
ԴիԿապրիոն և Լոուրենսը կնկարահանվեն Մարտին Սկորսեզեի նոր ֆիլմում

Deadline-ը հաղորդում է Մարտին Սկորսեզեի նոր նախագծի մասին, որը գրող Փիթեր Քեմերոնի «Ինչ է կատարվում գիշերը» (What Happens at Night) վեպի էկրանավորումն է։
Ֆիլմում գլխավոր դերերը կկատարեն օսկարակիր դերասաններ Լեոնարդո ԴիԿապրիոն և Ջենիֆեր Լոուրենսը։ Պատմությունը մի զույգի մասին է, որը մեկնում է ձյունապատ եվրոպական քաղաք՝ երեխա որդեգրելու։ Նրանք հանգրվանում են մի խարխուլ հյուրանոցում, որտեղ ապրում են էքսցենտրիկ կերպարներ։ Շրջապատի մարդկանց ազդեցության տակ զույգի կյանքը լիովին փոխվում է։
Ֆիլմի պրոդյուսերներն են Apple Original Films-ը և Studiocanal-ը։ Նկարահանումները կսկսվեն 2026 թվականի հունվարին։ Սցենարը ադապտացրել է Պատրիկ Մարբերը։
«Ինչ է կատարվում գիշերը» ֆիլմը ԴիԿապրիոյի և Սկորսեզեի յոթերորդ համատեղ լիամետրաժ ֆիլմն է։ ԴիԿապրիոն և Լոուրենսը նախկինում նկարահանվել են «Մի նայիր վերև» երգիծական կատակերգությունում։