Թալեաթի բացառիկ հեռագրերը, թե ինչպես կազմակերպվեց Հայոց ցեղասպանությունը
1921 թվականին Բոստոնում տպագրվում է սփյուռքահայ գրող-հրապարակախոս Արամ Անտոնյանի վավերագրական ժանրի գիրքը՝ «Մեծ ոճիրը»: Արամ Անտոնյանը (1887-1952) այն եզակի մարդկանցից էր, ով կարողացավ Հայոց ցեղասպանության ժամանակ ողջ դուրս գալ Դեյր-էլ-Զորի անապատից, որտեղ կոտորում էին հայերին կամ սովամահ անում:

Գրքում առաջին անգամ ներկայացվեցին Հայոց ցեղասպանությանը վերաբերող կարևոր վավերագրեր՝ վկայություններ, պաշտոնական հրամաններ, ծածկագրեր, հեռագրեր, նամակներ և այլ գրավոր աղբյուրներ։ Գրքում ներկայացված է Նաիմ Բեյի հուշագրությունները, նրան պատկանող որոշ գաղտնի փաստաթղթեր, ու Թալեաթ Փաշայի հեռագրերը:
Այդ փաստաթղթերը Նայիմ Բեյը տվել է Արամ Անտոնյանին: Կարդալով այդ հեռագրերը, գաղտնի փաստաթղթերը, ամբողջական պատկեր ենք կազմում, թե ինչպես է Օսմանյան Թուրքիան կազմակերպել Հայոց ցեղասպանությունը, ի՞նչ հրամաններ է տվել Թալեաթը, և ի՞նչ մեթոդով են իրականացրել հայերի կոտորածները:

Թալեաթի գաղտնի հեռագրերում նկատում ենք, որ նա բացեիբաց խոսում է հայերի մասին, որոնց պետք է ուղարկել անապատները կոտորելու: Այդ մասին կարդում ենք Թալեաթի 1915 թվականի դեկտեմբերի հեռագրում.
N 801
«Հալէպի Կուսակալութեան.
Առ հասարակ ամէն հատատութեան.
Երկաթուղիի եւ ուրիշ շինութիւններու գործերուն մէջ ծառայող Հայերուն ալ իրենց տարագրութեան վայրերը ղրկուելնին որոշուած եւ այս մասին պատերազմական նախարարութենէն բանակի հրամանատարութեանց տեղեկութիւն տրուած է: Արդիւնքը հաղորդեցեք:
26 Դեկտ. 915. «Ներքին Գործոց նախարար Թալլէադ»: (Անտոնյան Ա., «Մեծ ոճիրը», Բոստոն, 1921, էջ 58):
Արդեն իսկ 1916 թվականի հեռագրերից մեկում ևս կարդում ենք Արևմտյան Հայաստանի հայերին իրենց բնակավայրերից հեռացնելու, դեպի անապատ տանելու և կոտորելու մասին.
N 840
«Հալէպի Կուսակալութեան.
«Կը լսենք որ Ինթիլլի, Այրանի շրջականերէն սկսեալ մինչև Հալէպ երկարող գիծերու ճամբաներուն երկայնքը, մեծագոյն մասը կին եւ պզտիկներ, 40-50, 000 Հայերը կը գտնուին: Ամենախիստ կերպով պիտի պատժուին այն անձերը որոնք զինուորական առաքմանց համար մեծ կարեւորութիւն ունեցող այդ դիրքերուն վրայ թշուառութեան համախմբման մը կազմուելուն պատճառ կըլլան: Հետեւաբար Ատանայի կուսակալութեան հետ բանակցելով, անմիջապէս, առանց Հալէպ հանդիպցնելու, հետիոտն իրենց տարագրութեան վայրերը (անապատները) ղրկեցէք այդ Հայերը: Կարեւորութեամբ կը սպասեմ որ մինչեւ շաբաթ մը հաղորդէք անոր արդիւնքը»:

16 Յունուար 916. «Ներքին Գործոց նախարար Թալլէադ»: (Նույն տեղում, էջ 59):
Հեռագրերում նաև հանդիպում ենք փաստեր, թե ինչպես էին համոզում կանանց, երեխաներին և ծերերին, որ գաղթի ընթացքում կամ այսպես կոչված «անվտանգ վայր» տեղափոխվելուց անմիջապես հետո իրենց ընտանիքներին են միանալու իրենց տղամարդիկ, ամուսիններն ու հայրերը.

N 860
«Հալէպի Կուսակալութեան.
«Պատասխան 27 Յունուար 916 ծանուցագրին. –
Համոզեցէք զիրենք թէ այրերնին ի վերջոյ իրենց պիտի միանան, եւ ղրկեցէ՛ք տարագրութեան վայրերը:
2 Փետրուար 916. «Ներքին Գործոց նախարար Թալլէադ»: (Նույն տեղում, էջ 61):

Արամ Անտոնյանի «Մեծ ոճիրը» Հայոց ցեղասպանության առաջին կարևոր վավերագրական աշխատություններից է, որը հիմնված է իրական փաստաթղթերի և վկայությունների վրա։ Գաղտնի նյութերը և Թալեաթ փաշայի հեռագրերը բացահայտում են ցեղասպանության ծրագրավորված և համակարգված բնույթը։ Այդ փաստաթղթերը հստակ ցույց են տալիս, թե ինչպես էին օսմանյան իշխանությունները կազմակերպում հայերի տեղահանումն ու կոտորածները՝ խաբելով և մոլորեցնելով հայերին:

Այս փաստերը ցույց են տալիս ցեղասպանության իրական մեխանիզմները՝ որպես թուրքերի կողմից կազմակերպված հանցագործություն։
Զ. Շուշեցի



