Ոչ մի նոր բան․ ուրացման քաղաքականություն, պերմանենտ զիջումների արդարացում և սեփական ձախողումների քողարկում․ քաղաքագետ

«ՈՒՐԱՑՄԱՆ ՄՈԴԵԼ»,- 168․am-ի հետ զրույցում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն այս հակիրճ բնութագրումը տվեց Նիկոլ Փաշինյանի՝ շուրջ 1,5 ժամանոց ելույթին։

Իսկ ՔՊ քաղաքական ու հոգևոր առաջնորդն այսօր երկար ելույթով վստահեցրել էր՝ քանդել են Հայաստանի վրա կախված հազարամյա անեծքը, ինչը մեզ թույլ չի տվել ունենալ իրապես ինքնիշխան պետություն, որ հայ մայրերն իրեն ուղարկել են խաղաղության հետևից, որ հռչակելու են 4-րդ Հանրապետությունը, և այլն, և այլն։

Հստակեցմանը, թե ի՞նչ է ուրանում Փաշինյանը, Սուրեն Սուրենյանցը մանրամասնեց․

«Պետականության հիմքերը, մեր քաղաքակրթական արժեքները, փորձում է տպավորություն ստեղծել, որ մենք պետություն չենք ունեցել, և ինքը, չգիտեմ որտեղից հայտնվել է ու ավերիչ պատերազմի, կորուստների, հայրենազրկման ճանապարհով մեզ տանում է ինչ-որ պետության հանգրվանի»։

Կարդացեք նաև

Քաղաքագետը, սակայն, հավելեց՝ այս խոսույթում, բացի 4-րդ Հանրապետության մասին խոսելու հանդգնությունից, նոր բան չկար․ նախկին ելույթների խտացումն էր։

«Մենք գիտենք, որ նա 3-րդ Հանրապետությունը թողել է ավերիչ պատերազմի փլատակների տակ, բայց այս ամենը նա այսօր հնչեցնում է 2 նպատակով․ նախ՝ որպեսզի խուսափի այն ավերիչ քաղաքականության պատասխանատվությունից, ինչի հետևանքով մենք այսօր ունենք վիրավոր, կռացած Հայաստան և կորսված Արցախ, ապա նաև՝ գեղեցիկ ձևակերպումների տակ փորձի քողարկել այն նոր զիջումները կամ տնային առաջադրանքը, որ ստացել է Ադրբեջանից»,- պարզաբանեց Սուրեն Սուրենյանցը։

Հաշվի առնելով, որ սա նաև նախընտրական քարոզարշավի մաս էր՝ ո՞րն է Փաշինյանի հաջորդ հանգրվանը՝ հետաքրքրվեցինք քաղաքագետից։

Ի պատասխան՝ նա նշեց․

«Տեսե՛ք, նա ամուր իրեն է կպցնում խաղաղության գաղափարը, ու թեև մենք իրականում ինստիտուցիոնալ խաղաղություն չունենք, միևնույն է, նա իրեն նույնացնում է խաղաղության գաղափարի հետ, որ այդ խաղաղության գաղափարը վաճառելով ժողովրդի վրա՝ վերարտադրի իշխանությունը։

Կստացվի՞ նրա վերարտադրությունը, թե՞ ոչ՝ ավելի շատ կախված է մինչ ընտրությունները արդյունավետ, մրցակցային, նորմալ ընդդիմադիր հարթակի ձևավորումից։ Բայց այս իրավիճակում մենք տեսնում ենք, որ նրա գեբելսյան քարոզչությունը որոշակի արդյունքներ տալ է ուզում»։
Սուրեն Սուրենյանցը չբացառեց իշխանության վերարտադրման փորձի ձախողումը՝ նկատելով, որ պատմության կտրվածքով, ռազմավարական իմաստով նրա իշխանությունը, մեծ հաշվով, արդեն իսկ տապալված կամ ձախողված է։

«Խնդիրն այն է, թե Հայաստանում ինչքա՞ն շուտ կձևավորվի այն այլընտրանքը, որ այս իշխանությանը կուղարկի տուն։ Այս իշխանությունը ուրացման մոդելի հաշվին է փորձում վերարտադրել սեփական իշխանությունը։ Այսինքն՝ մենք Նիկոլ Փաշինյանից նոր ոչինչ չենք լսել․ հետպատերազմյան ուրացման քաղաքականություն, պերմանենտ զիջումների արդարացում և սեփական ձախողումների քողարկում»,- ամփոփեց քաղաքագետը։

Տեսանյութեր

Լրահոս