
Այսօր Հայաստանի առաջնահերթ խնդիրն է՝ վերադարձնել պետության ինստիտուցիոնալ հավասարակշռությունը և վերակենդանացնել հանրային վստահությունը. Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Հայաստանում ձևավորվել է մի սոցիալ-քաղաքական իրականություն, որը քաղաքագիտական դասակարգմամբ կարելի է բնութագրել որպես սառը քաղաքացիական պատերազմ։ Սա այն փուլն է, երբ հասարակությունը փաստացի բաժանված է հակադիր ճամբարների, պետական ինստիտուտները կորցրել են իրենց չեզոքությունը, իսկ իշխանությունն իր գոյությունը հիմնավորում է պառակտման և հակադրության միջոցով։
Ֆիզիկական բախումները դեռ չեն հասել զանգվածային մակարդակի, սակայն քաղաքական և հոգեբանական մթնոլորտը արդեն բնութագրվում է որպես ներքին հակամարտության նախնական փուլ: Սառը քաղաքացիական պատերազմի հիմքը ինստիտուցիոնալ անկայունությունն է։ Հայաստանի դեպքում այն դրսևորվում է հետևյալ կերպ․
• Իրավական համակարգի քաղաքականացում․ դատավորներն ու քննիչները հաճախ գործում են ոչ թե օրենքի, այլ քաղաքական ուղղության շահերից ելնելով։
• Իշխանության ճյուղերի խեղված հավասարակշռություն․ օրենսդիրն ու գործադիրը գործնականում նույն կենտրոնի վերահսկողության տակ են, ինչը վերացնում է իշխանությունների տարանջատման սկզբունքը։
• Տեղական ինքնակառավարման ճնշում․ ընդդիմադիր համայնքապետերի և անկախ կառույցների նկատմամբ քրեական և վարչական գործեր՝ որպես քաղաքական վերահսկողության միջոց։
Այս ամենը վկայում է, որ պետական ինստիտուտները դադարել են ծառայել ամբողջ հանրությանը և դարձել են իշխող համակարգի անվտանգային հենարան: Սառը քաղաքացիական պատերազմը առայժմ զինվում է ոչ թե զենքով, այլ բառերով չնայած դատելով երկրում կրիմինոգեն իրավիճակի աճից որոշ դեպքերում նաև զենքով:
Հայաստանում տեղեկատվական դաշտը վերածվել է հանրային գիտակցության վերահսկման բիրտ հարթակի․
• պետական և իշխանամետ մեդիաներ մանիպուլյացիոն օրակարգով բաժանում են հասարակությանը՝ ըստ պիտակների՝ «ժողովուրդ» և «հակապետական», «ռևանշիստ»:
• ընդդիմադիր կամ քննադատական հարթակները ներկայացվում են որպես վտանգ ազգային անվտանգության համար,
• ձևավորվել է վախի մշակույթ, երբ քաղաքացու ինքնարտահայտումը սահմանափակվում է քաղաքական պատժի ենթագիտակցական սպասումով։
Այս մանիպուլյացիոն մեխանիզմը թույլ է տալիս իշխանությանը պահել վերահսկողություն առանց բաց բռնության՝ ստեղծելով հոգեբանական ճնշման ռեժիմ, որին հետևում հասարակության պառակտումը:
Քաղաքագիտական տեսանկյունից պառակտումը դառնում է համակարգային, երբ․
1. քաղաքական մրցակցությունը վերածվում է գոյության պայքարի,
2. հասարակական երկխոսությունը փոխարինվում է փոխադարձ պիտակավորմամբ, հայհոյանքով, ատելությամբ
3. հանրային վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ վերանում է և իշպանությունը իր հեևից ուզում քաշել դեպի անդունդ ազգային ինստիտուտները( ՀԱՍԵ, Գիտութունների Ազգային ակադեմիա և այլն):
Հայաստանում այս երեք բաղադրիչները լիովին առկա են։ Հասարակությունը դադարել է լինել միասնական քաղաքական սուբյեկտ՝ վերածվելով հակադիր բևեռների միջակայքում կորսված զանգվածի։
Այդ պատճառով երկրում իշխանության փոփոխությունը այլևս չի ընկալվում որպես նորմալ ժողովրդավարական պրոցես, այլ՝ որպես ռիսկ՝ «իշխանության կորստի» կամ «վերադարձի» վտանգ։
Գալիս է անխուսափելի սառից տաքի անցման փուլի ռիսկը:
Պատմական և քաղաքագիտական դիտարկումները ցույց են տալիս, որ սառը քաղաքացիական պատերազմները երբեք երկար չեն պահպանվում։
Երբ ինստիտուցիոնալ վստահությունը վերանում է, իսկ սոցիալական լարվածությունը խորանում, համակարգը անցնում է կամ՝
•բռնի ռեժիմի հաստատման,կամ՝
•ներքին պայթյունի՝ զանգվածային բողոքի և բախումների տեսքով։
Հայաստանի ներկա միտումները ցույց են տալիս հենց այդ ուղղությունը ուր առկա է վստահության լիակատար կորուստ, սոցիալական բևեռացում, իշխանության կողմից քաղաքական հակառակորդների դեմ ռեպրեսիվ գործիքների կիրառություն և հանրային զսպանակի լարում։
Այս իրավիճակը չի կարող մնալ «սառը»։
Երբ պետությունը դիտում է իր քաղաքացիներին որպես սպառնալիք, իսկ քաղաքացին՝ պետությանը որպես վտանգ, սառը պատերազմը անխուսափելիորեն տաքանում է։
Ելքը՝ Ինստիտուցիոնալ Հայաստանի մոդելին վերադառնալն է Հայաստանի Երրորդ Հանրապետության անբեկանելի պահպանման, ամրացման միջոցով:
Այսօր Հայաստանի առաջնահերթ խնդիրն է՝ վերադարձնել պետության ինստիտուցիոնալ հավասարակշռությունը և վերակենդանացնել հանրային վստահությունը։ Առանց դրա ցանկացած քաղաքական խոստում դատապարտված է ձախողման։
Համերաշխությունը չի կարող կառուցվել մանիպուլյացիայի կամ վախի վրա․ այն կարող է ծնվել միայն պետական չեզոքության, ազատ խոսքի և փոխադարձ հարգանքի վերականգնման արդյունքում։ Եթե այս վերականգնումը չսկսվի հիմա, ապա Հայաստանը սահում է դեպի մի փուլ, որտեղ սառը պատերազմը կդառնա տաք, իսկ իշխանության պահպանումը՝ հասարակության կործանում»: