Նախնական տվյալներով՝ Covid-19-ով վարակված և իմունիտետ ունեցող անձինք չեն վարակվի նոր շտամով. մասնագետ
Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը չի բացառում հավանականությունը, որ Հայաստանում ներկայում արդեն կարող է առկա լինել կորոնավիրուսի նոր շտամ (հայտնի որպես բրիտանական), իսկ եթե չկա, ապա մեծ է հավանականությունը, որ կհասնի: Առկա նախնական տվյալները մասնագետին հուշում են, սակայն՝ նրանք, որոնք արդեն վարակվել են կորոնավիրուսով և ունեն իմունիտետ, պետք է որ չվարակվեն նոր շտամով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության և առողջապահության ամբիոնի դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանն ասաց. «Ուշադրությամբ հետևում ենք, թե դրսում ինչ են գրում: Երկու նորություն կա՝ լավ ու վատ: Լավն այն է, որ ըստ այս պահին առկա նախնական տեղեկությունների՝ այն ավելի մահաբեր չէ, ավելի ծանր ընթացք չի առաջացնում պացիենտների մոտ: Իսկ վատ նորությունն էլ այն է, որ այն ավելի վարակիչ է, այսինքն՝ ավելի արագ է տարածվում մարդկանց շրջանում, քան առկա մեզ արդեն ծանոթ շտամը»:
Մասնագետը հավելեց՝ լավ նորություններից է նաև այն, որ ըստ առկա նախնական տվյալների՝ այն մարդիկ, որոնք արդեն վարակվել են կորոնավիրուսի առաջին շտամով, կարող են նոր շտամով չվարակվել: Մելիք-Նուբարյանի խոսքով՝ համարվում է, որ վարակվելուց հետո 6 ամսից մինչև 1 տարի մարդկանց մեծ մասն ունենում է իմունիտետ: «Եվ մեծ հավանականությամբ նրանք, որոնք արդեն վարակվել են, հիմնականում պետք է, որ չվարակվեն նոր շտամով»,-ասաց նա՝ ներկայացնելով այս պահին արտերկրում առկա ինֆորմացիան:
Մելիք-Նուբարյանի խոսքով՝ այնուամենայնիվ այս շտամն ավելի արագ է տարածվում: Դա էլ նշանակում է, որ առողջապահական համակարգի բեռը կարող է ավելանալ: «Կլինեն ավելի շատ հիվանդներ, բնականաբար կպահանջվեն ավելի շատ առողջապահական ռեսուրսներ՝ բուժաշխատողներ, մահճակալներ, թթվածին՝ այդ հիվանդներին սպասարկելու համար»,-ասաց նա ու հավելեց՝ այդ տեսանկյունից պետք է շատ արագ գործողություններ իրականացնել:
Ըստ մասնագետի՝ նոր շտամը չի կարող նաև Հայաստան չհասնել: Նա նկատեց՝ Հայաստանը բաց է այլ երկրների համար, մարդիկ գալիս են, և կա մեծ հավանականություն՝ ենթադրելու, որ նոր շտամը մեզ մոտ ևս կլինի: «Միգուցե արդեն և կա, ուղղակի մենք չգիտենք»,-ասաց նա:
Անդրադառնալով հարցին՝ տեսնո՞ւմ է արդյոք սահմանափակող միջոցառումների կարիք՝ Մելիք-Նուբարյանն ասաց, որ ֆրագմենտար որոշումներն այլևս օգտակար չեն լինելու: «Նկատի ունեմ՝ ֆրագմենտար սահման փակել Անգլիայից: Մեզ պետք է վերաիմաստավորել կորոնավիրուսի դեմ պայքարը և 0-ից սկսել: Շատ լուրջ դասեր քաղելու անհրաժեշտություն ունենք»,-նշեց նա:
Մասնագետի խոսքով՝ այս պահին շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ աշխարհում տարբեր ընկերությունների կողմից մշակված և հաստատված պատվաստանյութերը, մեծ հավանականությամբ, արդյունավետ կլինեն նաև նոր շտամի դեպքում: «Մեծ հավանականությամբ արդյունավետ են պատվաստանյութերը, կարող է անհրաժեշտ լինի պատվաստանյութի որոշակի փոփոխություն: Բայց այդ փոփոխությունը մի քանի շաբաթում կարող են անել, դա չի լինի երկար ամիսների պրոցես»,-ասաց նա ու հավելեց՝ ըստ էության պատվաստանյութերը նոր շտամի համար ևս հավանաբար կլինեն արդյունավետ:
Իսկ ինչ վերաբերվում է կորոնավիրուսի նոր շտամի բուժմանը՝ Մելիք-Նուբարյանն ասաց՝ չի լսել, որ այն ուրիշ բուժում պահանջի, կիրառվում են նույն մոտեցումները: «Այս պահի դրությամբ չենք լսել, որ էական փոփոխություն լինի»,-ասաց մասնագետը:
Նա վիրուսի մուտացված տարբերակի շրջանառումը նորմալ երևույթ համարեց՝ շեշտելով, որ դա էվուլյուցիայի բնական պրոցես է: Ցանկացած վիրուս՝ օրգանիզմ ուզում է ապահովել իր վերարտադրությունը և դրա համար փոփոխվում է, որպեսզի ավելի հարմարվի շրջակա միջավայրին, մարդու օրգանիզմին, որում ապրում է: «Եվ բոլոր վիրուսները ենթարկվում են այդ մուտացիաներին: Դրանք կարող են լինել երկու ձևի՝ ապահովել հիվանդության ավելի բարդ ընթացք և հակառակը՝ ավելի թեթև ընթացք: Էվոլյուցիայի տեսանկյունից վիրուսին «ձեռք է տալիս» թեթև ընթացք ապահովել, որովհետև թեթև ընթացքի դեպքում այն ավելի շատ կտարածվի, այսինքն՝ նրա վերարտադրվելու նպատակը կիրականացվի: Նույնն էլ ըստ էության այս պարագայում է: Այն ծանրությունը չի փոխել, որովհետև եթե փոխվի, մարդը կմահանա, ինքն էլ կվերանա: Այս առումով դա բնական, բնության կողմից կարգավորվող պրոցես է»,-ասաց նա:
Մասնագետը հիշեցրեց, որ գրիպի վիրուսը ևս մուտացիայի է ենթարկվում: Դրա համար ամեն տարի գրիպի դեմ պատվաստանյութն արտադրելու համար միշտ նայում են, թե ինչ շտամներ կան, արդյոք պետք է փոփոխել պատվաստանյութը, թե ոչ: «Սա էվուլյուցիոն նորմալ պրոցես է: Մարդկությանը ծանոթ պրոցես է, դրանից վախենալ պետք չէ, ուղղակի պետք է աչալուրջ լինել, հետևել, նաև պարզել՝ Հայաստանում կա, թե ոչ: Եվ ըստ այդմ՝ համապատասխան որոշումներ ընդունել առողջապահության համակարգն ավելի լավ պատրաստելու ուղղությամբ»,-ասաց Մելիք-Նուբարյանը:
Անդրադառնալով կորոնավիրուսի հնարավոր երրորդ ալիքին՝ նա ասաց, որ սա արդեն դարձել է մի վիրուս, որի հետ մենք դեռ երկար ապրելու ենք, եթե չկարողանանք պատվաստումն արդյունավետորեն անել: «Եվ բնական է, որ լինելու են ալիքներ՝ երրորդ, միգուցե չորրորդ, հինգերորդ»,-նշեց մասնագետը:
Իսկ ինչ վերաբերում է դպրոցներում դասապրոցեսը սկսելուն՝ Մելիք-Նուբարյանն ասաց, որ ոչ թե դպրոցներն են ավելի շատ ազդում համաճարակի տարածման վրա, այլ հակառակը՝ երկրում տիրող համաճարակն է ազդում դպրոցներում համաճարակային իրավիճակի բարձրացման վրա: «Հատկապես ցածր դասարանի երեխաները ըստ էության մեծ համաճարակաբանական դեր չունեն, բարձր դասարանների երեխաները ՝ որոշակի ունեն: Բայց այնպես չէ, որ դպրոցները համարվում են համաճարակի բարձրացման աղբյուր»,-ասաց նա ու կարևորեց դպրոցներում համաճարակային կանոնների՝ ոչ թե ձևական, այլ իրական պահպանումը: