
Արցախի հարցում զիջումները բերել են Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ նպատակների սրացմանը․ Տաթևիկ Հայրապետյան

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հերթական առաջարկներն է հնչեցրել «խաղաղության պայմանագրի» ստորագրման համատեքստում։
Հիշեցնելով, որ Ադրբեջանը համաձայնագրի ստորագրումը պաշտոնական մակարդակով կապում է երկու հարցի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարում և Սահմանադրության փոփոխություն, Նիկոլ Փաշինյանը, օրինակ, նշել է․ «մենք Ադրբեջանին առաջարկում ենք Խաղաղության համաձայնագիրը և ՄԽ կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ–ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ»։
Ադրբեջանական հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի համոզմամբ, Ադրբեջանն այս արհեստական խոչընդոտներն առաջ է քաշում, որովհետև ուղղակի չի ցանկանում ստորագրել «խաղաղության պայմանագիրը»․ Ալիևին բավականին ձեռնտու խաղ է միակողմանի զիջումներով առաջ գնալու առկա վիճակը։
«Փաստերը գալիս են ցույց տալու, որ ամեն անգամ, երբ հայկական կողմը գնում է միակողմանի զիջումների (իսկ համաձայնագրի տեքստի համաձայնեցում տեղի է ունեցել բացառապես հայկական կողմի միակողմանի զիջումների շնորհիվ), Ադրբեջանը դառնում է ավելի ագրեսիվ ու վտանգավոր,- 168.am-ի հետ զրույցում նշեց Տաթևիկ Հայրապետյանը՝ հիշեցնելով,- Մարտի 13-ին ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որ փաստաթուղթը համաձայնեցված է, պատրաստ է ստորագրման, ու այդ օրվանից Ադրբեջանը տարածել է 20-ից ավելի ապատեղեկատվական հաղորդագրություն, ավելին՝ հայկական կողմը՝ հանձին ՊՆ-ի, Ադրբեջանի կողմից փաստական, իրական կրակոցները փորձում է ներկայացնել՝ որպես անհասցե ու ոչ թիրախային։
Մինչդեռ իրավիճակը ցույց է տալիս, որ Ադրբեջանը մեծ շահագրգռվածություն ունի ընդհանուր լարվածության գնալու առումով, այլ բան, որ այստեղ կան տարածաշրջանային ու տարածաշրջանից դուրս խաղացողներ, որոնց դիրքորոշումների արդյունքում Ադրբեջանը չի ցանկանում գնալ իր ցանկալի՝ ռազմական սցենարով»։
Անդրադառնալով ԼՂ հակամարտության էջը փակելու մասին տարատեսակ հայտարարություններին՝ ադրբեջանագետը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի ողջ քաղաքականությունն է՝ ցույց տալ, թե իբր միայն Արցախի հետ է կապված խնդիրը, և եթե չլինի Արցախը, չլինի Արցախի հայերի իրավունքների բարձրաձայնման հարցը, ապա Ադրբեջանը մի հիասքանչ, խաղաղասեր ու բարի պետություն է։
«Իսկ իրողությունները հակառակի մասին են վկայում․ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության տարածքն «Արևմտյան Ադրբեջան» սկսել է կոչել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց անմիջապես հետո,- շեշտեց փորձագետը՝ նկատելով, որ ուսումնասիրել ու պարզել է՝ մինչ այս հայտարարությունները միայն Հեյդար Ալիևն է հեռավոր 1998-99-ական թվականներին և միայն մեկ անգամ այդ ձևակերպումն արել,- Արցախի հարցում զիջումները, Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը բերել է ՀՀ նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ նպատակների սրացմանը և ցուցադրմանը, ուստի անընդհատ դիպվածային քննարկել, թե Ադրբեջանը կստորագրի, թե ոչ․․․
Իհարկե չի ստորագրի․ այս պահի դրությամբ ոչ մի շահագրգռվածություն չունի Ադրբեջանը։ Եթե Ալիևը գործընթացի արդյունքում շահում է մաքսիմալ արդյունք, ապա ո՞րն է նպատակը, որ ինքը պետք է դրա դիմաց ինչ-որ բան տա։ Նա մաքսիմալը ստանում է Փաշինյանից՝ առանց դրա դիմաց որևէ բան տալու, ինչը շատ ձեռնտու խաղ է Բաքվի համար»։
Տաթևիկ Հայրապետյանն առկա վիճակի մեղքը Արցախի ու արցախցիների վրա գցողներին, մեր ու ձեր անող հանրային շրջանակներին հորդորեց չզբաղվել դեմագոգիայով և վերադառնալ փաստերի հարթակ։
«Խոսելով չի։ Իհարկե, Ադրբեջանը միշտ Հայաստանի նկատմամբ ունեցել է տարածքային հավակնություններ, բայց Ադրբեջանի քաղաքական պետական համակարգում կոնցեպտուալ զավթողական ծրագիր ներդրվել է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո։ Մինչ այդ թիրախն Արցախն էր, իսկ հիմա, երբ Արցախի շուրջ որևէ քաղաքական ու դիվանագիտական խնդիր դրված չէ, թիրախը Հայաստանն է։
Ներհանրային ատելությանը, բաժանումները բացառապես Ադրբեջանի շահերից են բխում․ իրենց կարծիքով՝ պետք է ստեղծել այնպիսի իրավիճակ, պայմաններ, որ Արցախի հայերը չմնան Հայաստանում, որպեսզի հետագայում հավաքական իրավունքների մասին չխոսեն։ Բոլորն էլ հասկանում են, որ իշխանությունն ինչ-որ պահի փոխվելու է․ բարեբախտաբար, Նիկոլ Փաշինյանը հավերժական չէ»,- ամփոփեց ադրբեջանագետը։