
Ո՞ր դեպքում 44-օրյայի զեկույցը ժամկետից շուտ կարող է գաղտնազերծվել

2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը, ըստ շրջանառվող տեղեկությունների, ստացել է գաղտնիության «Հույժ գաղտնի» աստիճան:
168.am-ի տեղեկություններով, գաղտնիության «Հույժ գաղտնի» աստիճան էր տրվել նաև 2016 թվականի Ապրիլյան մարտական գործողություններն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցին:
«Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը սահմանում է.
«1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները, գաղտնագրման պահից (տեղեկությունները գաղտնագրելուց) սկսած, որպես գաղտնիք պահպանվում են՝
1) գաղտնիության «Հատուկ կարևորության» աստիճան ունեցող տեղեկությունները՝ 40 տարի,
2) գաղտնիության «Հույժ գաղտնի» աստիճան ունեցող տեղեկությունները՝ 30 տարի,
3) գաղտնիության «Գաղտնի» աստիճան ունեցող տեղեկությունները՝ 20 տարի։
2. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձինք պարտավոր են ոչ ուշ, քան հինգ տարին մեկ անգամ վերանայել պետական մարմիններում գործող գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերում ընդգրկված տեղեկությունների հիմնավորվածությունը այդ տեղեկություններին նախկինում տրված գաղտնիության աստիճանների համապատասխանությունը պարզելու համար:
Նշված պաշտոնատար անձինք, ելնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման շահերից, իրավասու են երկարացնելու գաղտնագրված տեղեկությունների` որպես գաղտնիք պահպանության նախկինում սահմանված ժամկետները` յուրաքանչյուր անգամ մինչև հինգ տարի ժամկետով»:
Արդեն հաջորդ հոդվածում՝ 15-րդ, տրվում են պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների գաղտնազերծման և ոչնչացման հիմքերը:
Օրինակ, դրա համար հիմք կարող է ծառայել օբյեկտիվ հանգամանքների փոփոխությունը, որի հետևանքով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետագա պահպանությունը և պաշտպանությունը դառնում են ոչ նպատակահարմար: Կամ՝ գաղտնագրված տեղեկությունների պահպանության ժամկետը կարող է կրճատվել, և տեղեկությունները ժամկետից շուտ կարող են գաղտնազերծվել Կառավարության սահմանած կարգով:
Այսինքն, այն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քաղաքական այս կամ այն հանգամանքից ելնելով 44-օրյային առնչվող զեկույցը որոշեց, այսպես ասած, իրավատեխնիկական հիմնավորումներ բերելով՝ չներկայացնել անգամ ԱԺ լիագումար նիստում, չկատարվեց նաև թույլատրելի հատվածը բաց ֆորմատով հանրությանը ներկայացնելու խոստումը, դեռ ոչինչ չի նշանակում, հատկապես, երբ առջևում 2026 թվականի ԱԺ ընտրություններն են:
Իշխանափոխության դեպքում 44-օրյային առնչվող զեկույցը շատ հանգիստ կարող է ժամանակից շուտ գաղտնազերծվել, ըստ էության, դրա համար կարող են գտնվել օբյեկտիվ հանգամանքներ:
Այն հասարակությունը, ով զավակ, ծնող և ամուսին է ուղարկել պատերազմ, և բարոյական իրավունք ունի իմանալու՝ ինչո՞ւ հնարավոր չեղավ պահել Շուշին, ո՞վ է դրա պատասխանատուն, որտե՞ղ է թերացել ռազմական ղեկավարությունը, բանակը, հրամանատարությունը, որտե՞ղ՝ քաղաքական ղեկավարությունը, բուն մարտական գործողությունների ժամանակ որքա՞ն տարածք ենք կորցրել, արդյո՞ք հնարավոր էր ավելի քիչ զոհ ունենալ, արդյո՞ք հնարավոր էր հաղթել այս պատերազմում կամ առնվազն չպարտվել այս արդյունքով… այս կամ այն դրվագների հետ կապված՝ հանրությունը ևս որոշակի տեղեկություններ պիտի ունենա:
Ի դեպ, նշենք, որ վերջերս «Ֆակտորին» տված հարցազրույցում Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել էր, որ զեկույցը ժամկետանց կարելի է համարել, եթե այն ներկայացվի 2026 թվականի ընտրություններից հետո, չբացառելով, որ կարող է այլ ուժ գա իշխանության: