Ադրբեջանի դեմ 17 դիմում է ներկայացվել  ՄԻԵԴ

ՀՀ Քննչական կոմիտեն երեկ հայտնել էր, որ այս պահի դրությամբ վերջիններից հայտնի է սեպտեմբերի 27-ից մինչ երեկ Ադրբեջանի իշխանությունների մոտ  հայտնված 17 ռազմագերու մասին տեղեկություն,  ևս 2-ի վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են:

Այս ժամանակահատվածում Ադրբեջանի իշխանությունների մոտ  հայտնված հայ ռազմագերիների կյանքի ու առողջության պահպանման համար ՄԻԵԴ դիմումներ են ներկայացրել   ՀՀ-ում գործող փաստաբանների խումբը՝ Սիրանուշ Սահակյանը, Արտակ Զեյնալյանը և ՀՀ կառավարությունը:

168.am-ի հետ զրույցում միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ փաստաբանների խումբը ՄԻԵԴ 8 ռազմագերու նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմում է ներկայացրել:

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն էլ 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ևս 9 դիմում Կառավարությունն է ներկայացրել ՄԻԵԴ՝ հայ ռազմագերիների նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու խնդրանքով:

ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ զրույցը՝ ստորև.

– Պարոն Կիրակոսյան, այս պահի դրությամբ ինչպիսի՞ տվյալներ ունեք, քանի՞ ռազմագերի կա Ադրբեջանում:

– Թիվ այժմ չեմ կարող ասել, որովհետև կախված տեղեկատվությունից՝ ամեն օր իրավիճակը փոխվում է: Մենք,  նկատի ունեմ՝ Կառավարությունը, ներկայացրել է արդեն 9 ռազմագերու համար միջանկյալ միջոց կիրառելու խնդրանք:

– Նաև իրավաբանների խումբ է աշխատում, Դուք զուգահե՞ռ եք աշխատում:

– Այո, համակարգում ենք միասին աշխատանքը: Իրավաբանների հետ, փաստաբանների հետ, ովքեր դաշտում աշխատում են, իրենց հետ անընդհատ կապի մեջ ենք և համակարգելով առաջ ենք գնում, փոխլրացնում ենք միմյանց:

– Իսկ ի՞նչ նպատակահարմարությամբ է որոշվել, որ մի մասի համար կառավարությունը դիմում ներկայացնի, մյուսների համար՝ փաստաբանական խումբը:

– Աշխատանքային առումով ենք այդպես որոշել, որովհետև նախ մասշտաբային առումով շատ են գործերը, և կառավարության միջամտությունը, կարծում եմ՝ այստեղ էական է նաև լրջություն հաղորդելու համար իրավիճակին, կշիռ  հաղորդելու համար: Ամեն դեպքում նույնիսկ անհատական գանգատների մակարդակում, անհատական դիմումների մակարդակով փաստաբանները էլի շարունակում են աշխատել ու կառավարության հետ համագործակցում են:

Նպատակն այն է, որ Ադրբեջանի իշխանության տակ հայտնված հայազգի անձանց, ոչ միայն՝ զինվորական, այսինքն՝ ռազմագերի, այլ՝ միգուցե քաղաքացիական անձանց մասով ձեռնարկվեն բոլոր միջոցները:

– Այն 9 քաղաքացիները, որոնց համար դիմել եք ՄԻԵԴ, բոլորը զինվորականնե՞ր են:

– Այո:

– Կարելի՞ է այս պահին հստակեցնել, թե ի՞նչ պահանջներ են դրվում ՄԻԵԴ-ի առջև, ի՞նչ պահանջներով եք դիմում:

– Առաջին հերթին՝ ապահովել անձանց անվտանգությունը, ովքեր  գտնվում են իրենց իշխանության ներքո, հայտնել տեղեկություն նրանց գտնվելու վայրի մասին, որպիսության մասին, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել կանխելու Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտումները՝ վատ վերաբերմունքի, խոշտանգման արգելք:

Ամեն դեպքում դատարանը՝ մեր խնդրանքի հիման վրա, արդեն իսկ ուղարկել է Ադրբեջանի կառավարությանը հարցում, և մինչև վաղն Ադրբեջանի կառավարությունը ժամկետ ունի, որպեսզի պատասխանի: Եվ սպասում ենք իրենց պատասխանին:

– Չպատասխանելու դեպքում ի՞նչ միջոցներ կարող է Եվրոպական դատարանը կիրառել:

– Պատասխան ակնկալելու իմաստն այն է, որպեսզի Եվրոպական դատարանը հասկանա՝ ինչպիսի որոշում կայացնի: Դրա համար է ուղարկել: Եվ պատասխան չստանալու դեպքում, կարծում եմ, կկիրառի միջանկյալ միջոց և կպարտավորեցնի արդեն կոնկրետ, որոշակի գործողություններ անելու: Ամեն դեպքում, սպասենք մի օր էլ, կտեսնենք արդեն: Կարծում եմ՝ վաղն արդեն ավելի պարզ կլինի, վաղը կամ, ամենաուշը, մյուս օրը:

– Առհասարակ նման դեպքերում ի՞նչ մեխանիզմներ կարող է ՄԻԵԴ-ը գործարկել:

– Հիմնական մեխանիզմը դատարանի Նախարարների կոմիտեն է: Այսինքն՝ եթե դատարանի որոշումների կատարման հետ կապված առաջացավ խնդիր, կամ պետությունները չկատարեցին կամ ոչ պատշաճ սկսեցին հետևել, առկա է մեխանիզմ՝ դատարանի կանոնների հիման վրա: Դատարանը կարող է դիմել Նախարարների կոմիտեին, որը քաղաքական մարմին է Եվրոպայի խորհրդի, որովհետև ներկայացված են բոլոր անդամ պետությունները, և այնտեղ արդեն կարող է բարձրացնել հարց կոնկրետ այն պետության մասով, որը չի կատարում կամ թերանում է կատարել, և այդ դեպքում հիմնականում քաղաքական միջոցներով, գործիքներով պետք է ապահովել կատարումը: Միակ մեխանիզմը դա է:

– Հստակեցնենք՝ այս դեպքում ՄԻԵ՞Դ-ը պետք է դիմի Նախարարների կոմիտեին, ոչ թե երկի՞րը:

– Չէ, ըստ կանոնների՝ Նախարարների կոմիտե հարցը տեղափոխելու իրավասությունը պատկանում է Եվրոպական դատարանին: Մենք իրականում նաև նախորդ կիրառած միջանկյալ միջոցի վերաբերյալ բարձրացրել ենք հարց, որպեսզի դատարանը դիմի Նախարարների կոմիտեին, բայց որոշումը կայացնում է դատարանը: Որոշումը պետք է կայացնի դատարանը, որ փոխանցում է հարցը Նախարարների կոմիտեին:

Տեսանյութեր

Լրահոս