
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները կքննարկեն անօդաչու սարքերի ներխուժման դեմ պայքարի տարբերակները

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները կհանդիպեն չորեքշաբթի՝ քննարկելու Եվրոպայի օդային տարածք անօդաչու սարքերի և ինքնաթիռների վերջին ներխուժումները․ գրում է Euronews-ը։
Դաշինքը նպատակ ունի ԵՄ-ի հետ ստեղծել «անօդաչու սարքերի պատ»՝ անդամ պետություններին պաշտպանելու համար:
Օրակարգի գլխավոր թեման ներխուժումներին լավագույնս արձագանքելու ծրագրի շուրջ դաշնակիցների միջև համաձայնության բացակայությունն է։ Այս ծրագրի որոշ մասեր, ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի, մշակվում են Եվրամիության հետ համագործակցությամբ։
Չորեքշաբթի առավոտյան՝ հանդիպման մեկնարկից առաջ, Ռյուտեն հայտարարել է, որ կողմերը միավորում են ուժերը՝ «անօդաչու սարքերի պատ» ստեղծելու նպատակով։ Նրա խոսքով՝ դաշինքներն ունեն տարբեր պարտականություններ. մինչ ՆԱՏՕ-ն պատասխանատու է ռազմական թևի համար, ԵՄ-ն տրամադրում է քաղաքական և ֆինանսական աջակցություն։