
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԻ «ԴԵՂԻՆ ՇԱՊԻԿԸ» ՓՈԽԱՆՑԵԼ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ. ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ՀՀԿ գրասենյակում պատասխանել է լրագրողների հարցերին ներքաղաքական զարգացումների վերաբերյալ:
- Նիկոլ Փաշինյանն ակնհայտ քարտ-բլանշ, ինդուլգենցիա է ստացել բոլոր մեղքերի համար՝ ներքին ռեպրեսիվ մեխանիզմը միացնելու, որովհետև շարժվում է ժամանակին ժողովրդավարության փարոս համարվող երկրների քմահաճույքներով:
- Նիկոլ Փաշինյանը զգում է քաղաքական վտանգներ, և դրանք միայն նախընտրական չեն ու կապված են նաև իմպիչմենտի հետ, և այդ բոլտերը ձգելու քաղաքականությունը նա իրականացնում է՝ նաև ելնելով իր վախերից:
- Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող դատաքննությունը ես շաղկապում եմ Արագածոտնի թեմի նկատմամբ իրականացվող ռեպրեսիաներով: Այդ ամբողջը մի կծիկ է: Սամվել Կարապետյանը, սրբազաններն ու քահանաները խղճի բանտարկյալներ են: Մեր երկրի խղճի բանտարկյալների թիվը լկտիության հակառեկորդ է: Այս իմաստով մենք անցանք նաև Ադրբեջանին:
- Կանանց նկատմամբ ռեպրեսիաները միայն քաղբանտարկյալ ունենալու հանգամանքով չէ պայմանավորված. Հիշե՛ք՝ ինչպես էին Եռաբլուրում քարշ տալիս զոհվածների ծնողներին:
- Առաջարկել եմ ստեղծել քաղբանտարկյալների իրավունքների համար պայքարող համակարգող մարմին՝ կազմված տարբեր քաղաքական ուժերից: Առանձին քաղաքական ուժեր կան, որ միայն իրենց թիմի քաղբանտարկյալներին են առաջ բրթում. հենց իրենց թիմից քաղբանտարկյալ չի լինում, մոռանում են, որ մյուս թիմերում լիքն են:
- Չէի ասի, որ մենք դիստանցավորվում ենք Սամվել Կարապետյանից կամ պասիվ ենք. հավաքներից մեկին ես էլ եմ ներկա եղել: Երեկ էլ, այսօր էլ մեր տասնյակ համակիրներ ու կուսակցության անդամներ այնտեղ են, մասնակցել ենք դատերին:
- Մենք՝ ինքներս, որպես կուսակցություն, հայտարարել ենք, որ չենք պատրաստվում ընտրություններին. Դրանք այս պահին մեր քաղաքական օրակարգում գոյություն չունեն: Մեզ համար քաղաքական պայքարի հիմնական գործիքն այս պահին անվստահություն հայտնելու գործընթացն է, բայց ես, բնականաբար, չեմ բացառում մեր մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին:
- «Մեր ձևով» շարժումը նոր քաղաքական ուժ է, և իրենց ակտիվությունն ինձ համար շատ բնական է: Նախընտրական դաշինքների գծով իրենց գնահատականը միակը չէր: Մինչ այդ Լևոն Զուրաբյանն ասաց: Մենք ոչ մեկի հետ չենք պատրաստվում ամուսնանալ: Նախընտրական դաշինքների թեման արհեստական թեմա է: Իրենք դաշտ են նետում, իրենք էլ՝ ժխտում: Ումի՞ց են լսել Աղվան Վարդանյանը կամ Լևոն Զուրաբյանը, որ հիմա էլ ժխտում են:
- Ուզում եմ անկեղծ շնորհավորել Սամվել Կարապետյանին և իր քաղաքական թիմին: Իրենց մոտ ստացվում է կայանալու պրոցեսը: Եվ այն փաստը, որ 2-րդ նախագահն ու իր քաղաքական թիմը конек էին սարքել, որ իրենք ընդդիմության դաշտի ամենալավն են, ամենաբոյովը, ամենամեծն ու ամենաչաղը, հիմա իրենց առաջնորդի շուրթերով ընդունում են, որ կա ընդդիմության այլ առաջնորդ, և սա կարևոր ձեռքբերում է:
- Սոցհարցումներին մենք ամենալուրջն ենք վերաբերվում: Մենք ծանոթ ենք 2021-ի այն սոցհարցումներին, որոնք ասում էին՝ «Մի՛ գնացեք ըմտրությունների, Նիկոլը կրելու է», այն հետազոտություններին, որոնք կանխատեսում էին Գյումրիի ընտրությունների արդյունքները: Ուրախ ենք, որ այդ գործիքն այլ քաղաքական ուժերի համար կարևոր գործիք է դառնում: Հուսով ենք, որ դա իրոք սոցիոլոգիա է, ոչ թե շեֆի աչքերի համար հաճելի հորոսկոպներ գրող ստեղծագործական թիմ:
- «Հայաստան» դաշինքը, այո՛, ակնհայտ է, որ իր ընդդիմադիր առաջնորդության «դեղին մայկան» պիտի հանի, լվա և փոխանցի Սամվել Կարապետյանին:
- «Հայաստան» դաշինքի որոշ պատգամավորներից, հատկապես՝ 2-րդ նախագահի շրջապատից, տպավորություն ունեմ, որ իրենք իրենց ստորագրությունը դրել են զուտ որոշ բերաններ փակելու համար, իսկ իրենց հիմնական դարդն ընտրություններին պատրաստվելն ու ընտրացուցակներում բարձր տեղ գրավելն է:
- ՀՀԿ-ն դեռ չի հայտարարել իր քաղաքական ամբիցիաների ու որոշումների մասին, բայց արդեն ունենք կայուն վարկանիշ: Պարզ է, չէ՞, որ հայտարարելու դեպքում մեր վարկանիշն աճ կունենա:
- Ես չեմ ուզում, որ մենք ապրենք դեժավյու. խնդրում եմ 2021-ից քաղել դասեր: Բոլորիս զգոնության կոչ եմ անում:
- Շարմ էլ Շեյխ գնացած տասնյակ-հազարավոր հայերից Նիկոլ Փաշինյանի այցն ամենախայտառակն էր: Խաղաղության վկայի կարգավիճակում Վաշինգտոնյան հանդիպմանը ներկա գտնված ԱՄՆ նախագահը տեղը չբերեց նրան: Դուք նման բան պատկերացնո՞ւմ եք: Նա խաղաղություն չի բերում, այլ ծախում է պատերազմի վտանգ:
- Նիկոլ Փաշինյանին սոլոյով չստացվեց հաղթել: 21 թիվը դա ապացուցեց: Չի ստացվելու հաղթել նաև դուետով, ինչպես կարծում է 2-րդ նախագահը: Կարելի է հաղթել տրիոյով, կվարտետով, կվինտետով: Չի կարելի պառակտել ընդդիմադիր դաշտն ավելին, քան այն պառակտված է նախ և առաջ՝ քաղաքական ամբիցիաների պատճառով:
- Եթե մեր ժողովրդի մի մասը պատրաստ է ավելի փոքր շանսով իր եկամուտն ապահովելու համար տրվել տարատեսակ էլեկտրոնային ավանտյուրաների, ապա ինչո՞ւ եք բացառում, որ մեր ժողովուրդն ավելի մեծ շանսով քաղաքական պրոցեսի մեջ չի ներգրավվելու: