Բաժիններ՝

«Ես օրինապաշտ քաղաքացի եմ․ հնարավորինս կկատարեմ այդ օրենքը». Արմեն Չարչյան

Այսօր կառավարության հերթական նիստի ընթացքում ընդունվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ այդմ՝ Արտակարգ դրության ժամանակ ՀՀ բոլոր ԲԿ-ների կառավարումը տրվելու է Առողջապահության նախարարությանը:

Նախարար Արսեն Թորոսյանի համոզմամբ՝ արտակարգ իրավիճակներում անհրաժեշտություն է առաջանում համակարգի կենտրոնացված կառավարման, որն ավելի օպերատիվ է և ավելի համահունչ է իրավիճակին.

«Ուզում եմ հիշեցնել, որ նմանատիպ կարգավորում կա «Ռազմական դրության մասին» օրենքում, որն  ընդունվել է անցյալ տարի և, ըստ էության, իրավիճակների նման լինելը մեզ դրդել է գնալ նման փոփոխությունների»:

168.am«Իզմիրլյան» բ/կ տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանից հետաքրքրվեց՝ արդյոք սույն փաթեթը մշակելիս Առողջապահության նախարարությունը լսե՞լ է նաև մասնավոր բուժհաստատությունների տնօրենների կարծիքը, և ի՞նչ դիրքորոշում ունի նա՝ գործադիրի այս որոշման առնչությամբ, Արմեն Չարչյանը պատասխանեց. «Եթե կառավարությունը որոշեց, եթե ԱԺ-ն հաստատեց, և, եթե ՀՀ նախագահը ստորագրեց, դա արդեն օրենքի ուժ է ստանում, իսկ ես օրինապաշտ քաղաքացի եմ՝ հնարավորինս կկատարեմ այդ օրենքը»:

Հիշեցնենք, սույն փաթեթը դեռևս մշակման փուլում էր, երբ թեմայով 168.am-ը հրապարակել էր Արաբկիր բ/կ ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի կարծիքը, ով նկատել էր, որ նման որոշումը կարող է աննախադեպ լինել.

«Իհարկե, սա աննախադեպ մի որոշում կարող է լինել, և կարծում եմ, որ առողջապահության համար սա ճարահատյալ որոշում է, որովհետև մնացած կառույցները, կազմակերպություններն ու հանրությունը չեն ապահովել այն պայմանները, որոնք կսահմանափակեին վարակի տարածումը: Եվ ամբողջ բեռն այսօր, փաստորեն, թողնված է առողջապահության վրա»:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը  նաև քննադատությունների էր արժանացել։

«Արտակարգ դրության պայմաններում պետությունը հնարավորություն ունի նույնիսկ սեփականատերերից նախնական հատուցմամբ վերցնել իրենց սեփականությունը, եթե դա ուղղված է արտակարգ դրության հանգեցրած իրավիճակի հաղթահարմանը: Այս տեսանկյունից՝ արտակարգ դրության պայմաններում այսպիսի գործիքների կիրառումը, կարծում եմ, կարող է իրավական լինել, եթե ընթացակարգերն են պահպանված և հիմնավորումներն են ճշգրիտ»,- 168.am-ի խնդրանքով՝ անդրադառնալով Առողջապահության նախարարությունում մշակվող նոր օրենսդրական փաթեթին՝ ասել էր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Իրավապաշտպանի համոզմամբ, սակայն, խնդիրն արտակարգ դրության ժամանակ պետության անարդյունավետ կառավարումն է. «Արդեն որերորդ ամիսն է՝ մեզ մոտ արտակարգ դրություն է, և պետությունը պայքարում է խիստ անարդյունավետ, որի պատճառով օր օրի ավելի շատ են սահմանափակվում տարբեր մարդկանց տարբեր իրավունքներ: Պետությունն առիթն օգտագործելով՝ տարբեր ապօրինություններ է իրականացնում, և այդ տևականությունը հաշվի առնելով՝ կարելի է ասել, չարամտությունը հաշվի առնելով՝ գուցե կարելի է այս որոշումը վիճարկելի և վիճելի համարել: Մնացած մասով, կրկնում եմ, արտակարգ դրության պայմաններում նման գործիքների կիրառումը տարօրինակ համարվել չի կարող»:

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի անդամ, բժիշկ Գևորգ Գրիգորյանի գնահատմամբ, թեև սույն նախագիծն օրենսդրական դաշտում կարելի է ինչ-որ կերպ դիտարկել, որովհետև խոսքն արտակարգ դրությունների, համաճարակների ժամանակ անհրաժեշտ գործողությունների մասին է, բայց գործնականում չի պատկերացնում դրա կիրառելիությունը. «Պրակտիկ առումով ես չեմ պատկերացնում, որ, օրինակ, Արա Բաբլոյանը, Հարություն Քուշկյանը, Օկոևը, Աբրահամյան Ռազմիկը և շատուշատ փոքր ու մեծ բուժկենտրոնների ղեկավարներ  ինչպես են իրենց հիմնարկի կառավարումը վստահելու Առողջապահության նախարարությանը, մասնավորապես՝ այս ապիկար թիմով Առողջապահության նախարարությանը՝ այն էլ՝ երկրի համար ծանր իրավիճակներում, չեմ պատկերացնում: Ինչպես նաև չեմ պատկերացնում բուժաշխատողների արձագանքն այդ ամեն ինչին. սա այն պարագան է, երբ բուժաշխատողների խոսքը հերթական անգամ հաշվի չի առնվում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս