Վարչապետին հղած մեկ նամակ և «պատռված» լուսանկարներ

Եգիպտական Շարմ Էլ Շեյխում ԱՄՆ նախագահի հրավիրած խաղաղության կոնֆերանսին Հայաստանի վարչապետի մասնակցությունից հետո իշխանական և մերձիշխանական քարոզչությունն ակտիվորեն տարածում է տարբեր առաջնորդների, այդ թվում՝ Թրամփի հետ Նիկոլ Փաշինյանի շփման լուսանկարները, դրանք հանրությանը մատուցելով միջազգային հարաբերությունների հեղինակության ու քաղաքական արդյունավետության կոնտեքստում: Սա, իհարկե, զարմանալի չէ, բնորոշ է ցանկացած իշխանության վարքագծի:

Զարմանալի է, օրինակ, այն, որ Հայաստանում գրեթե ոչ մի արձագանքի չարժանացավ մեկ այլ բան, որ մատուցվեց հանրությանը, իհարկե, ոչ լուսանկարի, այլ նամակի տեսքով:

ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը խորհրդարանի ամբիոնից մի քանի օր առաջ ներկայացրեց Արաբական Միացյալ Էմիրությունների հեղինակավոր ավիաընկերություններից մեկի՝ «Էյր Արաբիայի» ղեկավարի նամակը Հայաստանի վարչապետին: Այդ նամակում, ոչ ավել և ոչ պակաս՝ միջազգային հեղինակավոր ընկերության ղեկավարը դե ֆակտո մեղադրում էր Նիկոլ Փաշինյանին ներդրումային ծրագրերի վերաբերյալ խոստումներն ու պայմանավորվածությունները չկատարելու, այլ կերպ ասած՝ խախտելու համար:

Աննա Գրիգորյանն ԱԺ-ում անդրադարձել էր «Ֆլայ Առնա» ավիաընկերության ձևավորմանը, որի համար 4.5 մլրդ դրամ հատկացվեց պետական բյուջեից, մինչդեռ հիմա ավիաընկերությունը չկա, իսկ փոխարենը՝ կա հայց Հայաստանի դեմ։

Կարդացեք նաև

Գրիգորյանը ներկայացրեց հիմնավորումներ, թե ինչու է այդ պրոյեկտի ձախողման պատասխանատուն հենց Փաշինյանը, նա ներկայացրեց «Air Arabia» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրենի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակից մի հատված, որտեղ նա մասնավորապես անդրադարձել էր 2023 թվականի ապրիլին իրենց վերջին հանդիպմանը և դրանց արդյունքներով՝ 2023թ. հունիսին Փաշինյանին հասցագրված նամակին, որը նա բնութագրել է՝ որպես երկու երկրների միջև անարդյունք երկխոսության շարունակություն։

«Այն շարունակությունն էր Հայաստանում «Ֆլայ Առնայի» առջև ծառացած էական մարտահրավերների առնչությամբ։ Կարծում եմ՝ կարևոր է ընդգծել, որ վերջիններս վատթարագույն ազդեցությունն են ունենում «Ֆլայ Առնայի», այլև Հայաստանում բազավորված ցանկացած այլ ավիաընկերության համար։ Հետևապես՝ խնդիրների արմատական կարգավորումը կենսական նշանակություն է ունենալու առհասարակ Հայաստանի ավիացիոն ոլորտի և հայկական ավիացիայի համար։ Խնդրահարույց գործոնները մեկ անգամ ևս ամփոփելու նպատակով արձանագրենք, որ դրանք ներառում են նախապես «Air Arabia»-ին խոստացված, բայց այդպես էլ չիրականացված պահանջները»,- ասված էր նամակում։

Որևէ հանրության համար, որևէ հասարակական-քաղաքական ադեկվատ միջավայրի համար տպավորություն գործողը պետք է լինի այդ նամակը, այլ ոչ թե որևէ լուսանկար: Որովհետև այդ նամակն է գործնական իրողության արտացոլումը, այլ ոչ թե ծովափնյա հանգստավայրում անցկացվող միջազգային արարողակարգային միջոցառման լուսանկարները: Միջոցառում, որն այլ բան չէր, քան ԱՄՆ նախագահ Թրամփի «խաղաղասեր» իմիջի ամրապնդման մի քարոզչական գործողություն:

Այդօրինակ միջոցառումները չեն միջազգային հարաբերությունը: Միջազգային հարաբերությունը ձևավորվում է տնտեսական շահերի գերակայությամբ, իսկ տնտեսական շահերի կրողները միջազգային հեղինակավոր ընկերություններն են, որոնց թվում առաջատարների շարքում են այսօր նաև հենց էմիրաթական ընկերությունները: Դրանց ներդրումներն իրենց երկրներ ներգրավելու համար մրցակցում են տարբեր առաջատար պետություններ, անգամ նույն Միացյալ Նահանգները:

Էմիրությունները միլիարդավոր դոլարների ներդրում է իրականացնում Ադրբեջանում: Ամիսներ առաջ մի քանի միլիարդ դոլարի ներդրման համաձայնագիր է ստորագրվել Վրաստանի հետ: Իսկ Հայաստանի առնչությամբ, էմիրաթական հեղինակավոր ընկերության ղեկավարն անմիջապես վարչապետին ուղղված նամակում խոսում է այն մասին, որ Հայաստանի կառավարությունը չի կատարել պայմանավորվածություններն ու խոստումները, որ եղել են ներդրումային ծրագրով:

Եթե Հայաստանի վարչապետը փորձում է իր իմիջը բարձրացնել Շարմ Էլ Շեյխի կամ որևէ այլ միջազգային միջոցառմանն արված լուսանկարով՝ դրանք, ըստ էության, փորձելով վաճառել էլեկտորատի վրա, ապա հանրությանը, էլեկտորատին պետք է բացատրել շատ պարզ բաներ: Պետք է բացատրել, որ միջազգային ասպարեզում հեղինակություն, իմիջ, գործընկերային վարկանիշ ձևավորվում է ոչ թե արարողակարգային միջոցառումների ժպիտներով, այլ համաշխարհային տնտեսության խոշոր դերակատարների ռեկոմենդացիաներով:

Հետևաբար՝ պետության հաջողությունը կախված չէ արարողակարգի ընթացքում արված լուսանկարներից կամ տեսագրություններից, արարողակարգային շփումներից ու ժպիտներից, այլ կախված է այդ խոշոր տնտեսական դերակատարների հետ ունեցած հարաբերության արդյունավետությունից, գործընկերային պարտաճանաչությունից, կախված է նրանց հետո ձեռք բերած պայմանավորվածությունների կատարման պաատասխանատվության աստիճանից:

Ըստ այդմ, Հայաստանի վարչապետին նրանցից մեկի գրած մեկ նամակը՝ խոստումների ու պայմանավորվածությունների հանդեպ կառավարության անպատասխանատվության մասին, Հայաստանի միջազգային իմիջի առումով դե ֆակտո պատռում է այդ կառավարության ղեկավարի կամ այլ ներկայացուցիչների միջազգային լուսանկարների մի քանի ալբոմ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս