Հովակիմ Զաքարյան. «Այսօրվա վիճակը մրցանակներո՛վ չէ, որ պետք է փոխել, այլ գիտությամբ զբաղվելու համար համապատասխան պայմաններ, միջավայր ստեղծելո՛վ»

Հովակիմ Զաքարյանն ասպիրանտ է ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում, շուտով կավարտի թեկնածուական ատենախոսական աշխատանքը։ Մասնակցել է մի քանի տեղական և միջազգային գիտաժողովների և ամառային դպրոցների, օրինակ՝ FEBS Advanced lecture course «Host-pathogens interactions», համահեղինակ է 8 հոդվածների միջազգային պարբերականներում, միջինում՝ 6 համահեղինակով։ Բոլոր աշխատանքներում կա՛մ փորձը կատարել է իր ձեռքերով, կա՛մ վերլուծել ստացված արդյունքները, կա՛մ գրել հոդվածը, կամ էլ, որպես կանոն, բոլորը միասին։

Ստացել է մեկ դրամաշնորհ ANSEF-ից, սպասում է մեկ այլ դրամաշնորհային մրցույթի արդյունքների հրապարակմանը և պատրաստվում է մոտ ապագայում դիմել մի քանի այլ մրցույթների։ Կենսաքիմիկոսների եվրոպական միությունների ասոցիացիայի կողմից ստացել է կրթաթոշակ՝ արտասահմանում հետազոտություն կատարելու համար և, դրա շնորհիվ, մեկ ամիս աշխատել է Գերմանիայում, Էռլանգենի Մոլեկուլային և կլինիկական վիրուսաբանության ինստիտուտում. «Այն, ինչ ես այնտեղ սովորեցի մեկ ամսում, ես այստեղ չեմ սովորել այսքան տարիների ընթացքում։ Ո՛չ մի ընդհանրություն չկա մեր և այնտեղի պայմանների, մտածելակերպի և աշխատանքի միջև»։

Վերջին տարիներին մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում պետական և ոչ պետական կառույցների մոտեցումների ու գործողությունների մեջ դրական միտումներ չի տեսնում և վճռական «Ո՛չ» է ասում այն հարցադրմանը, թեարդյո՞ք երիտասարդ և ոչ երիտասարդ գիտնականի միակ գործը չպետք է լինի բացառապես գիտությամբ զբաղվելը, և արդյո՞ք գիտնականը չի դադարում գիտնական լինել այն պահին, երբ սկսում է մտածել իր գործով վաստակելու մասին. «Այո՛. դադարո՛ւմ է, եթե զբաղվում է իր գիտական արդյունքների առևտրայնացմամբ, եթե դա՛ ենք հասկանում՝ ասելով՝ վաստակել։ Եթե գիտնականն իր աշխատանքի դիմաց արժանի վարձատրվում է, ապա, որպես կանոն, առևտրայնացման մասին մտածելու պատճառ չի ունենում»։

Նախաձեռնո՛ղ, վճռակա՛ն, ուղղամի՛տ, ակտիվ` տարբեր իրական և վիրտուալ հարթակներում: Միշտ օպերատիվ արձագանքում է տարբեր իրավիճակներին՝ դիպուկ դիտարկումներով ու լավ տրամաբանված փաստարկներով՝ «խփելով ուղիղ նշանակետին», առանձնացնելով ամենաէական հանգամանքները։ Հաճախ է «նեղում» տարբեր պաշտոնյաների ու հասարակական դեմքերի՝ վերջիններիս համար «ամենաանհարմար», սակայն լավ գիտակցված ու գրագետ ձևակերպված հարցադրումներով։ Նախարար Աշոտյանի ֆեյսբուքյան էջում Հովակիմի մեկնաբանությունները միշտ հետաքրքրություն են առաջացնում, քանի որ վեր են հանում գիտության ու կրթության ոլորտի ամենացավոտ հարցերն ու խնդիրների ամենախորքային, ամենաորոշիչ կողմերը։

Կարդացեք նաև

Նվիրված է իր գործին, հետաքրքրվում է մեզանում գիտության կազմակերպման բոլոր հարցերով, նկատում է բոլոր թերությունները, ունի շատ առաջարկներ, թե ինչպես շտկել իրավիճակը։ Այն հարցին՝ ի վերջո, հայրենիքո՞ւմ է պատկերացնում իր ապագան, թե՞ արտասահմանում, պատասխանում է, որ կարևոր չի համարում, թե որ երկրում կշարունակի ուսումնասիրությունները, կարևորը՝ որ պայմաններ լինեն իր մասնագիտությամբ զբաղվելու համար, թեև ցանկալի կլինի՝ Հայաստանում։

– Ինչպե՞ս և ինչո՞ւ ընտրեցիք կենսաբանի մասնագիտությունը:

Մինչև կենսաբանությունը՝ որպես մասնագիտություն ընտրելը, մի քանի մասնագիտություն եմ փոխել մտովի: Ուզում էի լինել հնաբան, հետո՝ պատմաբան, հետո՝ լրագրող, մինչև որ 9-րդ դասարանում որոշեցի դառնալ գենետիկայի մասնագետ, ու այդպես էլ եղավ: Իսկ թե ինչո՞ւ հենց գենետիկան՝ չգիտեմ… միգուցե՝  քանի որ հետաքրքիր է՝ ուսումնասիրել այն միկրոաշխարհը, որը տեսանելի չէ, բայց որով պայմանավորված է ամեն ինչ կենդանական աշխարհում, որտեղ ամեն մի տեսակ, սկսած մարդուց՝ վերջացրած հողաթափիկ ինֆուզորիայով, բնության ստեղծագործություն է, և ինձ համար հետաքրքիր է ուսումնասիրել նրանց՝ հասկանալու համար, թե ինչպես է գործում բնությունը:

– Այժմ կոնկրետ ի՞նչ խնդիրների վրա եք աշխատում, ի՞նչ միջազգային գիտական համագործակցություններում է ընդգրկված Ձեր լաբորատորիան։

Ուսումնասիրում եմ խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի ազդեցությունը տեր օրգանիզմի, այսինքն՝ խոզերի իմունային համակարգի վրա։ Մեր կողմից առաջին անգամ նկարագրվել են իմունային համակարգի ախտածին բջիջներ, որոնք խոզերի մոտ առաջանում են միայն այս վիրուսով վարակի ժամանակ։ Քանի որ այս վիրուսով մենք զբաղվում ենք դեռևս չորս տարի, ապա հասցրել ենք տպագրել միայն 5 հոդված միջազգային պարբերականներում։ Ունենք հղումներ մեր աշխատանքների վրա այլ հոդվածներում` մեր գործընկերների կողմից (հիմնականում՝ Մեծ Բրիտանիայից)։ Այս պահի դրությամբ, մեր լաբորատորիան ընդգրկված չէ որևէ միջազգային ծրագրի մեջ։ Կոնկրետ մեր դեպքում սա բարդ խնդիր է, քանի որ ամբողջ աշխարհում խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսով զբաղվում է ընդամենը մոտ 10 լաբորատորիա, և խոշոր միջազգային ծրագրեր չկան, ինչպես, օրինակ, ՄԻԱՎ-ի դեպքում։

Աֆրիկյան ժանտախտով միայն խոզե՞րն են վարակվում: Ինչպե՞ս է արտահայտվում այդ հիվանդությունը։

Վայրի և ընտանի խոզերը, ինչպես նաև՝ տզերը, որոնք և այս հարուցիչի տարածողներն են։ Հիվանդության ընթացքը որոշ նմանություն ունի բոլորին հայտնի ՄԻԱՎ-ի հետ։ Այս դեպքում նույնպես ախտահարվում են իմունային համակարգի բջիջները, այդպիսով կենդանին զրկվում է բնական պաշտպանական մեխանիզմից։ Բայց եթե ՄԻԱՎ-ով վարակված մարդիկ կարող են տարիներ ապրել, ապա խոզերը մահանում են մի քանի օրվա ընթացքում՝ տարբեր օրգաններում առաջացող ուժեղ արյունահոսությունից։ Ցավոք սրտի, մինչև հիմա՝ այս վիրուսի նկատմամբ, ինչպես և ՄԻԱՎ-ի, վակցինա գոյություն չունի։

– Սիրո՞ւմ եք կենդանիներին:

– Երևի՝ այո։ Նրանց ամեն մի տեսակ բնության մի ստեղծագործություն է։

Ի՞նչ խնդիրներ կնշեք, որ խանգարում են Ձեր հետազոտություններին։

Հիմնական խնդիրը ֆինանսավորումն է։ Օրինակ, մեր հետազոտության առարկան արդիական է ՀՀ-ի համար, քանի որ 2008-ից վիրուսը կա նաև մեր երկրում, ինչի պատճառով արդեն հազարավոր խոզեր ոչնչացվել են։ Սակայն ոչ մի պետական աջակցություն, ուշադրություն նման արդիական հետազոտություններին չի հատկացվում։

Հովակիմ 1

Իսկ ինտեգրվելը միջազգային գիտական տարածքին չի՞ օգնի։

– Այս պահին մեր լաբորատորիայի՝ միջազգային գիտական հանրությանն ինտեգրվածության աստիճանը համարում եմ անբավարար, քանի որ այն կատարվում է հիմնականում հոդվածների և նամակագրության միջոցով։ Այնինչ, ինտեգրվածությունը կարող էր աճել, եթե լինեին համատեղ դրամաշնորհներ։ Պետք է խոշոր դրամաշնորհներ տրամադրել համատեղ հետազոտությունների համար արտասահմանյան այն լաբորատորիաների հետ, որոնք նույնպես զբաղվում են նմանատիպ խնդիրներով։ Կարծում եմ՝ ինտեգրվածության մեծացմանը կարելի է հասնել միայն համատեղ գիտական ծրագրերի իրականացման միջոցով, ինչը և անում են արտասահմանում։

– Իսկ համագործակցությունը տեղական խմբերի հե՞տ է: Արդյո՞ք ավելի սերտ համագործակցությունը հնարավորություն չի տա՝ ձեռնարկելու ավելի մեծ ծրագրեր։

Համաձայն եմ, բայց մեր շատ գիտնականների մոտ կա մի խնդիր. անձնական հարաբերություններն ու ամբիցիաները։ Բացի այդ, շատերը նախընտրում են ունեցած գործիքները փոշու մեջ պահել, քան տալ որևէ մեկին՝ գործածելու։

– Լավ, իսկ էլ ի՞նչ խնդիրներ կնշեիք։

Կարևորագույն հարց է ֆինանսների ոչ արդյունավետ բաշխումը՝ դրանից բխող բոլոր ենթախնդիրներով։ Լուծման ճանապարհն արդեն ասացի՝ դրամաշնորհների տրամադրում երիտասարդ գիտնականներին՝ թե՛ հետազոտություններ իրականացնելու համար, թե՛ նոր խմբեր և լաբորատորիաներ ստեղծելու նպատակով։ Դրամաշնորհները պետք է տրամադրվեն մրցակցային սկզբունքով, միջազգային փորձաքննության հիման վրա, և պետք է լինեն մեծ չափերի։

– Իսկ կոռուպցիա՞ն։

Բուն կոռուպցիան ուղիղ իմաստով՝ գիտական աշխարհում հազվադեպ երևույթ է, ես անձամբ դեռ չեմ էլ հանդիպել։ Հաճախ մենք շփոթում ենք հարցը գիտական շահագործման հետ, որն ամենուր է։ Ամբողջ աշխարհում ընդունված վիճակ է, երբ ասպիրանտը կամ PostDoc-ը կատարում է ամբողջ աշխատանքը, իսկ ամբողջ փառքը հասնում է ղեկավարին։ Այդ թվում և՝ մրցանակներ, օրինակ՝ Նոբելյան (նախանցած տարվա Նոբելյան մրցանակը բժշկության ասպարեզում դրա ամենավառ օրինակն է)։

– Ի՞նչ կասեք վերջերս երիտասարդ գիտնականներին տրվող տարատեսակ մրցանակների մասին, կիրառվող չափանիշների մասին: Հոդվածների քանա՞կն է կարևոր, ամսագրերի ազդեցության գործակի՞ցը, թե՞ հղումների քանակը։

Կարծում եմ՝ ո՛չ ամսագրերի ազդեցության գործակիցը, ո՛չ հոդվածների քանակը, ո՛չ էլ դրանց վրա կատարված հղումների քանակը չեն կարող բացարձակ չափանիշ ծառայել՝ որևէ մրցանակ տալու համար, քանի որ դրանք ունիվերսալ չեն գիտության բոլոր ուղղությունների համար։ Ակնհայտ է, որ ֆիզիկոս տեսաբանը կամ մաթեմատիկոսը մեկ տարվա ընթացքում կարող է մի քանի անգամ ավելի գիտական տպագրություն ունենալ, քան կենսաբանը կամ քիմիկոսը: Վերջիններիս հետազոտություններն ավելի ժամանակատար են, մեծ ֆինանսներ և տեխնիկական միջոցներ են պահանջում։ Եվ, անկեղծ ասած, ես համարում եմ, որ Հայաստանում կատարվող գիտական հետազոտությունների մակարդակն այնքան բարձր չէ, որպեսզի գիտական արդյունքների հիման վրա որևէ մրցանակ տրամադրվի։ Շատ ավելի նպատակային կարող է լինել երիտասարդ գիտնականներին դրամաշնորհներ տալը, քան թե մրցանակներ։

– Այսինքն՝ այդ մրցանակներն ի զորու չե՞ն լրջորեն փոխելու իրավիճակը։

Չգիտեմ՝ ի՞նչ նկատի ունեք՝ «լրջորեն իրավիճակը փոխել» ասելով, սակայն այսօրվա վիճակը մրցանակներով չէ, որ պետք է փոխել, այլ համապատասխան պայմաններ, միջավայր ստեղծելով՝ գիտությամբ զբաղվելու համար։ Եթե մրցանակներն ուղղված են պայմաններ ստեղծելուն, ուրեմն՝ ի վիճակի կլինեն փոխել։ Ես անվանական մրցանակների երբեք չեմ դիմել, քանի որ դրանք բացարձակապես չեմ կարևորում։

Հ.Գ. Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ամենամյա «Հայկյան» մրցանակի «Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հ/կ կողմից իրականացված «Նոբելյան մրցանակակիրները Հայաստանում» ծրագիրը: Հովակիմ Զաքարյանը Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի ամենաակտիվ անդամներից է, արտաքին կապերի համակարգողը և, ընդհանրապես, այդ ասոցիացիայի գաղափարախոսներից ու հիմնասյուներից մեկը:

 

Տեսանյութեր

Լրահոս