«Նախիջևանյան ուղղությամբ բավականին մեծածավալ ինժեներական աշխատանքներ են իրականացվում մեր ԶՈՒ-ի կողմից, ինչը հակառակորդին նյարդայնացնում է». Վիտալի Մանգասարյան

Մայիսի 18-22-ն Ադրբեջանն անցկացրեց հերթական լայնածավալ զորավարժությունը, որին ներգրավված էր զորատեսակների բավականին լայն շրջանակ։ Բնականաբար, սահմանին մոտ ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի մեծաքանակ կուտակումն ինքնին նպաստում է լարվածության աճին, որը ժամանակի ընթացքում տարբեր դրսևորումներ է ունենում և վտանգավորության մի շարք բաղադրիչներ է իր մեջ ներառում։ 168.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը:

«Զորավարժության ավարտի օրն արցախյան հատվածում ունեցանք դիվերսիոն ներթափանցման փորձ, որը մեր դիրքապահ ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվեց, և իրավիճակից բխող քայլեր ձեռնարկվեցին: Այսօր արդեն նախիջևանյան թևում միջադեպ ունենք, ինչի հետևանքով ունենք վնասված մեքենան։ ՀՀ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ միջադեպը տեղի է ունեցել միջդիրքային տարածքում հայկական զինված ուժերի կողմից կառուցվող նոր ամրաշինությունների շրջանում։ Այստեղից կարող ենք հետևություն անել. հակառակորդն աշխատում է հնարավորինս թույլ չտալ, որ համապատասխան ինժեներական աշխատանքներ կարողանանք իրականացնել, ինչն առաջին հայացքից մարտավարական առումով նորմալ երևույթ կարող է համարվել՝ հաշվի առնելով, որ հնարավոր է՝ բավականին ծավալուն աշխատանքներ է իրականացնում մեր պաշտպանական գերատեսչությունն այդ ուղղությամբ։ Ժամանակին նախիջևանյան ուղղությամբ որոշակի խնդիրներ ունեցել ենք, ինչի մասին քննարկումներ եղան նաև մամուլում, և հիմա հնարավոր է՝ նաև այդ է պատճառը, որ այդ ուղղությամբ բավականին մեծածավալ ինժեներական աշխատանքներ են իրականացվում մեր ԶՈՒ-ի կողմից, ինչը, բնականաբար,  հակառակորդին նյարդայնացնում է»,- նշեց փորձագետը:

Ըստ Մանգասարանի՝ միշտ պետք է հասկանանք, որ թշնամու վարքագծում, նպատակներում և մեզ վերաբերող քաղաքական մոտեցումներում փոփոխություն չի եղել, և, եթե հաշվի առնենք՝ ինչպիսի հակահայկական քարոզչություն է իրականացվում Ադրբեջանում, ապա տեսանելի ապագայում չի էլ լինելու:

«Այդ իսկ պատճառով մենք պետք է հնարավորինս մոբիլիզացնենք մեր ռեսուրսները, և ամենակարևորը՝ մեր հասարակությանը պատրաստենք ապագա հնարավոր զարգացումներին»,- եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս