«… Նրանք չգիտեն` ինչ են անում»
ԱԺ երեկվա նիստը տվեց վերջնական պատասխան. ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում: Դա կարելի էր պնդել` անգամ առանց ՀՀ Գլխավոր դատախազի միջնորդագրին ծանոթանալու, լսելով միայն Վարդան Օսկանյանի պատասխան ելույթը: Այն, որ խոսքն իրո՛ք քաղաքական հետապնդման մասին է, վկայում է նաև այն եզրաբանությունը, որով պատգամավորներն անդրադառնում էին ՀՀ Գլխավոր դատախազի միջնորդությանը` զրկել պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից:
Հանձնե՛լ: Եվ երեկ էլ քննարկման առանցքում ամենևին Վարդան Օսկանյանի անմեղությունը չէր. դրանում, Արտաշես Գեղամյանից բացի, համոզված են բոլորը: Խնդիրն այլ էր` հանձնե՞լ, թե՞ չհանձնել: Ընդ որում` խոսքն ակնհայտորեն արդարադատության մարմիններին հանձնել-չհանձնելու մասին չէր: Բոլորը գիտակցում են` «հանձնել»` այս դեպքում նշանակում է` զոհաբերել:
Սա քաղաքական վրեժխնդրություն է: Ընտրված է Վարդան Օսկանյանին հնարավորինս նվաստացնելու ճանապարհը: Հակառակ դեպքում` ԱԱԾ մարմինները պարոն Օսկանյանին չէին հրավիրի իրենց մոտ` նման ստորացուցիչ մեթոդով. ԱԱԾ այցելելու «հրավերն» ուղարկել են ոչ թե անձամբ, այլ «Սիվիլիթասի» հասցեով, բաց ծրարովգ Եվ հետո, դատելով Վարդան Օսկանյանի և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի երեկվա կոնսպիրացված երկխոսությունից, պարզ դարձավ. իշխանությունները, մասնավորապես` Հովիկ Աբրահամյանը, Վարդան Օսկանյանին ինչ-որ խոստումներ, երաշխիքներ են տվել, որոնք չեն կատարել:
Եվ վերջապես` այն, որ պարոն Օսկանյանի հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում, պարզ է անգամ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին: Նա իր ելույթում նկատեց, թե նախկին իշխանությունները, որպես կանոն, չեն դիմանում «դրսին» և սկսում են խոսել գործող իշխանությունների ձախողումների մասին. «Չեմ կարծում, որ պարոն Օսկանյանն այն մարդն է, ով պետք է խառնվեր այդ տեսակի մեջ»:
Սակայն կա մի նյուանս, որը, թերևս, խիստ կարևոր է: «Այսօր մենք չենք քննարկում միայն Վարդան Օսկանյանի խնդիրը: Այսօր մենք քննարկում ենք Հայաստանում քաղաքական մրցակցին, տվյալ դեպքում` ԲՀԿ-ին, մրցակցությունից հանելու փորձի խնդիրը»,- երեկ իր ելույթում հատկապե՛ս շեշտեց պարոն Օսկանյանը:
Սակայն ինձ թույլ եմ տալիս ենթադրել, որ սա քաղաքական հետապնդում է բացառապես Վարդան Օսկանյանի դեմ: Եվ ոչ ԲՀԿ-ի, ինչպես ներկայացվում է: Դարձյալ մեջբերենք Գ. Սահակյանի երեկվա ելույթից. «Երբեք չհավատաք, որ ՀՀԿ-ն որևէ քաղաքական ուժի հետ կհակադրվի, առավելապես կամ մասնավորապես` ԲՀԿ-ի հետ: Մենք մի քանի ամիս առաջ նույն երգն էինք երգում: Այսօր ոչինչ չի փոխվել»:
ԲՀԿ ներկայացուցիչները խորհրդարանում երեկ խիստ բորբոքված էին և իրավացիորեն պնդում էին, որ պարոն Օսկանյանի դեմ տեղի է ունենում քաղաքական հաշվեհարդար: Սակայն նրանց ցասումն ակնհայտորեն չափազանցված էր. իրենք էլ պիտի որ գիտակցեն` գործող իշխանությունը ԲՀԿ-ի դեմ որևէ պրետենզիա չի կարող ունենալ: Եթե անգամ Վ. Օսկանյանին ԲՀԿ-ից մեկուսացնելու խնդիր է դրված, այդ դեպքում էլ ԲՀԿ-ն միայն շահում է. աճում է ԲՀԿ գլխավոր թեկնածուի` Գագիկ Ծառուկյանի հնարավորությունը նախագահական ընտրություններին: Եթե, իհարկե, ԲՀԿ առաջնորդը նման մտադրություն ունի:
Հետևաբար` Վ. Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու քայլն այնքան էլ, եթե չասենք` ընդհանրապես, ԲՀԿ-ի դեմ ուղղված չէ: Եվ հետո` դժվար չէ հիշել, թե ինչպես էր երկրի իշխանություններին, մասնավորապես` երկրի նախագահին, քննադատելու հարցում Վ. Օսկանյանը միշտ միայնակ: Այդ ժամանակ նրա կուսակից ԲՀԿ-ականներին հարցնել չէր լինում` համամի՞տ են Օսկանյանի հետ, թե՞ ոչ: Նրանք բոլորը, մի մարդու պես, պատասխանում էին. «Պարոն Օսկանյանի տեսակետը չենք մեկնաբանում»:
Ի դեպ, Վ. Օսկանյանը երեկ ևս, պայմանականորեն ասած, միայնակ էր` նիստից բացակայում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նախապես ծրագրված կարևոր հանդիպո՞ւմ ուներ արտերկրում: Սակայն աշխարհում ընդունված պրակտիկա է. անգամ երկրների նախագահներն են իրենց պաշտոնական այցերը դադարեցնում, երբ իրենց երկրում ինչ-որ խնդիր է ծագում: Իսկ ԲՀԿ-ում լուրջ խնդիր կար. քննարկվում էր Գագիկ Ծառուկյանի ոչ շարքային կուսակցի` «հանձնել-չհանձնելու» խնդիրը: Կուսակցության ղեկավարի բացակայությունը գնահատվում է մեկ բառով` «հանձնել»:
ԲՀԿ-ական պատգամավորներից մեկը շեշտեց, որ իրենք Վ. Օսկանյանի հետապնդման հարցը կբարձրացնեն ԵԽ ԽՎ-ում: Այո՛, Հայաստանում առանց բարդության կարող են գործ բացել յուրաքանչյուր այլախոհի դեմ: Սակայն հանուն արդարության` մեջբերենք նաև երբեմնի արտգործնախարար, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի խոսքը: Նա հիշեց, թե ինչպես գոնե իր վերջին երկու ձերբակալությունների ժամանակ ԲՀԿ-ն չի ճանաչել իրեն` որպես քաղբանտարկյալ: Ժամանակին քաղբանտարկյալ, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն էլ առիթ ունեցավ հիշելու, թե ինչպես 2008-ի Մարտի 1-ից հետո ԲՀԿ պատգամավորները, առանց տատանվելու, քվեարկեցին իրենց չորս գործընկերներին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին: Ինչ խոսք, նման վերհուշներով չի կարելի հիմնավորել կամ արդարացնել Վ. Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը «կողմ» քվեարկելու քայլը:
Վ. Օսկանյանը քաղաքական գործիչ է, ով, անկախ ամեն ինչից, քաջություն ունեցավ քննադատելու իշխանություններին, ընդհուպ` Սերժ Սարգսյանին: Ինչ վերաբերում է նրան խարդախության, փողերի լվացման մեջ մեղադրելուն, նրա ելույթը պիտի որ փարատեր ամենակասկածամիտների մտավախությունը. մեր առաջ, ամեն դեպքում, անազնիվ մարդ չէր:
ԲՀԿ-ականները քվեարկությանը որոշել են չմասնակցել: Սակայն նրանք արդե՛ն ամրապնդել են գործընկերներին «հանձնելու» ավանդույթը: Ցավոք, բոլոր հիմքերը կան` ենթադրելու, որ այդ ավանդույթը խորհրդարանում կհարգեն նաև այսօր: