ՀՀ բոլոր ԲԿ-ների կառավարումը կտրվի Առողջապահության նախարարությանը. այդպես կլինի նաև հետագա արտակարգ դրությունների ժամանակ
Այսօր կառավարության հերթական նիստի ընթացքում ընդունվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Զեկուցող ԱՆ Արսեն Թորոսյանը հիշեցրեց, որ սույն փաթեթները պատրաստելու սկզբունքային համաձայնություն էին ձեռք բերել պարետատան նիստերից մեկում, և մանրամասնեց. «Առաջարկվող փաթեթով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթով առաջարկում ենք սահմանել, որ Արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կառավարման լիազորություններն անցնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին (բացառությամբ Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների)` արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ սահմանված ծավալներով և լիազորությունների շրջանակով:
Երկրորդը՝ Արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպվում է առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանների համաձայն, որոնք չկատարելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն»:
Եվ երրորդ սկզբունքային կետը՝ Արտակարգ դրության ժամանակ բժշկական կազմակերպություններում ներգրավված բուժանձնակազմի կողմից բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելուց, ինչպես նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխան՝ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողների կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորների կողմից համապատասխան վերապատրաստում անցնելը կամ բնակչության բժշկական օգնության և սպասարկման գործընթացին ներգրավվելը դաձել է պարտադիր՝ առողջապահության նախարարի հրամանի համաձայն, և այս կարգավորումներից խուսափելն առաջացնում է պատասխանատվություն՝ վարչակական իրավախախտումների մասին օրենսգրքով նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից 500-ապատիկի չափով»:
Ըստ նախարարի՝ արտակարգ իրավիճակներում անհրաժեշտություն է առաջանում համակարգի կենտրոնացված կառավարման, որն ավելի օպերատիվ է և ավելի համահունչ է իրավիճակին, քան «խաղաղ» պայմաններում գործող իրավակարգավորումները, երբ առաջնորդվում ենք գործող իրավական ակտերով և պրոցեդուրաներով. «Ուզում եմ հիշեցնել, որ նմանատիպ կարգավորում կա «Ռազմական դրության մասին» օրենքում, որն ընդունվել է անցյալ տարի, և, ըստ էության, իրավիճակների նման լինելը մեզ դրդել է գնալ նման փոփոխությունների:
Ի պատասխան այն մտահոգությունների, թե տեղի է ունենալու ամբողջ համակարգի միանձնյա մի կետից կառավարում իր բոլոր կոմպոնենտներով՝ նախարարը հայտնեց. «Ուզում եմ հատուկ շեշտել, որ կառավարման լիազորություններն անցնելու ծավալներն ու շրջանակները որոշվելու է ամեն կոնկրետ դեպքում և իրավիճակին համահունչ՝ այսինքն՝ ԱԴ հայտարարելու մասին որոշման մեջ նշված է լինելու, թե այդ կառավարման լիազորությունները որոնք են և ինչ ծավալով են»:
Ա. Թորոսյանն առաջարկեց այս նախագիծն ընդունել, ուղարկել Ազգային ժողով, ինչպես նաև այն դարձնել անհետաձգելի՝ նկատելով, որ դա նաև հետագա հնարավոր Արտակարգ դրությունների համար է արվում:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը թեև նշեց, որ նպատակը պարզ է, սակայն նշեց. «Մենք տնտեսվարողին ինչ-որ պահի ասում ենք՝ այս պահից ինչ-որ ծավալով տնտեսվարումը մենք ենք իրականացնում: Հիմա դա ենթադրում է որոշակի գույքաֆինանսական իրավունքների և պարտականությունների կոնսոլիդացիա կամ գոնե տարանջատում, որովհետև ես ինչ ռիսկեր եմ տեսնում այստեղ՝ եթե այդ հարցը այստեղ չկարգավորենք, իրենք հետո կասեն՝ այ ընթացքը, որ դուք իրականացրել եք այս օրենքի ուժով, վնասներ եք պատճառել, որը խնդրում ենք հատուցել: Եվ այդ պահանջը կլինի ակնհայտ հիմնավորված, և մենք կունենանք պոտենցիալ ծախսակույտ, որը ստիպված կլինենք համակարգի մասնավոր կառույցներին հատուցել: Չարժե՞ մի կարգավորում մտցնենք, թե ինչպես են տարանջատվում այս գործընթացում ֆինանսական պարտավորությունները»:
Ա. Թորոսյանն էլ փոխվարչապետի հարցին ի պատասխան՝ ասաց, որ այդ հարցը կարգավորված է այլ իրավական ակտով, և պետությունը պարտավոր է պատճառված վնասները փոխհատուցել: Մ. Գրիգորյանը հակադարձեց, թե այդ դեպքում կառաջանա պոտենցիալ չստացված շահույթի վեճ, և առաջարկեց ողջամիտ շահույթի չափ դնել: Նախարարն էլ ի պատասխան՝ նկատեց, որ ինքը չի կարծում, թե չստացված եկամուտը պետք է փոխհատուցվի, և առաջարկեց նման կետ չընդգրկել օրենքում:
Փովարչապետ Տիգրան Ավինյանն ի լրումն հավելեց, որ հարցը կարգավորված է և՛ օրենքով, և՛ կառավարության որոշմամբ, որովհետև նմանատիպ լիազորություններ տրված են պարետին:
Ըստ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ՝ կառավարության որոշումն այս օրենքի ընդունումից հետո պետք է փոփոխությունների ենթարկվի. «Որովհետև իր կարգավորումները հարմարարեցված չեն այս իրավիճակին, այս որոշումը կարգավորված չէ և հարմարեցված չէ այս իրավիճակին»:
Կառավարությունն ընդունեց որոշումը: