Բաժիններ՝

Ասադին վերադարձնելու համար ՌԴ-ի հետ կոնֆլիկտի մեջ մտնելը հենց հիմա չափազանց թանկ կնստի Սիրիայի վրա․ Ահմեդ ալ-Շարաա

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան նախագահ դառնալուց ի վեր CBS News-ին տված իր առաջին ամերիկյան հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ նշել է, որ կարևոր է, որ ազատագրման ժամանակաշրջանը մարդկանց նոր հույս տա վերադարձի և վերականգնման համար։

«Մոտ 13 միլիոն սիրիացի՝ բնակչության կեսը, ներքին տեղահանվածներ են կամ ապրում են արտասահմանում՝ որպես փախստականներ: Ավելի քան կես միլիոն մարդ մահացել է գրեթե 14 տարվա քաղաքացիական պատերազմի ընթացքում», – նշել է ալ-Շարաան։

Նա հավելել է, որ կան սերունդներ, որոնք հսկայական հոգեբանական տրավմա են կրել և «հետևաբար, շատ կարևոր է, որ ազատագրման ժամանակաշրջանը մարդկանց նոր հույս տա վերադարձի և վերականգնման համար»։

CBS News-ի հաղորդավարն անդրադարձել է նաև ՌԴ-ի կողմից Բաշար ալ-Ասադին ապաստան տալուն։ Հարցին ի պատասխան՝ ալ-Շարաան նշել է, որ իր կառավարությունը կօգտագործի բոլոր հնարավոր իրավական միջոցները՝ պահանջելու, որ Ասադը պատասխանատվության ենթարկվի:

«Այնուամենայնիվ, Ռուսաստանի հետ կոնֆլիկտի մեջ մտնելը հենց հիմա չափազանց թանկ կնստի Սիրիայի վրա: Դա նաև չի բխում երկրի շահերից», – ասել է Սիրիայի նախագահը։

Հաղորդավարի հարցին՝ ինչպիսի կառավարություն է ալ-Շարաան ցանկանում տեսնել Սիրիայում, և արդյոք այնտեղ ժողովրդավարություն կլինի, նախագահն ասել է, որ երկրում համընդհանուր ընտրություններ կանցկացվեն, երբ ենթակառուցվածքները վերականգնվեն, և երբ բնակչությունն ունենա անձնագրեր ու համապատասխան փաստաթղթեր։

Ալ-Շարաան հավելել է, որ երկիրը վերականգնելու համար կպահանջվի 600-ից 900 միլիարդ դոլար, և դա կպահանջի միջազգային հանրության օգնությունը։

«Աշխարհը 14 տարի շարունակ հետևում էր այս ողբերգությանը և ոչինչ չէր կարողանում անել այս զանգվածային հանցագործությունը կանխելու համար։ Հետևաբար, այսօր աշխարհը պետք է աջակցություն ցուցաբերի Սիրիային։ Յուրաքանչյուր ոք, ով կխոչընդոտի Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը, այս հանցագործությունը կատարողների հանցակիցն է», – նշել է Սիրիայի ղեկավարը։

ABC Media

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս