
Պենտագոնի ղեկավարը հրապարակել է լրագրողների շենք մուտք գործելու աննախադեպ սահմանափակումները

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը ուրբաթ օրը հրապարակել է Պենտագոնի լրագրողների մուտքի աննախադեպ նոր սահմանափակումներ՝ մտահոգություններ առաջացնելով լրատվամիջոցների շրջանում այն մասին, որ այդ քաղաքականությունը կարող է օգտագործվել անկախ լրատվությունը խեղդելու և ռազմական գործողությունների վերաբերյալ տեղեկատվության հոսքը սահմանափակելու համար, հաղորդում է ABC News-ը։
Շենք մուտք գործելու նոր խիստ կանոնները արգելում են «ոչ պրոֆեսիոնալ վարքագիծը, որը կարող է խաթարել Պենտագոնի գործողությունները», ինչպես նաև «վերահսկվող» համարվող «գաղտնի կամ ոչ գաղտնի տեղեկատվությունն ապօրինի ձեռք բերելու փորձերը», – ասվում է լրագրողների շրջանում տարածված հուշագրում։
Հուշագրում նշվում է, որ այն լրագրողները, ովքեր կհրաժարվեն համաձայնվել պայմաններին կամ կխախտեն կանոնները, կկորցնեն շենք մուտք գործելու հնարավորությունը։ Մամուլի գրասենյակներին ուղարկված փաստաթղթում նաև նշվում է. «Պաշտպանության նախարարության տեղեկատվությունը հրապարակման համար պետք է հաստատվի համապատասխան լիազորված պաշտոնյայի կողմից, նախքան դրա հրապարակումը, նույնիսկ եթե այն գաղտնի չէ»։
«Պենտագոնը ղեկավարում է ոչ թե «մամուլը, այլ մարդիկ», – իր X սոցիալական ցանցի գրառման մեջ գրել է Հեգսեթը։ – Մամուլին այլևս թույլ չի տրվում շրջել պահպանվող օբյեկտի միջանցքներում։ Կրեք կրծքանշան և հետևեք կանոններին, կամ գնացեք տուն»։
1940-ական թվականներին Վիրջինիա նահանգի Արլինգտոն քաղաքում կառուցված Պենտագոնը ներկայումս աշխարհի ամենամեծ գրասենյակային շենքերից մեկն է, որտեղ աշխատում են տասնյակ հազարավոր զինվորականներ և քաղաքացիական աշխատակիցներ։
Այցելուների խմբերի համար հաճախ էքսկուրսիաներ են անցկացվում։ Լրագրողներին վաղուց արդեն տրվել են անցագրեր, որոնք նրանք պետք է մշտապես կրեն, ինչպես նաև հատկացված աշխատատեղեր, ինչը թույլ է տալիս իրական ժամանակում լուսաբանել ռազմական գործողությունները, այդ թվում՝ պատերազմական ժամանակ։ Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն հաջորդ շաբաթ և կգործեն՝ կախված նրանից, թե երբ կլրանա նրանց գործող անցագրերի ժամկետը։ Եթե լրագրողները հրաժարվեն ընդունել այս կանոնները, ապա, ամենայն հավանականությամբ, պատմության մեջ առաջին անգամ խոշորագույն ազգային լրատվական գործակալությունները կզրկվեն Պենտագոնի ոչ գաղտնի տարածքներ մուտք գործելու 24-ժամյա հնարավորությունից։ Լրագրողներին, այնուամենայնիվ, թույլ կտրվի այցելել շենք՝ պայմանով, որ նրանք կլինեն ուղեկցությամբ և կնշեն իրենց այցի պատճառը։