Ալիևի հերթական մանիպուլյատիվ սադրանքը․ ինչո՞ւ է լռում Փաշինյանը

Անկախ նրանից, թե ինչ լարված ու անհանգիստ է ներհայաստանյան քաղաքական օրակարգը, ցանկացած արտաքին հայտարարություն ու իրադարձություն, երբ այն վերաբերում է հատկապես ՀՀ անվտանգությանը, առանձնակի ուսումնասիրության և խորքային վերլուծության անհրաժեշտություն ունի։

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ, ըստ իրենց տեղեկությունների, ղարաբաղյան հակամարտության շփման գծում Հայաստանի զինված ուժերի կենտրոնացում է տեղի ունենում, և դա համարել է Երևանի կողմից պատերազմի նախապատրաստություն: Ալիևը հայտարարել է, որ 2020-ի հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումները Երևանի սադրանքի հետևանք են: Ըստ նրա, սահմանին հուլիսյան բախումների պատճառներից մեկն այն էր, որ Հայաստանը ցանկանում էր պարզել, թե ինչպիսին կլինի ՀԱՊԿ-ում իր դաշնակիցների արձագանքը։

Եթե այս ամենը ներկայացնենք ավելի հանրամատչելի տարբերակով, ըստ էության՝ Ալիևը բաց տեքստով մարտական գործողություններ սկսելու մասին է ակնարկում՝ բառացիորեն հայկական կողմին սպառնալով պատերազմով։

Վստահաբար շատերը կհամաձայնեն այն իրողության հետ, որ Արցախի հարցի բանակցային գործընթացն արդեն երկու տարուց ավելի գտնվում է անհասկանալի փուլում, և իրականում պարզ չէ, թե ի՞նչ կետում է այն տվյալ պահին գտնվում։ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե հայտարարել էր, որ ադրբեջանական կողմի հետ բանակցություններ տվյալ պահին չկան, սակայն դրան զուգահեռ՝ Իլհամ Ալիևի հետ միքանիժամյա քննարկումներ է իրականացնում․ Ալիևն իր հերթին՝ պարբերաբար հայտարարությամբ է հանդես գալիս՝ փորձելով այս պատային փուլում ուժեղացնել սեփական դիրքերը։

Ըստ էության՝ Ղարաբաղյան հակամարտության բանակցային պրոցեսը մեծ հաշվով առկախված վիճակում է։ Եվ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանդիպելու առաջարկ են արել, այնուամենայնիվ Ադրբեջանը կրկին պատրաստվում է սրել իրավիճակը։

Փաստացի Ադրբեջանի նախագահը հայտարարում է, թե իրենք տիրապետում են այնպիսի տեղեկատվության, համաձայն որի՝ Հայաստանը պատրաստվում է մեծ պատերազմի, իսկ ադրբեջանական մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե իբր հայկական կողմը փորձում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալներին ներգրավել Ադրբեջանի դեմ հնարավոր գործողություններում։

Ադրբեջանական մանիպուլյատիվ այս պնդումը նորություն չէ, քանի որ տեղեկատվական գերհագեցած այս ժամանակներում, տևական ժամանակ է՝ նրանք փորձում են այն հրամցնել միջազգային հանրությանը։ Եվ ադրբեջանական և թուրքական տեղեկատվական հոսքերում այն թեզը, որ «Արցախում ահաբեկչական խմբավորումներ են պատրաստվում», ունի հատուկ խորքային մշակված պատճառներ։  Նախ՝ պետք է արձանագրենք, որ 20-րդ դարի երկրորդ կեսում տեղի ունեցած պատերազմների ու ռազմական գործողությունների մեծամասնությունն իրականացվել են «ահաբեկչությանն դեմ պայքարի» անվան տակ․ նմանօրինակ պատերամներից էին Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, Եգիպտոսում, Աֆղանստանում,  ինչ-որ տեղ՝ նաև Վիետնամում տեղի ունեցած պատերազմները։ Եվ այս ժեստով բավական դյուրին է համոզել «հակաահաբեկչական» պայքարի առաջամարտիկ Արևմուտքին, որ Արցախում պետք են որոշակի միջամտություններ, ինչպես բոլորիս աչքի առաջ վերջին մի քանի տարիներին տեսանք Սիրիայում թուրքական բանակի ներխուժման և հաստատման դեպքում։

Նմանօրինակ քայլով Ադրբեջանը քարոզչական հարթակում ձգտում է հակազդել այն տեղեկություններին, որ իրենք Թուրքիայի հետ համատեղ փորձում են Սիրիայից իսլամական գրոհայիններին տեղափոխել Ադրբեջան և նրանց օգտագործել Հայաստանի դեմ։

Պարզ է մի բան. ադրբեջանական կողմը, հասկանալով, որ տվյալ փուլում հայկական կողմը Ղարաբաղի հարցում մի տեսակ առկախված վերաբերմունք ունի և իր գործողություններում այդքան էլ վճռական ու հաստատական դրսևորում չունի, փորձում է ամբողջովին դառնալ նախաձեռնության տերը և ինքը թելադրել խաղի կանոնները։

Ալիևի վերջին հայտարարությունների հետ կապված՝ հայկական կողմից պատասխան հնչեցրեց միայն ԱԳՆ-ն, ինչը բավական անատամ և գրեթե ոչինչ չասող մի դեկլարատիվ տեքստ էր, որը, այնպիսի տպավորություն էր, թե արված է զուտ «գալոչկայի» համար, իսկ ինչ վերաբերում է երկրի քաղաքական ղեկավարության ռեակցիային, արդեն երրորդ օրն է՝ քար լռություն ու մի տեսակ անտարբերություն է։

Ավելի անհասկանալի է, երբ օրվա իշխանության տարբեր ներկայացուցիչները, ովքեր բառացիորեն պատկերացում չունեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման և ընդհանրապես բանակցային գործընթացի մասին, իրականության հետ որևէ աղերս չունեցող արտահայտություններով են հանդես գալիս, ինչը նախ իրենց է դնում զավեշտալի իրադրության մեջ, այնուհետև ևս մեկ անգամ վերահաստատում, որ այս մարդիկ շատ արագ պետք է լքեն քաղաքական արենան, քանի դեռ ամեն ինչ վերջնականապես ու անդառնալի չեն կործանել։

Ընդհանուր առմամբ, բավականին տարօրինակ է այն կեցվածքը, որն ընդունել է Փաշինյանը․ նախ՝ արդեն քանիցս նշվել է, որ նա չունի Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ որևէ հստակ դիրքորոշում ու հարցի լուծման մասին գոնե մոտավոր գաղափար, այդ իսկ պատճառով պարբերաբար հատվածական ու կոնտեքստից կտրված անհասկանալի հայտարարություններ ու տեսակետներ է հնչեցնում, իսկ վերջին դեպքի մասով ուղղակի «ջայլամային քաղաքականություն» է վարում։

Ամփոփելով՝ պետք է արձանագրենք մի առանցքային հանգամանք․ հայկական կողմը չպետք է թուլանա և սպասի որևէ «երկնային մանանայի», պետք լինել նախաձեռնող ու զգոն և միջազգային գործընկերներին մանրամասն ներկայացնել գոյություն ունեցող ընդհանուր իրավիճակն ամենայն մանրամասնությամբ՝ հստակ նշելով, որ Ադրբեջանը փորձում է հիմքեր գտնել, որպեսզի ռազմական գործողություններ սկսեն և այդ ամենում մեղադրեն Հայաստանին։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս