Բաժիններ՝

Պաշտպանների պաշտպանները

Այսօր մամուլում հայտնված լուրերի համաձայն, Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն օրերս դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին՝ իր անվտանգության ապահովման համար թիկնապահներ տրամադրելու խնդրանքով: 168.am-ը զրուցել է ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանի հետ, ով հերքել է այդ տեղեկատվությունը. «Դա չի համապատասխանում իրականությանը: Նման բան չի եղել: Ցանկանում են նաև նշել, որ պաշտոնավարման առաջին օրվանից անվտանգության աշխատակիցներ, թիկնապահներ ունենալու որևէ կարիք չի ունեցել»:

Այդուհանդերձ, Արտակ Շաբոյանի լուրը բավականին հետաքրքիր նյուանսներ ունի։ Դրա տողատակում կարդացվում է հետևյալ միտքը՝ ՏՄՊՊՀ-ն այնքան լավ է աշխատում, այնքան է նեղում օլիգարխներին, և վերջիններս էլ այնպես են ատում այս կառույցին՝ իր հետևողական և սկզբունքային կեցվածքի համար, որ ցանկանում են Ա. Շաբոյանի «աչքը վախեցնել»։ Այսինքն՝ անկախ նրանից՝ լուրը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ, դրա տարածումն ակնհայտորեն դրական «աուրա» է ստեղծում ՏՄՊՊՀ-ի և նրա ղեկավարի շուրջ։

Իսկ թիկնապահի անհրաժեշտության հետ կապված՝ հանձնաժողովի մամուլի քարտուղարի հետ դժվար է չհամաձայնել։ Արտակ Շաբոյանը դրա կարիքը չունի։ Որովհետև նախ՝ նրա հանձնաժողովն այնպես ժրաջան չի աշխատում, որ թշնամիներ հավաքի։ Եվ երկրորդ պատճառը՝ դժվար է հավատալ, որ ՏՄՊՊՀ-ն կարող է ինքնուրույն, առանց «դաբրոյի» ստուգումներ սկսել կամ պատժել որևէ օլիգարխի։ Այնպես որ, եթե անգամ կան «աբիժնիկներ», ապա նրանք կարող են վատ տրամադրվել ոչ թե ՏՄՊՊՀ-ի կամ նրա ղեկավարի, այլ «դաբրո» տվողի դեմ։

Ինչ վերաբերում է ընդհանրապես թիկնապահ ունենալ-չունենալու հարցին, ապա նշենք, որ պետությունն այդքան միջոցներ չունի՝ բոլորին «ախրանա» տրամադրելու համար։ Օրենքով՝ պարտադիր պահպանվում են նախագահը, վարչապետը և Ազգային ժողովի նախագահը (նրանք իրավունք չունեն հրաժարվել պետական պահպանությունից)։ Մյուս պաշտոնյաների դեպքում թիկնապահներ տրամադրվում են՝ ըստ անհրաժեշտության։ Վերջնական որոշումը կայացնում է հանրապետության նախագահը։ Ավելացնենք, որ մեր տեղեկություններով՝ «ախրանա» ունենալու խնդրանքով նախագահին ոչ վաղ անցյալում դիմել է ՀՀ բավականին բարձրաստիճան մի պաշտոնյա (ավելի բարձր, քան ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնն է), սակայն մերժվել է։ Այնպես որ, Ա. Շաբոյանի՝ պետական թիկնազոր ունենալու հավանականությունն այս պահին գրեթե զրոյական է։

Մյուս կողմից, նեղվելու կարիք առանձնապես չկա։ Ի՞նչ թիկնապահ, մեր երկրում ո՞վ թիկնապահ ունի։ Բոլորը գիտեն, որ մեր պաշտոնյաներին կամ օլիգարխներին «ջիփերով» ուղեկցող տղերքը պարզապես գրասենյակային աշխատողներ են և պատահաբար «շեֆի» հետ նույն ճանապարհով են գնում, նույն ժամին։ Այնպես որ, ծայրահեղ դեպքում կարելի է աշխատանքի ընդունել մեծ «մուսկուլներով»,  մարզված, սափրած գլխով ու մեքենա վարելու հետ սեր ունեցող… հաշվապահների կամ իրավաբանների։ Դա, ի դեպ, բավական տարածված պրակտիկա է Հայաստանում։ Թիկունքը պահելու հարցում, դժվար է ասել, թե ինչպես կդրսևորեն, սակայն գոնե ձեզ մենակ չեք զգա՝ միաժամանակ ապահովելով «պրեստիժի» բաղադրիչը։

Հ. Գ. Ի դեպ, այսօր Ոստիկանությունը զինաթափել է նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի թիկնազորին։ Մեկնաբանելով այդ գործողությունը, Արզաքանցյանն ասել է, որ դա շոու է, և, որ իր թիկնապահները Ոստիկանության աշխատակիցներ են։ Անկեղծ ասած, զուտ  իրավական հարթության մեջ չենք կարող ասել, թե Ոստիկանության աշխատակիցն ինչո՞ւ է ապահովում նախկին պատգամավորի անվտանգությունը։ Սակայն, թեկուզ միայն այն դրվագը, որտեղ երևում է, թե ոստիկան-թիկնապահն ինչպես է բացում մեքենայի դուռը մեկի առաջ, որը ոչ կին է (որ ընդունես որպես ջենթլմենություն), ոչ էլ պետական բարձր պաշտոն զբաղեցնող տղամարդ (կարող եք տեսնել տեսանյութում, 0.24-0.28 հատվածը), արդեն իսկ բնութագրում է այս երկրի իրավապահ համակարգի էությունը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս