Այդ «սլիվներն արժանահավատ չեն. Փաշինյանն օգտվում է թուրք-ադրբեջանական պնդումներից, դրանք ընկալում՝ ի գիտություն. Գառնիկ Դավթյան

«SIL0VIKI» տելեգրամյան հարթակը տեղադրել էր փաստաթուղթ, որն, ըստ նրանց,  կազմել է ԱՄՆ Պետքարտուղարությունը, և քննարկվել է սեպտեմբերի 27-ին կայացած եռակողմ հանդիպման ընթացքում: Խոսքը վերաբերում է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջերս ԱՄՆ կատարած այցի շրջանակներում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ Տանը տեղի ունեցած Արմեն Գրիգորյանի և ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպմանը։

Կողմերը պարտավորվել են կատարել փաստաթղթում տեղ գտած 6 կետերը, որոնք չեն բխում ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի շահերից, ավելին, ըստ այդ փաստաթղթի՝ Հայաստանի իշխանությունն Արցախը ճանաչում է  Ադրբեջանի կազմում։

Ըստ փաստաթղթում ներառված երրորդ կետի՝  «Ադրբեջանի կառավարությունը կառաջադրի ներկայացուցչի, ով կաշխատի Լեռնային Ղարաբաղի հայ էթնիկ համայնքի կողմից նշանակված ներկայացուցչի հետ՝ քննարկումներ անցկացնելու Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և անվտանգության վերաբերյալ: Ներկայացուցիչները կապահովեն թափանցիկություն միջազգային հանրությանը իրենց քննարկումների վերաբերյալ:

Կողմերը կշարունակեն վերանայել միջազգային դիտորդի դերը՝ չհակասելով Ադրբեջանի ինքնիշխանությանը, վստահություն ապահովելու Լեռնային Ղարաբաղում փոքրամասնությունների խմբերի պաշտպանության վերաբերյալ»,- նշված է փաստաթղթում, որի օրիգինալ տարբերակը նույնպես հրապարակվել է:

Կարդացեք նաև

168.amի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը խոսելով հրապարակված փաստաթղթից, նշեց՝ նման տեղեկատվական հոսքին չի կարող վստահել, հաշվի առնելով այն ապատեղեկատվությունը և տեղեկատվական «սլիվները», որոնք իբր թե բացահայտում են ինչ-ինչ հարաբերություններ, որոնք իրականում միտված են երկրում տեղեկատվական քաոսն ավելի խորացնելու համար։

«Բացի այդ, այս ամենը նաև նպատակ է հետապնդում, որպեսզի այն մարդիկ, որոնք նպատակ ունեն համախմբվելու Հայաստանի փրկության շուրջ կամ Նիկոլին հեռացնելու հարցի շուրջ, նրանց մոտ էլ տեղեկատվական վակուում  առաջանա։

Համոզված եմ՝ բոլոր այն տեղեկատվական «սլիվները», որոնք լինում են, դրանց հիմքում ընկած են ներհայաստանյան քննարկումները, ընդդիմության և բազմաթիվ փորձագետների այն հայտարարությունները, որոնք պարբերաբար բարձրաձայնում են Հայաստանի իշխանությունների գաղտնի պայմանավորվածությունները Ադրբեջանի հետ։ Քանի որ Հայաստանի իշխանությունն իր հասարակությանը չի տրամադրում պատշաճ տեղեկատվություն, Ադրբեջանն առիթն օգտագործում է և օրակարգ է թելադրել։

Հայաստանի իշխանությունն ավելի շատ սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը՝ մի կողմ դնելով բոլոր այն վերապահումները, որոնք արել են նախկին ղեկավարները։ Նիկոլ Փաշինյանն օգտվում է թուրք-ադրբեջանական պնդումներից, որոնք արվել են վերջին տասնամյակների ընթացքում, դրանք իր կողմից ընկալվում են ի գիտություն կամ ճշմարտություն»,- նշեց Գառնիկ Դավթյանը։

Անդրադառնալով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի վերջին հարցազրույցին, որտեղ նա ասում է, որ Հայաստանն այլևս ռեսուրս չունի Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար, և հարցին, թե այս մեսիջն ո՞ւմ էր ուղղված, Գառնիկ Դավթյանը պատասխանեց՝  հենվելով իշխանության ներկայացուցիչների այս և նմանատիպ այլ հայտարարությունների վրա, հստակ կարելի է ասել, որ 2021 թվականի իշխանության նախընտրական ծրագիրը եղել է մանիպուլյացիա ու խաբեություն՝ ուղղված իրենց ընտրողներին և ոչ ընտրողներին։

«Եթե 2020 թվականից հետո Հայաստանն այլևս նման ռեսուրս չուներ, ապա ինչո՞ւ էին Արցախի ինքնորոշման իրավունքը՝ որպես  կարևոր դրույթ, ներառում իրենց քաղաքական ծրագրում։ Ստացվում է, որ իրենց ամբողջ ժողովրդին խաբել են իշխանությունը զավթելու համար։ Պնդումները, որոնք անում է իշխանությունը, թե իբր ռեսուրս չկա Արցախին պաշտպանելու համար, այդպես չէ, իշխանությունը երեսպաշտ ստախոս է, ինչն անում են իրենց աթոռը պահելու համար։ Հայաստանն ունի բոլոր հնարավորություններն Արցախին պաշտպանելու համար, այլ հարց է, որ այդ հնարավորությունները չեն օգտագործվում, մասնավորապես՝ Իրանի հետ հարաբերությունները խորացնել, Հայաստան-Չինաստան, Հայաստան-Հնդկաստան հարաբերություններում հստակ քայլեր անել։

Կրկնում եմ՝ ՔՊ-ականների բոլոր հայտարարությունները նպատակ ունեն ծառայելու թուրքական շահին, ինչը ենթադրում է Հայաստանի պետականության կորուստ։ Նրանց այդ պնդումների հիմքում չկա որևէ տրամաբանություն»,- հավելեց փորձագետը։

Նույն  համատեքստում Գառնիկ Դավթյանը նաև անդրադարձավ մեկ այլ իշխանական պատգամավորի հայտարարությանը, թե Գորիս-Կապան ճանապարհը ՀՀ սահմանների մեջ չի մտնում, ընդգծելով՝ փաստ է, որ Հայաստանի իշխանությունը ոչնչացրել է երկրի ողջ արտաքին քաղաքականությունը։ Իսկ նման հայտարարությունները, բնականաբար, վատ են անդրադառնալու Հայաստանի վրա, անկախ այն հանգամանքից, թե ով կլինի իշխանությունը։

«Մինչև նմանատիպ հայտարարությունները մաքրվեն Հայաստանի վրայից, բավականին  երկար ժամանակ կպահանջվի։ Իշխանության կողմից արված նման հայտարարություններն Ադրբեջանին լայն հնարավորություն են տալիս իրենց տարածքային ամբողջականության վերաբերյալ բազմաթիվ պահանջներ դնել Հայաստանի առջև, խոսել գյուղերի, այլ տարածքների ու բարձունքների մասին։ Համոզված եմ՝ նմանատիպ բոլոր հայտարարություններն ունեն քաղաքական պատվեր, դրանք ուղղակի հայտարարություն չեն անում, և այն տարածքները, որոնք իրենք բանավոր պայմանավորվածությամբ հանձնել են Ադրբեջանին, հենց այնպես չեն վերադարձվելու»,- եզրափակեց Գառնիկ Դավթյանը։

Տեսանյութեր

Լրահոս