Ամազոնյան անտառներում հայտնաբերվել են 12,500 տարվա պատմություն ունեցող ժայռապատկերներ

Ամազոնյան անտառների կոլումբիական հատվածում հայտնաբերվել են նախապատմական ժայռապատկերներ, որոնք, ըստ նախնական գնահատականների, արվել են 12 500 տարի առաջ և գտնվում են շատ լավ վիճակում: Այս մասին հայտնում է բրիտանական Dailymail պարբերականը։

Բրիտանացի և կոլումբիացի գիտնականներից ձևավորված հնագիտական խումբը կատարել է վերջին տարիների ամենահետաքրքիր հայտնագործություններից մեկը։ Հնէաբանները հայտարարել են, որ նրանք Ամազոնյան ջունգլիներում հայտնաբերել են ժայռերի վրա նկարված պատկերներ ու նշաններ, որոնք շատ լավ վիճակում են և լավ պահպանված են: Նկարների ամսաթվի նախնական կանխատեսումները հիմնված են եղել սառցե դարաշրջանի կենդանիների պատկերների վրա, ինչպիսին է օրինակ մաստոդոնը `փղի նախապատմական հարազատը, որը Հարավային Ամերիկայում գոյություն չի ունեցել առնվազն վերջին 12,000 տարիներին: Կան նաև ուղտերի ընտանիքի ոչնչացված անդամ համարվող պալեոլամայի պատկերներ, ինչպես նաև հսկա համրուկներ և սառցե դարաշրջանի ձիեր: Մարդու ձեռքի հետքերը նույնպես երեւում են: Ենթադրվում է, որ Ամազոնում բնիկ ցեղերի մեծ մասը սիբիրյան միգրանտների առաջին ալիքի հետնորդներ են, ովքեր ենթադրաբար անցել են Բերինգի ցամաքային կամուրջը մինչև 17,000 տարի առաջ: Հայտնաբերված ժայռի երկարությունը շուրջ 8 մղոն է։

Գիտնականները շատ արժեքավոր են համարում այս հայտնագործությունը և կարծում են, որ այս պատկերները «այնքան արժեքավոր են, որքան Վատիկանում գտնվող Սիքստինյան Կապելլա մատուռը»։ Այս արժեքավոր ժայռապատկերներին այժմ անվանում են «Հնագույն Սիքստինյան մատուռ»։ Մասնագետներն ասում են․ «Անհրաժեշտ կլինի սերունդներ շարունակ ուսումնասիրել նկարների այսպիսի մասշտաբային շարքը: Այս նկարները մեզ ցույց են տալիս կորած ու հնագույն քաղաքակրթության հետքերը»։

Ըստ Dailymail-ի, Չիրիբիկետե ազգային պարկում հայտնաբերված գծապատկերների մանրամասն ուսումնասիրությունները կներկայացվեն դեկտեմբերին թողարկվող վավերագրական ֆիլմում:

Տեսանյութեր

Լրահոս