Տիգրան Արզաքանցյանը` Ոստիկանության լրահոսում (տեսանյութ)
ՀՀ ոստիկանությայն կայքէջում տեղադրվել է այն տեսանյութը, որտեղ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Գրեյթ Վելլի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանի և նրա թիկնազորի ավտոմեքենաները երթևեկում հանդիպակաց գոտով:
«Համակեցության կանոնները պարտադիր են բոլորիս համար, իսկ հասարակությունը հավասարների միություն է: Այս անքննարկելի իրողությունն ընկալվում և ընդունվում է բոլորի կողմից, չհաշված որոշ բացառությունների, որոնք իրենց հենց այդպիսին` բացառություն էլ համարում են` հավասարների մեջ բացառիկ, օրենքի հանդեպ` արտոնյալ, մարդացուցակում` առանձնակի` իրենց սպասավորներով, ավտոշարասյուներով, անկարգությամբ:
Սոցիալական հիվանդության տեսակ է, անշուշտ, և կարող է բուժվել միայն հիվանդի ցանկության դեպքում: Բայց, ցավոք, ոչ բոլորն են այդպիսի կամք դրսևորում` չգիտակցելով, որ ինքնադրսևորման ճանապարհը բարեկրթությունն է, խոնարհությունը, հավասարությունը: Ապագա ունի միայն հավասարների հասարակությունը, հավասարների երկիրը: Եվ նույն հասարակությունը չի հանդուրժի այս սկզբունքը մերժողներին, իսկ համառողները կարժանանան համապատասխան վերաբերմունքի ու պատասխանատվության»,- ասված է ՀՀ ոստիկանության կայքէջում տեսանյութի հետ տեղադրված նյութում:
Հ. Գ. Տեղեկացնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը news.am-ի թղթակցի հետ հարցազրույցում անդրադարձել է իր թիկնապահներին զինաթափելու մասին տեղեկություններին` ասելով. «Իմ թիկնապահները ոստիկանության աշխատակիցներ են: Ստացվում է, որ իրենք զինաթափել են իրենց աշխատակիցներին: Սա շոու է, բայց, թե ո՞ւմ համար են այս շոուն իրականացնում, ես չգիտեմ»: