Թուրքիայի քաղաքացին հեռախոսից կախվածության պատճառով 3 տարի տնից դուրս չի եկել ու չի լողացել

Թուրքիայի Հաթայ նահանգում 23-ամյա Բարըշ Օզբայը հեռախոսից ու համակարգչից կախվածություն ունենալու պատճառով 3 տարի տնից դուրս չի եկել։ Նա ապրում է մոր հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նրանք կորցրել են իրենց տունը 2023-ի փետրվարի 6-ին Քահրամանմարաշում (պատմ․ Մարաշ) տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի ժամանակ։ Մայրը նշում է, որ երկրաշարժից հետո տղան կորցրել է ապրելու ու կյանքի իմաստը, դուրս է եկել համալսարանից և սկսել անընդհատ խաղալ համակարգչով ու բջջային հեռախոսով, ինչի հետևանքով կախվածություն է ձեռք բերել վիրտուալ աշխարհից։

Մոր խոսքով՝ որդին ունի նաև մաշկային հիվանդություն ու երեք տարի  լոգանք չի ընդունել, ոչ մի հետաքրքրություն չունի բացի հեռախոսից։ Նույնիսկ հաց ուտելիս և զուգարան գնալիս աչքը չի կտրում հեռախոսից։ Նույնիսկ չի ուզում բուժվել և դուրս գալ այդ վիճակից։

«Երկրաշարժից առաջ որդիս լավ էր, բայց երկրաշարժից հետո շատ փոխվեց։ Նա մեկուսացավ և ասաց, որ ուզում է մահանալ։ Ես նրան ասում եմ՝ լողացիր, իսկ նա ասում է, որ մահանալու է»,- պատմել է մայրը։

Իսկ որդին այդ ամենին այսպես է արձագանքել. «Ես երազանքներ չունեմ։ Ես չեմ ուզում, որ ինչ-որ բան պատահի։ Ես չեմ ուզում ապաքինվել կամ օգնություն խնդրել։ Ես չեմ ուզում դուրս գալ և ինչ-որ բան անել։ Ես կմնամ տանը։ Մի խոսքով, կյանքը կատարյալ չէ։

Մարդիկ ասում են, որ կյանքը գեղեցիկ է իր վերելքներով և վայրէջքներով, բայց ինձ համար դա ճիշտ հակառակն է։ Կյանքի վերելքներն ու վայրէջքները գեղեցիկ չեն, և ես դրանք չեմ ուզում»։

Տեսանյութեր

Լրահոս