«Ալիևն իրոք վախենալու տեղ ունի, որովհետև շատ լավ հասկանում է՝ չի կարող ներազդել ընդդիմադիր ուժերի վրա». Արմինե Ադիբեկյան
«Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա», «Հայաստանը մոտ է խաղաղության պայմանագրի 5 հիմնարար սկզբունքի ընդունմանը», «Բաքվին պետք են կայուն երաշխիքներ, որ Հայաստանում ռևանշիզմի փորձեր չեն լինի». սրանք «Խաղաղության օրակարգի» հերթական միզանսցենի մասին երկու կողմերի հայտարարություններն են:
168.am–ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը, անդրադառնալով ռևանշի մասին Բաքվի բռնապետի հայտարարություններին, վստահեցրեց. «Ալիևն իրոք վախենալու տեղ ունի, որովհետև շատ լավ հասկանում է՝ չի կարող ներազդել ընդդիմադիր ուժերի վրա, և փորձում է Փաշինյանի ձեռքերով խեղդել այն ուժերը, որոնք վտանգում են իր նվաճումները: Նա, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, իդեալական ղեկավար է գտել, որը պատրաստակամ կատարում է ցանկացած պատվեր. որպես օրինակ՝ կարող եմ բերել Ալիևին սարսափ ներշնչող անձանց ձերբակալումներն ու նրանց հանդեպ քրեական գործերի հարուցումը՝ ինչպես Արմեն Աշոտյանի, Գրիգորի Խաչատուրովի դեպքում, նաև Վովա Վարդանովի «ՈՄԱ»-ն են փորձում փակել»:
Արմինե Ադիբեկյանը չի բացառում, որ ադրբեջանական կողմը ներկայացրել է այն մարդկանց ցուցակը, որոնք Ալիևի տեսանկյունից վտանգում են նրա նվաճումների ամրապնդումը, ու նրանց մեկուսացնելով՝ Փաշինյանն անկաշկանդ կշարունակի ոչնչացնել Հայաստանն աշխարհի քաղաքական քարտեզից:
Խաղաղության օրակարգերին անդրադառնալով՝ Ադրբեջանի հարցերով փորձագետն արձանագրեց՝ «խաղաղությունն» Ադրբեջանի համար Հայաստանի վերացումն է, ու պատահական չէ, որ պետական մակարդակով այդ երկրում Հայաստանն անվանում են Արևմտյան Ադրբեջան:
Այս համատեքստում 5 հիմնարար սկզբունքների մասին Արմինե Ադիբեկյանը հիշեցրեց իր դիտարկումները դրանց ոչ պաշտոնական էության մասին.
«Արցախը ճանաչելը՝ որպես Ադրբեջանի մաս, անկլավների վերադարձ, Զանգեզուրի միջանցք, 300 հազար ադրբեջանցիների վերադարձ և նրանց անվտանգության ապահովումն Ադրբեջանի կողմից: Սա նշանակում է, որ սպառնալիքի դեպքում Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահելու ներխուժել ՀՀ տարածք:
Ի դեպ, անկլավների վերադարձ, ադրբեջանցիների վերադարձ թեզի շուրջ խոսք չկա Ադրբեջանից վտարված հայ բնակչության մասին, իսկ Արծվաշեն հայկական էքսկլավն առհասարակ մատնված է մոռացության»:
Թե ինչո՞ւ հենց այս փուլում Ալիևը որոշեց գնալ արտահերթ նախագահական ընտրությունների՝ մեր հարցին ի պատասխան՝ մասնագետը պարզաբանեց.
«Ալիևը գտնվում է իր հաջողությունենրի պիկին, սակայն վստահ չէ՝ ինչ կլինի մեկ տարի հետո: Նա փորձում է ևս մեկ անգամ դառնալ նախագահ՝ ունենալով համապատասխան հաջողությունների ֆոն: Նա գուցե 2025 թվականին իր համար տհաճ զարգացումներ է ակնկալում և այդ կերպ փորձում է կանխել դրանք:
Իրականում, Ալիևն անցյալ անգամ ևս արտահերթով էր եկել իշխանության, որ անխոչընդոտ մեկնարկի պատերազմը, որի ավարտը նրա համար հայտնի չէր. եթե պարտվեր պատերազմում, մյուս տարի չէր ընտրվի: Այդ կերպ նա իրեն ապահովեց ևս 7 տարվա իշխանություն, որ կարողանա գործը հասցնել ավարտին: Այս անգամ նա էլի ունի ծրագրեր, որոնք կարող են հանրությանը դուր չգալ, և փորձում է այդ կերպ իրեն ևս 7 տարի ապահովագրել»:
Հստակեցմանը, թե արդյոք նմանատիպ մտավախություններ ունի՞ նաև Նիկոլ Փաշինյանը, քանի որ արտահերթ ընտրությունների թեզն է այսօր շրջանառվում, Արմինե Ադիբեկյանն արձագանքեց հաստատումով, ապա նկատեց.
«Մեր պարագայում մեխանիզմը մի քիչ այլ է՝ մենք ընտրելու ենք ոչ թե Փաշինյանին, այլ նրան մեծամասամբ ծառայող ԱԺ-ին, որն արդեն կընտրի կամ չի ընտրի Նիկոլ Փաշինյանին: Այսինքն՝ այդ ընտրությունները Փաշինյանի համար միանշանակ ավարտ գուցե չունենան»:
Փորձագետը թեև վստահ չէ Նիկոլ Փաշինյանի հաղթանակի հարցում, սակայն դեռևս նախադրյալներ չի տեսնում նրա պարտության համար՝ հնարավոր համարելով այն, որ ադմինիստրատիվ ռեսուրսի պարագայում՝ իշխանությունները կկարողանան կեղծել ընտրությունները:
«Այս երկրում ընտրություններով երբեք իշխանութուն չի փոխվել. իշխանությունը փոխվել է կամ բռնի ուժով, ինչն արեց Փաշինյանը՝ ապօրինի կերպով զավթելով իշխանությունը, կամ՝ երբ հնարավոր ժամկետներն անցել են, և տեղի է ունեցել իշխանության փոփոխություն»,- ամփոփեց նա:
Նշենք՝ Ադրբեջանում այս օրերին նախագահական ընտրություններ անցկացնելու Ալիևի մտադրության մասին տարբեր տեսակետներ են շրջանառվում: Եթե ընդդիմադիր շրջանակները սա համարում են երկրի ղեկավարի կողմից հետագա գործընթացների հանդեպ անվստահության, տնտեսական ու սոցիալական բացասական միտումների հետևանք, ապա իշխանական շրջանակները սա համարում են անհրաժեշտություն՝ ելնելով առկա նոր իրողություններից:
Ադրբեջանում վերջին նախագահական ընտրությունները կայացել են 2018 թվականի ապրիլի 11-ին։ Օրենսդրության համաձայն՝ հաջորդ նախագահական ընտրությունները պետք է անցկացվեին 2025 թվականին։ 2016 թվականին Ադրբեջանի Սահմանադրության վերջին փոփոխությամբ նախագահի պաշտոնավարման ժամկետը 7 տարի է. նախկինում այդ ժամկետը 5 տարի էր։