Ե՞րբ է ԲԱՄՕ-ն մարելու վարկը

Գրեթե երկու տարի է, ինչ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 75 տոկոսը գտնվում է ՀՀ պաշտպանության նախարարության
ենթակայության տակ:

Ըստ շրջանառվող լուրերի` ընկերության սեփականատերերը` եղբայրներ Հովհաննես, Հակոբ և Մուրադ Մուրադյանները, ՀՀ կառավարությունից իրենց մեկ այլ ընկերության անունով 20 միլիոն դոլարի վարկ էին վերցրել, որի դիմաց գրավադրել էին Մարզահամերգային համալիրի բաժնետոմսերի 75 տոկոսը: Լուրեր էին շրջանառվում նաև, որ կառավարությունը գումարը հատկացրել է Սոչի քաղաքում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով: Ժամանակին Մուրադյաններից Բորիս Մուրադյանը հաստատել էր նման գործարքի գոյության փաստը:

«168 Ժամի» տեղեկություններով, սակայն, 2009 թվականին Հայաստանին հատկացված հայտնի 500 մլն դոլար «ռուսական վարկից» ավելի քան 50 մլն դոլար է տրամադրվել ԲԱՄՕ ընկերության սեփականատերերին, և 2011 թվականից սկսած վարկային պարտավորությունների կատարման հետ կապված խնդիրներ են առաջացել: Մեր տեղեկություններով, այդ հարցում տարաձայնություններ էին առաջացել սեփականատեր եղբայրներից հատկապես` Մուրադ և նրա եղբայր Բորիս Մուրադյանների միջև: Նշվում էր, որ ֆինանսական այդ խնդիրները լուծելու նպատակով Բորիս Մուրադյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին առաջարկել էր գնել Մարզահամերգային համալիրի որոշակի բաժնեմասը, ինչին դեմ է արտահայտվել եղբայրը` Մ. Մուրադյանը: Խոսակցություններ կան անգամ, որ երկու եղբայրներն, ունեցվածքի բաժանման հետ կապված, դիմել էին դատարան:

Այս վարկային պատմության և առաջացած խնդիրների առնչությամբ զրուցեցինք «ԲԱՄՕ Մետալ» ընկերության սեփականատեր, «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի բաժնետեր, Իրաքում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուրադ Մուրադյանի հետ:

Կարդացեք նաև

– Ո՞րն է պատճառը, որ 20 մլն վարկը ժամանակին չի մարվել: Հնարավո՞ր է, որ մոտակա ժամանակներում այն մարվի:

– Անշուշտ, հնարավոր է: Դրա համար Մարզահամերգային համալիրի վրա ԲԱՄՕ ընկերությունը 40 մլն դոլար ինվեստիցիա է կատարել: Ընկերությունը վարկը վերցրել է, գրավադրել է իր ինվեստիցիան: Դե, հիմա չի ստացվել, պրոբլեմներ են առաջացել կոմպանիայի մոտ: Ինքը տվել է իր բաժնետոմսերը պետությանը, որոնք էլ գրավ են դրել: Մոտակա ժամանակներում ինքը կլուծի այդ հարցը:

– Ինքը ասելով` նկատի ունեք Ձեր եղբո՞րը` Բորիս Մուրադյանի՞ն:

– Ոչ: Հիմա Մարզահամերգային համալիրի հիմնական փայատերը, բաժնետերը ինքն է` Բորիս Մուրադյանն է: Ինքը իր ողջ կարողությունը գրավ է դրել ու ողջ պատասխանատվությունը վերցրել է իր վրա:

– Պարոն Մուրադյան, ըստ շրջանառվող լուրերի` այդ 20 մլն դոլարի վարկը Սոչիում հյուրանոց կառուցելու նպատակով է հատկացվել, ճի՞շտ է:

– Ոչ:

– Իսկ ի՞նչ նպատակներով եք վերցրել:

– Վարկը վերցրել են երկու մասնավոր առևտրային բանկերից, որպեսզի տնտեսական ինվեստիցիոն ծրագրեր իրականացնի Հայաստանում: Բայց, որ այս գործունեությունը չի ստացվել, չի կատարվել` խնդիրներ են առաջացել նրա մոտ, ֆինանսական պրոբլեմներ, բայց կարծում եմ, որ շատ մոտիկ ժամանակներում, շա՜տ մոտիկ ժամանակներում կլուծվի: Երկու տարի նա տոկոսներ է մուծել գրեթե 2-3 մլն դոլարի չափով: Հիմա «ԲԱՄՕ» ընկերության գործունեությունն արդեն աշխուժացել է Ռուսաստանում, որովհետև այն ժամանակ Ռուսաստանի ընդհանուր վիճակն էր շատ վատ: Բայց քանի որ ընկերությունը Ռուսաստանում պայմանագրեր ունի, լավ պատվերներ ունի, կարծում եմ` շատ մոտիկ ժամանակում կկարգավորի այս հարցը:

– Ըստ լուրերի, սակայն, գումարը տրվել էր «ԲԱՄՕ» ընկերության կողմից` Սոչիում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով: Եվ այն, որ ՀՀ կառավարությունն առնչություն ուներ այդ հյուրանոցային համալիրի կառուցման հետ, հաստատվում էր այն փաստով, որ Սոչիում կառուցվելիք «Արմենիա» անունը կրող հյուրանոցային համալիրի ճարտարապետական մրցույթի ժյուրիի կազմում 2009թ. ընդգրկված է եղել նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ով այն ժամանակ զբաղեցրել է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի և Հայաստանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը: Եվ, ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, Նարեկ Սարգսյանի այցը Սոչի ձևակերպվել է` որպես գործուղում:

– «Արմենիա» հյուրանոցի կառուցումն ընդհանուր առմամբ ծրագիր էր, որը կայացավ այն ժամանակ` Ռուսաստանի Դաշնության վարչապետ, այժմ` նախագահ Պուտինի նախաձեռնությամբ: ԱՊՀ յուրաքանչյուր երկիր հնարավորություն ստացավ կառուցել իր համար հյուրանոց: Եթե հող է հատկացվում Հայաստանի անվան տակ, ուրեմն մենք կարող ենք հյուրանոց կառուցել մեր միջոցների հաշվին: Եվ մենք նախաձեռնեցինք, կազմակերպեցինք, դիմեցինք Պուտինին, որ կա հայ-ռուսական «ԲԱՄՕ» ընկերություն, որը հնարավորություններ ունի կառուցելու:

Այս ընթացքում մենք կնքեցինք նախնական պայմանագրեր հողի համար: Բայց հյուրանոց կառուցելու համար պետք է անցկացվեր ճարտարապետական մրցույթ, որը ևս անցկացրեցինք մեր նախաձեռնությամբ, որ լինի իսկական հայկական ճարտարապետություն, որ կրի «Հայաստան» անունը: Ճարտարապետական մրցույթի անցկացման համար մենք 400-500.000 դոլարի ծախս կատարեցինք. մրցույթը հաղթողների, հյուրանոցում մնացողների, տոմսերի ծախսերն իրականացրել ենք, և, հավանաբար, պարոն Նարեկ Սարգսյանը ՀՀ կառավարության որոշմամբ ուղարկվել է Սոչի: Չնայած ես այդքան էլ լավ տեղյակ չեմ: Բայց եղել է ոչ միայն Նարեկ Սարգսյանը, այլ նաև երեք-չորս հայաստանցի այլ ճարտարապետներ ու նաև Ռուսաստանից ժամանած ներկայացուցչական ճարտարապետներ: Կազմակերպվեց շատ մեծ մակարդակով:

Բայց զարգացումներն այլ եղան: Ես մի քանի անգամ հանդիպել եմ Ռուսաստանի փոխվարչապետի հետ. այն 23 հեկտարը, որ բաժանվել էր ԱՊՀ, կարծեմ, բոլոր 7 երկրների միջև, իրենցից ոչ մեկն առաջարկով հանդես չեկավ, ոչ մեկը չցանկացավ հյուրանոցային համալիրներ կառուցել: Դրա համար Ռուսաստանի կառավարությունը որոշում կայացրեց` ամբողջն իրենց համար, իրենց պետական միջոցների հաշվին համալիր կառուցել էժան գներով, որ հետագայում որպես բնակարաններ վաճառեն: Չնայած, որ այդքան ծախսեր էինք կատարել, բայց մենք հրաժարվեցինք այդ մտքից: Սա է եղել նախնական ողջ պատմությունը: Մեզ մոտ շատ գեղեցիկ «պառիվ» էր առաջացել, մարդիկ էլ ուրախանում էին, որ լինի մասնավոր, բայց հայկական շատ գեղեցիկ համալիր:

– Ճի՞շտ է, որ այդ 20 մլն դոլարը Ձեզ տրամադրվել է ռուսական 500 մլն դոլար վարկից:

– Ո՛չ, դա ճիշտ չէ: Այդ գումարները ստացել ենք առևտրային երկու բանկերից, բայց  դա ի՞նչ կապ ունի: Դա ճիշտ չէ:

– Պարոն Մուրադյան, դատական վեճը, որի մի կողմում Դուք էիք, մյուս կողմում` Ձեր երեք եղբայրներն, ինչպե՞ս ավարտվեց:

– Մենք մեծ ընտանիք ենք, մեծ բաժնետիրական ընկերություն է, բայց փոքրիկ հարցեր են եղել:

– Ճի՞շտ է, որ վեճի պատճառը եղել է այն, որ ի սկզբանե վարկի համար Համալիրի բաժնետոմսերի 100 տոկոսն է գրավադրված եղել:

– Ոչ:

– Իսկ ո՞րն էր վեճի պատճառը, Համալիրի հետ կապվա՞ծ էր:

– Դա Համալիրի կառավարման հետ էր կապված:

Հ.Գ. Հիշեցնենք, որ Մարզահամերգային համալիրը 5 միլիոն 700 հազար դոլարով ԲԱՄՕ ընկերությանը մասնավորեցվել է 2005 թվականի օգոստոսին: ՀՀ կառավարության 2009-ի հոկտեմբերի 26-ի որոշման համաձայն` 2005թ. սեպտեմբերից մինչև 2008թ. սեպտեմբերը ԲԱՄՕ-ն Համալիրում ներդրել է 4 միլիարդ 275 միլիոն դրամ, որն այն ժամանակվա փոխարժեքով կազմել է մոտ 14 միլիոն դոլար:

Տեսանյութեր

Լրահոս