Խորքային հակապետությունը Հայաստանում
Հայաստանը գտնվում է այնպիսի իրավիճակում, որ ամենօրյա, եթե ոչ՝ ամենժամյա ռեժիմով կարևորագույն, կենսական նշանակություն ունեցող որոշումներ են կայացվում։ Դրանց մասին հայտնի է դառնում հիմնականում պոստֆակտում, երբ արդեն որոշումը կայացված-իրագործված, բանը բանից անցած է լինում։
Օրինակ, միայն ամիսներ հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 2020թ. դեկտեմբերին Սյունիքի որոշակի հատվածներից զորքերը հետ քաշելու որոշումն ինքն է կայացրել, մեկ այլ դեպքում կրկին ինչ-որ որոշման արդյունքում Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող բնակավայրերը ճանաչվում են ադրբեջանական՝ ուղղակի դրանց ադրբեջանական անուները հնչեցնելով։
Կամ, ասենք, որոշում է կայացվում մեկ անձից գնման միջոցով հարյուրավոր միլիոն դրամների պետական ծախսեր կատարել, կամ անհայտ ծագման մեկին դեսպան նշանակել, և այլն, այլն։ Բոլոր այս որոշումներն իրականում կայացվում են կամ անձամբ միայն Նիկոլ Փաշինյանի կողմից, կամ լավագույն դեպքում նրա վստահելի խիստ սահմանափակ թվով անձանց մասնակցությամբ։
Դրանց թիվը գուցե 3 է, հնարավոր է՝ 5, բայց դա սկզբունքորեն քիչ նշանակություն ունի։ Շատ ավելի կարևոր է, որ «ժողովրդավարության բաստիոն» հռչակված Հայաստանում պետության ու հասարակության ճակատագրի համար կարևորագույն նշանակություն ունեցող որոշումները կայացվում են կամ մեկ անձի, կամ լավագույն դեպքում՝ անձանց խիստ նեղ շրջանակի կողմից։
Որոշումների կայացման ինստիտուցիոնալ համակարգերը, օրինակ՝ Ազգային ժողովը, Կառավարությունը կամ Անվտանգության խորհուրդը ծիծաղելիորեն հեռու են այդ գործընթացից, խորհրդարանն ընդամենն անդեմ ուսապարկերի հավաքականություն է, Կառավարությունը՝ դպրոցական աշակերտների հանգույն ոտքի կանգնողների հպատակ խմբակ, իսկ Անվտանգության խորհուրդը հայտնի է նրանով, որ դրա ղեկավարը հիմնականում հանդես է գալիս Ադրբեջանի շահերի սպասարկման դիրքերից։
Ահա այս պայմաններում բոլոր կարևորագույն որոշումները Նիկոլ Փաշինյանը կայացնում է կամ անձամբ, կամ գուցե ընդամենը մի քանի անձի հետ քննարկելով։ Դա որևէ աղերս չունի ժողովրդավարության հետ և չի ենթադրում հաշվետվողականության ու պատասխանատվության որևէ մեխանիզմ կայացված որոշումների իրագործման կամ տապալման համար։ Որոշումների կայացման նման մոդելը խիստ վերապահումներով կարելի է համարել, այսպես կոչված, «խորքային պետության» դրսևորում, այնքանով, որքանով Փաշինյանի նեղ շրջապատի անդամները ներկայացնում են իշխանության այս կամ այն թևին, այս կամ այն բիզնես-օլիգարխիկ խմբի շահերը։
Իհարկե, դա դասական իմաստով «խորքային պետություն» չէ, քանի որ վերջինս ենթադրում է էլիտաների շատ ավելի լայն խավի ընդգրկում։ Բայց այնքանով, որքանով որ դա փաստացի որոշումների կայացման հիմնական մեխանիզմն է, համարվում է խորքային պետություն՝ բառի լայն ընդգրկմամբ։ Մյուս կողմից, սակայն, հաշվի առնելով, որ այդ միջոցով կայացված որոշումների արդյունքներն իրենց բնույթով սպասարկում են ոչ թե պետության շահերը, այլ ունեն հակապետական նշանակություն, Հայաստանում գործում է ոչ թե խորքային պետություն, այլ «խորքային հակապետություն»՝ անխորք ուսապարկերի ու մնացյալ խամաճիկների դեկորային շղարշավորմամբ։
Հարություն Ավետիսյան