Դժվար պայմաններում ավելի լավ են զարգանում
Առհասարակ տեսակետ կա, որ դժվար պայմաններում որևէ բան ավելի լավ է զարգանում: Երբ պետությունը շատ քիչ աջակցություն է ցուցաբերում մասնավոր հատվածի նկատմամբ, իսկ նորաստեղծ ընկերությունների նկատմամբ ընդհանրապես որևէ աջակցություն չի ցուցաբերվում, այդ ընկերություններն իրենք իրենց վրա են միայն հույսը դնում:
Փորձում են ինքնուրույն զարգանալ և ոչ թե հույսը դնել, օրինակ, աութսորսինգի վրա, որպեսզի որևէ մեկը գտնի իրենց և որևէ բան պատվիրի: Այս մասին «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Վահան Հովսեփյանը: Նրա խոսքով` իհարկե, հարևան Վրաստանը գրավիչ բիզնես միջավայր ունի, սակայն, իրեն հայտնի չէ որևէ դեպք, երբ հայաստանյան որևէ ընկերություն Հայաստանից դուրս եկած և Վրաստան տեղափոխված լինի: «Կարող եմ ասել, որ ընկերությունները մեծանում-ընդլայնվում են դեպի Վրաստան, դեպի Թուրքիա, Ուկրաինա, Ռուսաստան, և այլն:
Օրինակ, Instigate ընկերությունն այժմ մասնաճյուղ ունի Արցախում, Գորիսում, Վանաձորում, Գյումրիում, հիմա էլ Ախալքալաքում և Թբիլիսիում է բացում իր թրեյնինգ կենտրոնները: Չի կարելի ասել, որ այդ ընկերությունը տեղափոխվում է Վրաստան, այն պարզապես մեծացնում է իր գործունեության շրջանակները»,- ասաց Վ. Հովսեփյանը:
Ըստ մեր զրուցակցի՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի առանձնահատկությունն այն է, որ այն չի ճանաչում սահմաններ: «Սահմանը փակ լինելու հանգամանքը, մեծ տարածությունը ՏՏ ոլորտի համար գրեթե ոչինչ չեն նշանակում:
Այդ է պատճառը, որ ինովացիոն տնտեսության ստեղծման համար, որպես այլընտրանք, մենք իրականում չունենք»,- ասաց Վ. Հովսեփյանը` նշելով, որ ՏՏ ոլորտը մեր մրցակցային առավելությունն է` ՏՏ-ի ոլորտի ներդրումը տնտեսության մեջ, և եթե մենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը չզարգացնենք, ապա մենք հստակ կգնանք ձախողման: Իսկ եթե զարգացնենք այն, ապա, ուզենք թե չուզենք, հաղթանակի ենք հասնելու` հաշվի առնելով, որ մենք ունենք մեծ սփյուռք, ուստի և` հնարավորություններ:
Ըստ Վ. Հովսեփյանի` սփյուռքահայը հասկանում է, որ Հայաստանն իրենից որոշակի ակնկալիքներ ունի, սակայն նույն սփյուռքահայը հայապահպանության իմաստով հաճախ նաև ծանր վիճակում է հայտնվում, և հայրենիքը պետք է նրան աջակցի:
«Եթե մենք կոնկրետ ծրագրեր չիրականացնենք, ապա այդ մարդկային ռեսուրսը ուղղակի կկորցնենք: Մինչդեռ, օրինակ, մենք ՏՏ ոլորտում տարեկան ունենում ենք մոտ 2000 նոր աշխատատեղ, որը, սակայն, այդպես էլ չի համալրվում կադրերով»,- ասաց Վ. Հովսեփյանը` ավելացնելով, որ այդ ամենն ունի նաև իր դրական կողմը, այն է` մենք հնարավորություն ունենք աճելու:
«168 ԺԱՄ»