
Սատանա կա քաղաքում

Երեկ իրավապահ մարմինները բերման են ենթարկել միանգամից մեկ տասնյակից ավելի հոգևորականների՝ եպիսկոպոսի, քահանաների, ինչպես նաև աշխարհիկ անձանց: Նրանց թվում կան ձերբակալվածներ, այդ թվում՝ Արագածոտնի թեմի առաջնորդը: Մի մասին կարող են առաջիկայում կալանավորել:
Ասել, որ իրադարձությունների նման ընթացքը սպասելի էր, նշանակում է՝ ոչինչ չասել: Վերջին անգամ ՔՊ-ի համագումարում Նիկոլ Փաշինյանը հստակ հայտարարել է, որ շարունակելու է Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավը՝ «եկեղեցին ազատագրելու» խոստումով:
Այդ հայտարարությունից հետո փաշինյանական դատարանները շարունակել են արդեն իսկ կալանավորված հոգևորականների դեմ խայտառակ գործերի քննությունը, իսկ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ արդեն իսկ 2.5 տարվա ազատազրկման որոշում է կայացվել:
Իշխանությունը, Փաշինյանն անձամբ չի թաքցրել Եկեղեցու դեմ իր մտադրությունները, ուղիղ ազդարարել է, որ ասպատակելու է Հայ Առաքելական եկեղեցին (ՀԱԵ)՝ հայկական տարբերանշաններով համազգեստներով ենիչերիների միջոցով:
Այսինքն՝ պատերազմ է հայտարարել Եկեղեցու դեմ և մինչև լայնածավալ հարձակումը գերեվարել է ամենաակտիվ երկու սրբազաններին: Ի՞նչ պատասխան քայլեր են արել այս ընթացքում ՀԱԵ-ն և նրա պաշտպանությամբ զբաղվող շրջանակները, բացի դատապարտող հայտարարություններից:
Գործնականում ոչ մի: Խնդիրն այն չէ, որ ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականները, Ամենայն Հայոց կաթողիկոսը պետք է բաց առճակատման մեջ մտնեին իշխանության հետ կամ իրենց խոսքն իջեցնեին Նիկոլ Փաշինյանի մակարդակին:
Բայց դա չի նշանակում նաև, թե Եկեղեցին ու նրան աջակցողները պետք է թույլ տային, որ սրբազանների դատավարությունները դառնային սովորական դատական գործեր՝ մի քանի հարյուր մարդու, նրանց թվում՝ ընդամենը մի քանի հոգևորականի հերթապահ ներկայությամբ, որն իշխանության կամակատար որևէ դատավորի համար զսպող նշանակություն չէր ունենալու և չունեցավ: Այն դեպքում, երբ այս ընթացքը կարող էր կանխվել միայն այնպիսի հանրային աջակցությամբ ու հրապարակային ընդվզմամբ, որ ցանկացած դատավոր իշխանության վճիռը դակելուց առաջ մտածեր վճռի հրապարակումից հետո փողոց դուրս գալու մասին:
Եկեղեցին՝ իր չափավոր դիրքորոշմամբ, նրան սատարող շրջանակները՝ հերթապահ սատարմամբ, հանձնեցին ամենաակտիվ սրբազաններին՝ ճանապարհ բացելով իշխանական հրոսակների առաջ՝ նորերին գերեվարելու ու եկեղեցու առումը մոտեցնելու համար:
Նիկոլ Փաշինյանն իր նոր սոցիալական ինժեներիան կառուցում է ավանդույթները, սովորույթները, տաբուները կազմաքանդելու սկզբունքի վրա: Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն և Փաշինյանը Հայ Առաքելական եկեղեցու և Վեհափառ Հայրապետի մասին խոսում են նույն բառապաշարով, նույն թեզերով: Ադրբեջանական մամուլը հրճվում է՝ Փաշինյանն ամեն ինչ իրենց սրտով է անում, նրանք տոնում են քահանաների «որսը» Հայաստանում:
Փաշինյանն անցնում է բոլոր կարմիր գծերը, հավերժական համարվող արգելքները, և ամեն նախորդ գիծն անպատիժ տրորելուց հետո՝ ավելի մեծ վստահությամբ է լցվում հաջորդ՝ ավելի մեծ տաբուն տրորելու հարցում: Եվ խնդիրը տվյալ դեպքում Եկեղեցուն կամ այլոց մեղադրելը չէ:
Պարզապես կարևոր է արձանագրել, որ իրական հակազդեցության բացակայությունն է սնուցում Նիկոլ Փաշինյանի (և փաշազադեների) բոլոր այլասերված ցանկություններն ու նպաստում դրանց իրականացմանը: Մոտ է այն սահմանագիծը, որն անցնելուց հետո արդեն անգամ հակազդեցությունը կարող է չկանգնեցնել նրան:
Հարություն Ավետիսյան