Ո՞ւմ շահերն է սպասարկում հայ-թուրքական առևտուրը

Նիկոլ Փաշինյանի Թուրքիա կատարած այցի ու Թուրքիայի նախագահի հետ հանդիպման մանրամասներն իշխանությունները շարունակում են գաղտնի պահել հանրությունից, չնայած դրա հետ կապված տարբեր տեղեկություններ շրջանառվում են։ Թվում էր, թե այցի արդյունքներով, գոնե ձևի համար, պիտի հայտարարվեր հայ-թուրքական ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բացելու մասին, բայց դա էլ տեղի չունեցավ։ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների այս վաղեմի երազանքն էլ փորներումը մնաց։

Թուրքիան մեկ անգամ ևս ցույց տվեց, որ առանց եղբայրական Ադրբեջանի պահանջները լիարժեք բավարարելու՝ չի պատրաստվում ոչ մի ընդառաջ քայլ կատարել, անգամ Հայաստանի իշխանությունների այսքան նվաստացումներից ու զիջումներից հետո։

Երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցողների համար հայ-թուրքական ցամաքային սահմանի բացումը, եթե նույնիսկ տեղի ունենար, երկու երկրների հարաբերություններում էական առաջընթաց դժվար կլիներ անվանել։ Բայց անգամ այդպիսի փոքր ժեստ Թուրքիան չի ուզում անել Նիկոլ Փաշինյանի համար։ Ու դա բոլորովին էլ զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ առանց այդպիսի ժեստերի էլ՝ Հայաստանի իշխանությունները պատրաստ են ցանկացած զիջումների։

Երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցողների համար հայ-թուրքական ցամաքային սահմանի բացման մասին հայտարարվել է տարիներ առաջ։ Ժամանակին հավաստիացնում էին, թե 2023թ. կեսին սահմանը կբացվի։ Դրա համար անգամ հրատապ գնումներ կատարեցին, միլիոնավոր դոլարներ ծախսեցին Մարգարայի անցակետը կառուցել-վերակառուցելու համար։

Կարդացեք նաև

Բայց ինչպես տեսնում ենք, 2 տարի հետո էլ սահմանն անգամ մասնակի բացված չէ։ Իշխանությունների քթից բռնած՝ ինչպես ուզում, այնպես ֆռռացնում են։ Միլիոններ ծախսեցին անցակետը վերականգնելու, կահավորելու համար, ու հիմա այն անիմաստ մաշվում է։

Սահմանն այդպես էլ չբացվեց, որքան էլ Հայաստանի իշխանությունները պատրաստ են ցանկացած զիջման գնով օր առաջ այն բացել, որպեսզի իրականացնեն իրենց վաղեմի երազանքը՝ առևտուր անեն թուրքերի հետ։ Թուրքերի հետ առևտուր, իհարկե, այսօր էլ իրականացվում է, բայց միջնորդավորված։ Փակ սահմանի պայմաններում թուրքական ապրանքները միակողմանի հոսում են Հայաստան։ Այնինչ՝ հայկական ապրանքները շարունակում են իսպառ բացակայել թուրքական շուկայում։

Այն բանից հետո, երբ թուրքական ապրանքների ներմուծման վրա կիրառված արգելանքը հանեցին, Թուրքիայից ներկրումները նոր թափով սկսեցին իրականացվել։

Մի պահ, երբ հայրենասիրություն էին խաղում ու արգելանք էին դրել որոշ ապրանքների վրա, ներմուծման ծավալներն էապես կրճատվեցին։ 2021թ. դրանք իջան վերջին տասնամյակի համար պատմական մինիմումի՝ կազմեցին ընդամենը 73 մլն դոլար։ Բայց արգելանքը հանելուց հետո  նոր թափով լցվեցին Հայաստան։

Վերջին 2 տարիներին արդեն հասել են ռեկորդային չափերի։ Միջինը տարեկան 336-337 մլն դոլարի թուրքական ապրանքներ են մտնում հայկական շուկա։

Մինչև էմբարգոյի կիրառումը տարեկան առավելագույնը 260-270 մլն դոլարի սահմաններում էին։

Էմբարգոյի վերացումից հետո, 2-3 տարում արդեն 4,6 անգամով ավելացել են։ Կարճ ժամանակում ոչ միայն հասցրեցին ամբողջությամբ վերականգնվել, այլև հարմարավետ տեղավորվում են հայկական շուկայում։

Թուրքական ապրանքների ակտիվ ներմուծումը Հայաստան այսօր էլ շարունակվում է։ Այս տարվա առաջին 4 ամիսներին ծավալներն արդեն անցել են 100 մլն դոլարից։

Թուրքիայից ներմուծվող ապրանքների տեսականին բավական բազմազան է։ Դրանց թվում այնպիսի ապրանքներ են, ինչպիսին են՝ հագուստը, գործվածքները, տրիկոտաժը, լվացող-մաքրող միջոցները, տեխնիկան, նավթամթերքը, շինարարական տարբեր ապրանքները, նույնիսկ սնունդը։

Մինչդեռ՝ Հայաստանից Թուրքիա այս տարի ընդամենը 89 հազար դոլարի ապրանք է գնացել։

Սա նույնիսկ արտահանում դժվար է համարել։ Որքան շատ են իշխանությունները ձգտում մերձենալ թուրքերի հետ և առևտուր անել, այնքան հայկական ապրանքների մուտքը թուրքական շուկա կրճատվում է։

Անցած տարվա նույն ժամանակահատվածում էլ մեծ չէր՝ ընդամենը 202 հազար դոլար, որն այս տարի ավելի քան 2 անգամով կրճատվել է։ Թեև, եթե անգամ պահպանվեին նախորդ տարվա ծավալները, լուրջ չէր լինի դրանց մասին խոսելը։ Թուրքիա, կարելի է ասել, արտահանումներ չեն իրականացվում։ Բացառություն է եղել միայն 2022թ., երբ Հայաստանից ոսկու հումք էր գնում։ Արդյունքում՝ այդ տարի արտահանումը հասավ ընդհուպ 61 մլն դոլարի։ Բայց ամեն ինչ դրանով ավարտվեց։ Հաջորդ տարիներին կրկին վերադարձանք նախկին չնչին մակարդակներին։

Անցած ամբողջ տարվա ընթացքում Հայաստանից արտահանումը նույնիսկ կես միլիոն դոլարի չհասավ։

Այնպես է ստացվել, որ թուրքական ներմուծումները տասնյակ ու հարյուրավոր անգամներով գերազանցում են հայկական արտահանումներին։

Գործ ունենք բացահայտ միակողմանի առևտրի հետ, որը բխում է բացառապես Թուրքիայի շահերից։ Ու հիմա Հայաստանի իշխանությունները համառորեն առաջ են մղում այդ շահը։ Ոչ մի հիմք չկա, որ հայ-թուրքական սահմանի բացումից հետո հայկական ապրանքները «ողողելու» են թուրքական շուկան։ Այն տեմպերով, ինչ տեմպերով տնտեսություն են «զարգացնում», այդ տեմպերով էլ հայկական ապրանքները կկարողանան տեղավորվել թուրքական շուկայում։

Այսքան տարի ոչինչ չեն արել արտադրական հզորություններ ստեղծելու համար, ձեռքները ծալած նստել են ու դեռ ուզում են Թուրքիայի հետ օր առաջ սահման բացել, որ առևտուր անեն։ Թեպետ լավ գիտեն, որ այդ առևտուրը չի լինելու ի շահ Հայաստանի տնտեսության։ Գուցե լինի ի շահ որոշ իշխանական օլիգարխների, բայց ոչ Հայաստանի տնտեսության։

Միամտություն է կարծել, որ երբևէ Թուրքիան շահագրգռված է լինելու, որպեսզի Հայաստանում տնտեսություն զարգանա, մի բան էլ հայկական ապրանքները գնան թուրքական շուկա։ Անգամ հարաբերությունների ամբողջական հաստատումը չի կարող հիմք լինել, որ Թուրքիան իր շուկան լիարժեք բացելու է հայկական ապրանքների առաջ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս