Բաժիններ՝

«Ռեստորաններում դժվար է ապահովել սոցիալական հեռավորություն. մարդիկ պետք է այդ վայրերում պարեն, պատկերացնո՞ւմ եք՝ դիմակներով վեր կենան ու պարեն». Բաբկեն Պիպոյան

Չնայած նախոդ ամսվա վերջին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեսյբուքյան իր էջում հանրությանը կոչ էր արել նույնիսկ շաբաթ-կիրակի օրերին տանը մնալ, չայցելել մարդաշատ վայրեր, այդ թվում՝ սրճարաններ, ռեստորաններ, քաղաքից դուրս, այդուհանդերձ երևանյան սրճարանները հաճախորդների պակաս չունեն, իսկ շաբաթ-կիրակի օրերին քաղաքից դուրս՝ հանգստյան գոտիներում, ծառերի տակ, տաղավարներում բազմաթիվ խմբերի կարելի է տեսնել։

Արտակարգ դրության և համավարակի պայմաններում այս պատկերն առաջացրել է շատերի զարմանքն ու զայրույթը, համացանցում բազմաթիվ օգտատերեր կարծիք են հայտնում, թե ինչու են երկարացնում արտակարգ դրությունը, արգելում ազատ հավաքներ անցկացնելը, ռեստորաններին արգելում են միջոցառումներ անցկացնել, բայց սրճարաններում ազատ տեղ չկա։

168.am-ի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ այս պարագայում խնդիրը պետք է դիտարկել համաճարակաբանական ռիսկերի տեսանկյունից, և արդյոք մեթոդները, որոնք ընտրված են՝ լավագո՞ւյնն են, թե՞ ոչ։

«Դրանց գնահատականներ տալու համար մի քանի փաստ է պետք իրար հետ համադրել։ Զուգահեռ տանել հավաքների և սրճարանների միջև, ըստ իս՝ տեղին չէ, ինչո՞ւ, որովհետև ըստ էության գործ ունենք տարբեր բաների հետ։ Մի կողմից՝ որոշակի իմաստով սահմանափակված է խոսքի իրացման և կարծիքի արտահայտման իրավունքը, բայց պետք է հասկանանք, որ կորոնավիրուսն իր հետ բերել է ազգային անվտանգության տեսանկյունից մի շարք խնդիրներ։ Օրինակ, սոցիալ-առողջապահական, տնտեսական անվտանգության խնդիրներ։ Եթե անգամ դիտարկենք իրավական անվտանգության խնդիրները, ապա այնպես անել, որ բոլոր իրավունքներն իրացվեն 100 տոկոսով՝ հնարավոր չէ, որոշ դեպքերում մի բան անում ենք մյուսի հաշվին։ Այսինքն՝ տնտեսական անվտանգությունից ելնելով, սոցիալ-առողջապահական անվտանգության հաշվին կարգավորում ենք տնտեսական անվտանգությունը, նույնն էլ անում ենք նաև հակառակը»,- ասաց Բաբկեն Պիպոյանը։

Նրա խոսքով՝ արտակարգ դրության հենց սկզբում ամբողջ տնտեսությունը փակվել էր, քանի որ գործ ունեին շատ բարձր սոցիալ-առողջապահական ռիսկի հետ, հետևաբար՝ տնտեսությունը փակվեց, որպեսզի կարողանային ապահովել սոցիալ-առողջապահական անվտանգությունը։
Ինչ վերաբերում է ռեստորաններին, ապա Բաբկեն Պիպոյանը նշեց, որ ռեստորաններն այսօր էլ աշխատում են, օրենքով որևէ արգելանք դրված չէ, պարզապես արգելվում է այդ վայրերում զանգվածային միջոցառումների անցկացումը։

«Հիմա եթե մտնենք որևէ սրճարան, ապա առնվազն գիտենք, որ կան սահմանված չափորոշիչներ, որոնց ցանկացած սրճարան պետք է համապատասխանի։ Այդ չափորոշիչներից մեկը հետևյալն է, որ սեղանների միջև պարտադիր պետք է լինի սոցիալական հեռավորություն, այսինքն՝ մի սեղանը մյուսից պետք է ունենա հստակ հեռավորություն։ Գիտենք նաև, որ ռեստորանի կամ սրճարանի տարածքում շրջելու ընթացքում այն բոլոր պահանջները, որոնք դրված են՝ դիմակի և այլնի մասով, գործում են։

Երրորդ ամենակարևոր պահանջը, որը ներկայացված է՝ այն է, որ մեկ սեղանի շուրջ 5 և ավելի մարդ չպետք է նստի։ Այս ամենն արվել է, որպեսզի նվազեցվի վարակի տարածման ռիսկը։ Քննարկվել է նաև 2 անձի առկայությունը մեկ սեղանի շուրջ, սակայն քննարկումների ընթացքում հասկացել են՝ այդպիսով տնտեսական շատ ավելի մեծ ռիսկ կունենան, քանի որ դա հավասար կլիներ սրճարանների չբացվելուն։ Հետևաբար՝ կանգ են առել միջին թվի վրա, որն այս դեպքում 5-ն է»,- հավելեց Բ. Պիպոյանը։

Շարունակելով, Բաբկեն Պիպոյանը նկատեց՝ արդյո՞ք ռեստորաններում հանրային առողջապահական ռիսկը հավասարեցված է սրճարաններում հանրային առողջապահական ռիսկին։ Այստեղ խոսքը միջոցառումների մասին է, քանի որ փակ ռեստորաններում արգելված է մեծ միջոցառումների անցկացումը։

«Ըստ էության, այստեղ դժվար է ապահովել սոցիալական հեռավորություն, մարդիկ պետք է այդ վայրերում պարեն, պատկերացնո՞ւմ եք՝ մարդիկ դիմակներով վեր կենան ու պարեն։ Եթե այս ամենը կյանքի կոչելը տեսականորեն անգամ օրենքին համապատասխան հնարավոր չէ անել, ավելի ճիշտ է արգելել, քան ասել՝ թողնում ենք, բայց այսպես կամ այնպես կանենք, սա կստացվի մարդկանց ձեռք առնել։ Սրան զուգահեռ՝ չի արվում մեկ կարևոր խնդիր, այն է՝ պետական մակարդակով ոլորտում խնդիրների գույքագրում և համապատասխան աջակցման ծրագրերի մշակում։ Ամբողջ խնդիրն այն է, որ մենք պետք է գիտակցենք, ընդունենք, որ իրավունքը պետք է սահմանված լինի այնպես, որ մենք ցանկանանք այդ իրավունքը կյանքի կոչել, բայց մյուս կողմից էլ՝ գիտակցության մեջ պետք է մտնի, որ, եթե կա օրենք, ապա այն քանի դեռ հետ չի ընդունվել՝ պետք է պահել։ Մենք ոչ թե ասում ենք, որ օրենքը վատն է, այն չենք պահում, այլ պետք է ասենք, որ օրենքը վատն է, այն պետք է փոխել»,- եզրափակեց Բաբկեն Պիպոյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս