«Ձորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում սպանությունների (հանկարծամահությունների) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ ապրիլի 16-ին Քանաքեռ շրջանցիկ թունել 52 հասցեում գործող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվեկշռում գտնվող «Ձորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում տեղի ունեցած 2 մահերի դեպքով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 05։40-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված կենտրոնում դիեր կան։
Նշված կենտրոն են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են, և նշված կենտրոնում հայտնաբերվել է 38-ամյա Հերիքնազ Ս․-ի դին։
Ժամեր անց ոստիկանության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված խնամքի կենտրոնում ևս դի կա։
Բաժնի պետ Ռ․ Ներսիսյանի գլխավորությամբ օպերատիվ խումբը ժամանել է և տեղում պարզել, որ տեղեկությունը հավաստի է։
Նշված կենտրոնում հայտնաբերվել է 74-ամյա Ներսես Ե․-ի դին։
2 դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



