաթների ընթացքում ռուս-ամերիկյան հարաբերություններում գրանցված նորությունները, հատկապես՝ ԵՄ երկրների և եվրոպական մայրցամաքի երկրների համար, աննախադեպ էին, քանի որ հստակ բացահայտվեց, որ ամերիկյան վարչակազմը լիովին հրաժարվում է Բայդենի արտաքին քաղաքականությունից, որից կախված էր ուկրաինական ելքը, ԵՄ-ն և մի շարք այլ երկրներ։
«Այս վարչակազմը նախընտրեց բանակցել, վերադառնալ ադեկվատ դիրքորոշման՝ բանակցելով հակամարտության այն կողմի հետ, որից կախված է հակամարտության ելքը»,- նկատեց Լուկիանովը։
Նրա խոսքով, այս պահին կարելի է միայն արձանագրել, որ կողմերը կբանակցեն, և ընդհանուր առմամբ ընդունում, ճանաչում են միմյանց մոտեցումները, որը կարծես արձանագրվել էր Պուտին-Թրամփ զրույցի ընթացքում։
«Բնականաբար, առաջին հեռախոսազրույցը սիրալիր էր, հեշտ, դրական, սակայն, իմ գնահատմամբ, բանակցություններն այդպիսին չեն լինելու։ Թրամփի հետ բանակցելն ամենևին էլ հեշտ չի լինելու, որովհետև նա անսպասելի և ուղիղ կերպար է, ինչը բնորոշ չէ վերջին տասնամյակների արևմտյան քաղաքականությանը։ Սա նշանակում է, որ ռուսական կողմը բանակցություններում պետք է համապատասխանի իր պատրաստվածությամբ և խնդիրները բարձրացնելու հմտություններով։ Տեսնում ենք, որ Թրամփի համար հասկանալի չէ, թե ինչու է ԱՄՆ-ը նման ձևով ներքաշվել Ուկրաինայի պատերազմում և ինչու են նման նպատակներ դրվել։ Ներկայումս Թրամփը նպատակ ունի կարգավորել այս թեման առանց իր համար բացասական հետևանքների։ Բայց այստեղ նրա համար կարևոր է լինելու ցույց տալ իր բանակցային բացառիկ ունակություններն ու կարողությունները»,- ասաց վերլուծաբանը։
Նա գտնում է, որ կան դրական սպասումներ, բայց երբեք հնարավոր չէ կանխատեսել բանակցությունների ընթացքը։
«Բանակցությունների չեղարկմամբ՝ չեմ բացառում և՛ դրական, և՛ բացասական ելք, եթե կողմերը չհասկանան միմյանց։ Տեսնում ենք, որ բանակցություններին ընդառաջ՝ կան որոշ ամերիկյան վերջնագրեր՝ ուղղված Ռուսաստանին, սա թույլ է տալիս ենթադրել, որ ամեն բան այնքան հեշտ չէ, որքան կարող է մեզ թվալ, ուստի այստեղ կան վտանգներ։ Եթե բանակցությունները վատ սցենարով զարգանան, արդեն գործ կունենան այլ զարգացումների հետ, որոնք դեռ բարդ է պատկերացնել, քանի որ հասկանալի չեն այն ճնշումները, որոնք կարող է նախաձեռնել Թրամփի վարչակազմը»,- նկատեց նա։
Լուկիանովը բացատրեց, որ սա մի փուլ է, երբ անընդհատ նոր դիրքորոշումներ ու իրավիճակներ են բացահայտվելու։
«Շատ բարդ է կանխատեսում անել, քանի որ այն, ինչ ներկայումս իրականացնում է Թրամփի վարչակազմը, դուր չի գալիս Զելենսկիին, Եվրոպային և ԱՄՆ-ում քաղաքական մյուս ուժին՝ դեմոկրատներին, այստեղից հնարավոր են ճնշումներ այս վարչակազմի նկատմամբ ու պետք է հասկանալ, թե որքանով նրանք կդիմակայեն այդ ամենին։ Սրանք բոլորը դեռ անպատասխան հարցեր են»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա, քաղաքագետի կարծիքով, այս ամենը չի կարող չանդրադառնալ այս ռեգիոնում Ռուսաստանի ուղղությամբ տրամադրությունների և քաղաքականության վրա։
Լուկիանովի կարծիքով, հակառուսական տրամադրությունները և Ռուսաստանի հետ խնդիրների ծավալը կպակասի։
«Որոշ օբյեկտիվ և ոչ օբյեկտիվ պատճառներից ելնելով՝ Ադրբեջանում կա հակառուսական արշավ, Հայաստանում՝ ևս, հայ-ռուսական հարաբերություններում վաղուց կան խնդիրներ, հայ-ռուսական հարաբերությունները, ադրբեջանա-ռուսական հարաբերությունները վատթարացել են, ՌԴ դերը ռեգիոնում շատ է տուժել, ներկայությունը՝ պակասել։ Կարծում եմ՝ այս փուլում որոշակի դադարի ականատես կդառնանք, իսկ բանակցություններից հետո՝ կախված դրանց դրական արդյունքներից, այդ տրամադրություններն էապես կթուլանան, քանի որ ՌԴ-ն, իր դերը վերականգնելու համար, ավելի անկաշկանդ կզբաղվի ուկրաինական հակամարտությանն ինչ-որ լուծում տալուց հետո։ Ակնհայտորեն Ռուսաստանի հարաբերությունները շատ երկրների հետ պայմանավորված էին ՌԴ դիրքերով աշխարհաքաղաքական զարգացումներում»,- ասաց Լուկիանովը։
Նա գտնում է, որ այս և այլ ռեգիոններում ԱՄՆ նախկին վարչակազմի ակտիվությունը կփորձի ստանձնել Բրիտանիան։
«Կարծում եմ՝ պատահական չէր, երբ Բրիտանիայի վարչապետը ժամեր առաջ հայտարարեց, որ Ուկրաինայում բրիտանացի խաղաղապահների տեղակայման հնարավորություն կա։ Առաջ ընկնելով Թրամփ-Պուտին բանակցություններից, որոնցում դեռ եվրոպական երկրները չեն մասնակցելու, Սթարմերը նշեց, որ Բրիտանիան պատրաստ է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալ։ Սա կարող է Թրամփի վարչակազմի համար ընդունելի լինել, քանի որ ամերիկացիներն իրենք դա չեն անի և իրենց մայրցամաքի անվտանգության ապահովման հարցում խոսում են եվրոպացիների դերակատարության աճի մասին։ Չի բացառվում, որ Բրիտանիան է՛լ ավելի ակտիվանա նաև Հարավային Կովկասում, թեև դրա համար դեռ իրատեսական հիմքեր չկան, սակայն չի բացառվում։ Այնուամենայնիվ այդ ռեգիոնում ևս միտումները կփոխվեն»,- ասաց Լուկիանովը։