Չեմ պատկերացնում՝ ԲԿ ղեկավարներն ինչպես են իրենց հիմնարկի կառավարումը վստահելու այս ապիկար թիմով Առողջապահության նախարարությանը. Մասնագետները՝ ԱՆ-ում մշակվող օրենսդրական փաթեթի մասին
«Արտակարգ դրության պայմաններում պետությունը հնարավորություն ունի նույնիսկ սեփականատերերից նախնական հատուցմամբ վերցնել իրենց սեփականությունը, եթե դա ուղղված է արտակարգ դրության հանգեցրած իրավիճակի հաղթահարմանը: Այս տեսանկյյունից՝ արտակարգ դրության պայմաններում այսպիսի գործիքների կիրառումը, կարծում եմ, կարող է իրավական լինել, եթե ընթացակարգերն են պահպանված և հիմնավորումներն են ճշգրիտ»,- 168.am-ի խնդրանքով՝ անդրադառնալով Առողջապահության նախարարությունում մշակվող նոր օրենսդրական փաթեթին՝ ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Հիշեցնենք՝ Առողջապահության նախարարությունը նախատեսում է հաջորդ շաբաթ Ազգային ժողով ներկայացնել օրենսդրական փաթեթ, ըստ որի՝ առողջապահական համակարգը արտակարգ դրության ժամանակ պետք է ունենա կենտրոնացված կառավարում:
«Համաձայն սպասվող օրենսդրական փոփոխությունների՝ արտակարգ դրության ժամանակահատվածում կառավարությանը կտրվի լիազորորություն Հայաստանի Հանրապետության բոլոր բժշկական կենտրոնների կառավարումը փոխանցելու Առողջապահության նախարարությանը՝ անկախ բուժահաստատությունների ենթակայության և սեփականության ձևից։ Փոփոխության համաձայն՝ Առողջապահության նախարարությունը կկարողանա ըստ անհրաժեշտության իրականացնել լիցենզավորված բոլոր բժշկական հաստատությունների կառավարումը, իրավունք կունենա նշանակել ժամանակավոր տնօրեններ, որոնք ուղղակիորեն կենթարկվեն նախարարությանը և կկատարեն նախարարի ցուցումները, որպեզի ապահովվի արտակարգ դրության ժամանակ անհրաժեշտ բժշկական ծառայությունների ամբողջ ծավալով մատուցումը: Նմանատիպ կարգավորում նախատեսված է նաև ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքի 11-րդ հոդվածով, որով սահմանված է, որ բոլոր բժշկական կենտրոնների կառավարումն (անկախ սեփականության ձևից) անցնում է Առողջապահության նախարարությանը»,- ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ:
Իրավապաշտպանի համոզմամբ, սակայն, խնդիրն արտակարգ դրության ժամանակ պետության անարդյունավետ կառավարումն է. «Արդեն որերորդ ամիսն է՝ մեզ մոտ արտակարգ դրություն է, և պետությունը պայքարում է խիստ անարդյունավետ, որի պատճառով օր օրի ավելի շատ են սահմանափակվում տարբեր մարդկանց տարբեր իրավունքներ: Պետությունն առիթն օգտագործելով՝ տարբեր ապօրինություններ է իրականացնում, և այդ տևականությունը հաշվի առնելով՝կարելի ասել, չարամտությունը հաշվի առնելով՝ գուցե կարելի է այս որոշումը վիճարկելի և վիճելի համարել: Մնացած մասով, կրկնում եմ, արտակարգ դրության պայմաններում նման գործիքների կիրառումը տարօրինակ համարվել չի կարող»:
«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի անդամ, բժիշկ Գևորգ Գրիգորյանի գնահատմամբ, թեև սույն նախագիծն օրենսդրական դաշտում կարելի է ինչ-որ կերպ դիտարկել, որովհետև խոսքն արտակարգ դրությունների, համաճարակների ժամանակ անհրաժեշտ գործողությունների մասին է, բայց գործնականում չի պատկերացնում դրա կիրառելիությունը.
«Պրակտիկ առումով ես չեմ պատկերացնում, որ, օրինակ, Արա Բաբլոյանը, Հարություն Քուշկյանը, Օկոևը, Աբրահամյան Ռազմիկը և շատուշատ փոքր ու մեծ բուժկենտրոնների ղեկավարներ՝ ինչպես են իրենց հիմնարկի կառավարումը վստահելու Առողջապահության նախարարությանը, մասնավորապես՝ այս ապիկար թիմով Առողջապահության նախարարությանը՝ այն էլ՝ երկրի համար ծանր իրավիճակներում, չեմ պատկերացնում: Ինչպես նաև չեմ պատկերացնում բուժաշխատողների արձագանքն այդ ամեն ինչին. սա այն պարագան է, երբ բուժաշխատողների խոսքը հերթական անգամ հաշվի չի առնվում»:
Ըստ Գևորգ Գրիգորգյանի՝ իշխանությունն առհասարակ ընդունում է այնպիսի օրենքներ, որոնք հենց իրենց տանում են մայրամուտի. «Ողջունում եմ Առողջապահության նախարարի նման մղումները և ցանկանում եմ նրան հաջողություններ»:
168.am-ը զրուցել է նաև մի քանի մասնավոր բուժկենտրոնների ղեկավարների հետ՝ ճշտելու նրանց տեսակետը մշակվող օրենսդրական փաթեթի վերաբերյալ։ Նրանք խոստացել են ծանոթանալ փաթեթին և արձագանքել: Պատասխանները ստանալուն պես՝ կհրապարակենք։