Ինչո՞ւ է Փաշինյանը հայտարարում Չորրորդ Հանրապետության մասին․ մեկնաբանում է վերլուծաբանը

Այսօր իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության 7-րդ համագումարի ընթացքում Փաշինյանը ներկայացրեց կուսակցության հռչակագիրը՝ ՔՊ-ն հռչակում է Հայաստանի 4–րդ Հանրապետության հաստատումը՝ որպես առաջիկա ռազմավարական անելիք։ Հռչակագրում նաև նշվում է, որ այդ նպատակով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2026 թվականի խորհրդարանական հերթական ընտրություններում Հայաստանի Հանրապետության կառավարման իր մանդատը ևս 5 տարով երկարաձգելու հայցով դիմելու է ժողովրդին՝ ակնկալելով ձևավորել սահմանադրական մեծամասնություն, իսկ ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստանալուց հետո նախաձեռնելու է համաժողովրդական հանրաքվեի միջոցով Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունման գործընթաց։

Համագումարին հաջորդած ճեպազրույցի ընթացքում Փաշինյանն արդեն ասաց, թե Հայաստանի Չորրորդ Հանրապետությունն արդեն հաստատված է, Երրորդ Հանրապետությունը ՀՀ Հանրապետությունն է, ժառանգությունը, ինքնության մի մասը։ «Բայց, ինչպես ասացի, մենք նոր փուլ ենք թևակոխում։  Եթե նշելու լինեինք  մի քանի առանցքային տարբերություն, այդ տարբերություններից թերևս առաջնայինը  կուզեի նշել խաղաղությունը»,- ընդգծեց Փաշինյանը։ Նրա կարծիքով՝ Չորրորդ Հանրապետությունը հաստատված է, այն հաստատված է խաղաղությամբ, Ալմաթիի հռչակագրի վերահաստատմամբ, ստեղծված է Կիրանցով և Ոսկեպարի եկեղեցիով։

«Նոր սահմանադրության օրակարգն է գալիս դա լրացնելու, որովհետև ես ուզում եմ նշել էական տարբերությունները՝ ԵՄ անդամագրմանն ուղղված քայլերի ակտիվացումը, այդ ամենի առանցքում խաղաղությունն է և   նոր քաղաքական բովանդակությունը, որը ձևակերպված է իրական Հայաստանի  գաղափարախոսության մեջ։ Չորրորդ Հանրապետությունը ստեղծված է, այսօր բոլորիս ուշադրությունն ենք հրավիրում այդ փաստի վրա և մեր առաջիկա անելիքները ցանկանում ենք ձևակերպել այնպես, որ այդ փաստը դառնա  նաև ձևակերպված իրականություն։ Շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ Չորրորդ Հանրապետության հեղինակը ժողովուրդն է, մենք չենք։ Մենք Չորրորդ Հանրապետությունը ձևակերպողներն ենք  միայն, ինչպես ես ասացի, ՀՀ գերդաստանների սնուցող մայրերին լսելով  և նրանց թիկունքում կանգնած նահապետ հայրերի լռածը լսելով։ Դա համակարգային  աշխատանք է, մենք փորձել ենք հռչակագրում  ընդհանուր գծերով մի քանի կետեր նշել։ Ավելի լայն համատեքստում իրական Հայաստանի գաղափարախոսությունն ամբողջությամբ դրա մասին է»,- նշեց Փաշինյանը։

Ուշագրավ է, որ ՔՊ համագումարը նշանակվել է հենց այսօր՝ Արցախի բռնի տեղահանությունից երկու տարի անց, երբ հարյուր-հազարավոր մեր հայրենակիցներ բռնի տեղահանվում էին և անվերադարձ լքում իրենց հայրենիքն՝ Արցախը, և երբ Ադրբեջանն  այս օրը նշում է՝ որպես պետական ինքնիշխանության օր։ Նախօրեին Իլհամ Ալիևը հրամանագիր էր ստորագրել Պետական ինքնիշխանության օր սահմանելու մասին։ Փաստաթղթում ընդգծվում է, որ «2023 թվականի սեպտեմբերի 20-ին ավարտվեց հակաահաբեկչական գործողությունը», իսկ իրականում՝  Արցախի բռնի տեղահանությունն ու էթնիկ զտումը, որի հետ էլ Ադրբեջանը կապում է պետական ինքնիշխանության հաստատումը։  Այս կապակցությամբ հայտարարություն  է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն, նշելով, թե Խաղաղության «պատմական հնարավորությունից օգտվելու և խաղաղության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է վերացնել Հայաստանի Սահմանադրությունում տարածքային պահանջները»։

Կարդացեք նաև

Ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին մեզ հետ զրույցում, անդրադառնալով Չորրորդ Հանրապետություն հռչակելու Փաշինյանի հայտարարությանը, ասաց, որ դա տարօրինակ է, բայց նաև անսպասելի չէ՝ հաշվի առնելով ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը։ Սա, նրա խոսքով, բավականին մեծ ուշադրության կարժանանա ՀՀ գործընկեր երկրների կողմից, քանի որ առանցքային հայտարարություն է։ Ըստ նրա,  ՀՀ իշխանությունները վերջին տարիներին հետևողական քաղաքականություն են վարում երկրում արմատական փոփոխություններ իրականացնելու համար, և այդ ամենը սկսվեց պատերազմում Արցախի կորստից։

«Այսինքն՝ սա ինչ-որ տեղ նաև որոշ ձախողումներ կոծկելու համար է։ Եթե ՀՀ իշխանությունը մտադիր է փոխել ՀՀ Անկախության հռչակագիրը, հիմնարար փաստաթուղթը՝ ՀՀ Սահմանադրությունը, խոսում է Հայաստանի  մասին, որը, կարելի է ասել, հետպատերազմյան Հայաստանն է, դրան տալով իրական Հայաստան անվանում,  չի խոսում ԼՂ-ի, Հայոց ցեղասպանության մասին, ձգտելով կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, փոխելով Ռուսաստանի հետ հարաբերությունների բնույթը և շարժվելով դեպի ԵՄ, ապա այդ ամենը ցանկանում է ձևակերպել և հաստատել ինչ-որ նոր հովանու ներքո»,- նկատեց փորձագետը։

Նա նշեց, որ  փորձելով մոռացության մատնել Երրորդ Հանրապետությունը ձևավորած քաղաքական հիմքերն ու արժեքները, ջանում է դնել նոր հիմքեր, քանի որ նախորդները նաև կորսվել են։ «Հայ-ռուսական հարաբերություններում ևս, ուշադրություն դարձրեք, որ լարվածության սուր փուլն անցավ, քանի որ ՀՀ իշխանությունները ձգտեցին դրանցում հաստատված խորությունը, ռազմավարական խորքը վերացնել, թողնելով, իրենց բնորոշմամբ, փոխշահավետ հարաբերություններ։ ԵՄ-ի հետ հարաբերությունների հեռանկարը հստակ չէ, բայց ակնհայտորեն ՀՀ իշխանությունները, չնայած հեռանկարի անորոշությանը, գնալու են ԵՄ անդամակցություն որդեգրելու ճանապարհով։ Այսինքն՝ բոլոր ուղղություններով ՀՀ իշխանությունները փորձում են արմատական փոփոխությունների գնալ, գաղափարախոսական աշխատանք են իրականացնում, հանում են Արարատ լեռան պատկերը, փորձում են  հայկական ինքնության հետ դրա ասոցացումը չեզոքացնել։ Այս ամենը հաշվի առնելով ՝ սա չի զարմացնում։ Սակայն գլխավորն այն է, թե հայ ժողովուրդն  աջակցո՞ւմ է այս օրակարգին, թե՞ ոչ։ Ոչ պակաս կարևոր են նաև աշխարհաքաղաքական զարգացումները, որոնք ծավալվում են Հարավային Կովկասի շուրջ, այստեղ արմատական փոփոխությունների, ռեգիոնալ նոր վերադիրքավորումների հնարավորությունն ավարտված չէ՝ կախված հատկապես Ռուսաստան-Եվրոպա-ԱՄՆ բանակցություններից»,- ասաց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս