«Հիշեք Ալիևի դեմքի արտահայտությունը՝ մինչև Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ հանդիպումների ժամանակ, և հիմա». Դավիթ Ջամալյան

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն այն կարծիքին է, որ որևէ փաստաթղթի ստորագրման դեպքում Ադրբեջանը հանդես է գալու թելադրողի դիրքերից:

«Ամենակարևորն այն է, որ այս մեկ ամսվա ընթացքում անենք ամեն ինչ, որպեսզի այս լակոտազանգվածի պարագլուխը որևէ բան չստորագրի և մեզ չդնի մի այնպիսի իրավիճակում, որից ելքը լինելու է սարսափելի բարդ: Դրա կերպարին ծանոթ լինելով՝ ենթադրում եմ, որ գիտի՝ չի կարող վերարտադրվել, և միայն հաջորդ իշխանությանը վատ վիճակի մեջ դնելու համար, գուցե գնա նման քայլի և ստորագրի:

Նրանից ամեն ինչ սպասելի է, մարդը ծանրաբեռնված չէ բարոյական տաբուներով, ամենասարսափելի տեսակն է սա: 3 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյան կոչեցյալը ոչնչացրեց Հայաստանի անվտանգային համակարգը. ես նկատի ունեմ թե՛ ռազմական բաղադրիչը, թե՛ ռազմաքաղաքական բաղադրիչը, թե՛ ներքին անվտանգության մեխանիզմները, որոնք աշխատում էին»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով՝ 3 տարի առաջ մենք ունեինք ապահով, պաշտպանված երկիր, որտեղ կային խնդիրներ, բայց մարդիկ իրենց զգում էին ապահով:

Ռազմական փորձագետի խոսքով՝ մինչև 2018թ. իշխանափոխությունն ադրբեջանական որևէ դիվերսիա անգամ հաջողությամբ չի ավարտվել.

«Առավելագույնը, որ նրանց հաջողվել է՝ ներթափանցել մեր առաջնագիծ, բայց կամ ոչնչացվել էին տեղում, կամ մասամբ էին ոչնչացվել և հետ շպրտվել: Ադրբեջանական կողմի հնարավոր առավելագույն ձեռքբերումը 2016թ. մարտերի ընթացքում, երբ հնարավոր բոլոր մարտունակ ռեսուրսները նետեցին մարտի, այդ չարաբաստիկ 470 հեկտար տարածությունն էր, որտեղ ծանրակշիռ մաս էր կազմում նաև չեզոք գոտին՝ միջդիրքային տարածությունը: Հիմա ակներև է, և լրահոսում դա հաստատող բազմաթիվ տեղեկություններ կան, որ Նիկոլի ու Ալիևի միջև կա ինչ-որ թաքուն, ստվերային համագործակցություն: Միայն Լուկաշենկոյի անկեղծանալը  ինչ ասես արժե:

Եվ հիմա եկեք  պատկերացնենք իրավիճակը. ընտրություններ են, այս մարդը չի վերարտադրվելու, որքան էլ ճիգ ու ջանք փորձի գործադրել, հենց հիմա էլ իր նավը խորտակվելու վրա է, որովհետև ինչպես տեսնում ենք՝ զարգացումները տանում են այն բանին, որ դիվանագիտորեն իրենից ինչ-որ մարդիկ սկսում են հեռանալ, և ըստ իս՝ Սասուն Միքայելյանի երեկվա հայտարարությունը հենց դրա մասին էր խոսում:

Հիմա չի վերարտադրվելու, չի ստացվելու, ի՞նչ անել. ինչ-որ կերպ երկարացնել իշխանության մնալու հնարավորությունը, և եթե կա ստվերային համաձայնություն, ապա միանգամայն տրամաբանական է այն տեսակետը, որ ընտրություններից 1-1.5 ամիս առաջ ադրբեջանական կողմը հատում է մեր պետական սահմանը, մի բան, որն աներևակայելի էր 3 տարի առաջ՝ ուղղակի կոչնչացվեին, տեղ չէին հասնի, այդպես եղել է, ի դեպ, հիմա հատել են, անցել են, և ըստ այդմ՝ ադրբեջանական կողմը լուծում է երկու խնդիր՝ նվազագույն և առավելագույն: Նվազագույն խնդիրն այն է, որ քանի դեռ իրենց օղլուն այստեղ է, հնարավորինս շորթել, պոկել, բզկտել, ստանալ հնարավորը, իսկ եթե եղել է պայմանավորվածություն՝ սահմանազատման վերաբերյալ, ապա առավել ևս Ալիևը շտապում է, որ քանի իր խամաճիկն է այստեղ, հնարավորինս ստանա:

Եվ կա առավելագույն խնդիրը՝ ոչ միայն ստանա սահմանամերձ տարածքներ, այլև հնարավորություն տա իր այստեղի խամաճիկին՝ անորոշ ժամանակով մնալ իշխանության՝ ռազմական դրություն մտցնելով, ընտրությունները հետաձգելով»:

Անդրադառնալով Հայաստանում որոշ շրջանակների կողմից հակառուսական տրամադրությունների գեներացմանը, Ջամալյանն ընդգծեց՝ եթե երկիրը ղեկավարող անձը գնում է սեպարատ քայլերի՝ իր երկրի թշնամու հետ, ստրատեգիական դաշնակիցն ի՞նչ անի.

«Թող այս հարցը բոլորն իրենց տան: Ռուսական կողմին չի կարող ձեռնտու լինել, որ թուրք-ադրբեջանական տանդեմն իր դիրքերն ամրապնդի Սյունիքում, սա աքսիոմատիկ ճշմարտություն է, այդպիսի բան ուղղակի չի կարող լինել: Բայց, եթե դաշնակից երկրի ղեկավարը սեպարատ կապերի մեջ է իր հակառակորդ երկրի ղեկավարի հետ, ինքն է այդ պահին փաստացի որոշում ընդունողը, անգամ, ըստ հրապարակումներից մեկի՝ հունվարի 11-ի հանդիպման ժամանակ Պուտինի ներկայությամբ է ինչ-որ խոստումներ տվել, այս դեպքում ի՞նչ անի դաշնակիցը: Նա պետք է տվյալ պահին իր դաշնակից Հայաստանի ղեկավարի քողարկված դիմադրությանը զուգահեռ՝ փորձի իրավիճակը նվազագույն կայուն վիճակի բերել, հետո նոր պետականակենտրոն իշխանության օրոք օպերատիվ անվտանգային հարցերը լուծել: Չի կարող դաշնակիցը լինել ավելի հայ, քան Հայաստանի ղեկավարը»:

Ըստ փորձագետի՝ որևէ փաստաթղթի ստորագրում՝ կնշանակի՝ խաչ քաշել Արցախի հայապատկանության հեռանկարի վրա. «Ամեն ինչ դրան էլ տանում է: Նիկոլի ուղեղում Արցախը միշտ եղել է գլխացավանք, Թուրքիայի հետ եղբայրության հեռանկարը սրանք համարում են Հայաստանի զարգացման միակ հնարավոր հեռանկարը, և պատրաստ են ստորադասել ու զիջել ամեն ինչ, միայն թե սահմաններ բացվեն: Մենք հասկանում ենք, որ, եթե ամեն ինչ զիջելու գնով էլ սահմաններ բացվեն, ապա Հայաստանի թրքացումն անխուսափելի է դառնալու»:

Հարցին՝ դա՞ նկատի ուներ Փաշինյանը, երբ ասում էր, որ պետք է Արցախի հարցը վերջնականապես կարգավորվի, և թևակոխենք խաղաղության դարաշրջան, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Իր ընկալմամբ՝ այո: Պարզապես, իրեն բնորոշ կերպով մանիպուլյացնելու, մարդկանց մոլորեցնելու համար բացահայտ չի ասում, գեղեցիկ, վարդագույն հեռանկար է ուրվագծում: Դու ճանաչում ես Ադրբեջանի սահմանները՝ իր համար ցանկալի ուրվագծով, և, բնականաբար, դրանից հետո Արցախի հայապատկանության մասին խոսելը դառնում է միամտություն: Ալիևը երբ ասում է, որ կճանաչեն Հայաստանի սահմանները, նկատի ունի, որ նախ՝ ինքը կգծի Հայաստանի սահմաններն այնպես, ինչպես իրեն ձեռնտու է, հետո կճանաչի»:

Դավիթ Ջամալյանը հավելեց, որ Ալիևը, երբ տեսնի, որ Հայաստանում կա իշխանություն՝ նրա դեմքի արտահայտությունն անգամ կփոխվի.

«Հիշեք Ալիևի դեմքի արտահայտությունը՝ մինչև Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ հանդիպումների ժամանակ, և հիմա: Այս մարդը Ղազախստանի նախագահի ազգանունը անգամ ճիշտ արտաբերել չի կարողանում, ի՞նչ ենք ուզում սրանից: Միջպետական հանդիպումների ժամանակ նայում ես՝ ուղղակի ողորմելի տեսարան է, անգամ մեղքդ է գալիս, ոնց որ ճմրթված թուղթ գցած լինի այդտեղ, ի՞նչ ենք ուզում էդ մարդուց»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս