
Վնուկովոյի աշխատակցին տուգանել են ավելի քան 655 հազար ռուբլով՝ VIP սրահներում կողմնակի անձանց ներթափանցման համար

Ռուսական դատարանները բավարարել են բանկի հայցը, որը կապված է եղել Վնուկովո օդանավակայանի աշխատակցից ավելի քան 655 հազար ռուբլի վնասի փոխհատուցում բռնագանձելու համար։ Աշխատակիցը բարձր հարմարավետության սրահներ մուտքի կոդ տրամադրել է տրամադրել կողմնակի անձանց։ Այս մասին TASS-ին հայտնել են Ընդհանուր իրավասության առաջին վճռաբեկ դատարանի մամուլի ծառայությունից։
Բանկը դիմել է դատարան՝ մեղադրյալից 655 200 ռուբլի վնասի հատուցում բռնագանձելու հայցով՝ նշելով, որ հինգ ամսվա ընթացքում նրա մուտքի կոդով 364 անգամ մուտք են գործել օդանավակայանների բարձր հարմարավետության սրահներ։ Մուտքերի քանակը, հաճախականությունը և պարբերականությունը վկայում են, որ պատասխանողը չէր կարող լինել այդ վայրերում և անմիջականորեն օգտվել տվյալ ծառայությունից, այլ դրամական հատուցման դիմաց մուտքի կոդեր է տրամադրել երրորդ անձանց։
Պատասխանող կողմի և բանկի միջև կնքվել է ծառայությունների փաթեթի վերաբերյալ պայմանագիր, որը, ի թիվս այլ բաների, ներառում էր նաև «լյուքս սրահներ մուտք գործելու» ծառայությունը։
Ծառայության պայմանների համաձայն՝ պատասխանողին և ուղեկցող անձանց անսահմանափակ մուտք է տրամադրվում օդանավակայանի և երկաթուղային կայարանի սրահներ՝ մուտքի կոդի և նստեցման անցագրի կամ ուղետոմսի ներկայացման դեպքում։
«Առաջին ատյանի դատարանը պարզել է, որ 2023 թվականի հունիսի 30-ից հոկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում պատասխանողի մուտքի կոդով օդանավակայանների բարձր հարմարավետության սրահներ մուտքերի թիվը կազմել է 364, որից՝ 5 անգամ այցելել է Շերեմետևոյի, 1-ական անգամ՝ Դոմոդեդովոյի և Սոչիի օդանավակայանների բարձր հարմարավետության սրահ, իսկ մնացած 357 այցելությունները եղել են Վնուկովո օդանավակայանի բարձր հարմարավետության սրահ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Դատարանը պարզել է, որ պատասխանողը օդանավակայանի սրահների իր մուտքի կոդը փոխանցել էր երրորդ կողմերին, այդպիսով վնասներ պատճառելով հայցվորին, որը մատուցել էր ծառայությունը։
Ինչպես բխում է գործի նյութերից, որոնց ծանոթացել է TASS-ը, ծառայությունից օգտվողը աշխատում է Վնուկովո օդանավակայանում։ Պատասխանողը չի հերքել բարձր հարմարավետության սրահ իր այցելությունների քանակը՝ նշելով, որ այնտեղ է եկել աշխատանքի ժամանակ՝ սնվելու համար, ինչպես նաև հաստատել է, որ մի քանի անգամ մուտքի կոդ է տրամադրել իր ծանոթներին՝ այլ օդանավակայաններում նման ծառայություններից օգտվելու հնարավորություն տալու համար, – ասվում է փաստաթղթերում։