«2018 թ. մայիսին ստեղծեցին լարվածության կետ, և պարզ է՝ ինչ-որ ժամանակ հետո այդ կետերը սկսում են աշխատել». ռազմական փորձագետ

Երեկ ադրբեջանական կողմի կրակոցից հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի «Նիսան պատրիոտ» մեքենան է այրվել. Կրակոցները հնչել են Նախիջևանի կողմից: Այս մասին գրել էր «Հրապարակ» օրաթերթը՝ նշելով, որ, թեև ՊՆ լրատվական բաժնից դեռ պաշտոնապես չեն մեկնաբանել կատարվածը, սակայն նախարարությունից հաստատել են տեղեկությունը:

168.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց նաև Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը.

«Երեկ չէ առաջին օրն ինտենսիվ կրակոցներ են եղել»:

Մանրամասների համար համայնքապետը հորդորեց դիմել ՊՆ լրատվության բաժին:

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը մեզ հետ զրույցում հիշեցրեց՝ այդ հատվածում խնդրահարույց վիճակ է ստեղծվել հատկապես 2018 թվականին.

«Եթե հիշում եք, դեռ 2018 թվականին, երբ Ադրբեջանը դիրքերն «առաջ տվեց» Արենիի հատվածում, ու այնտեղ դիրքերից մեկը շատ խնդրահարույց էր, որովհետև, օրինակ, Արենիի այգիները հայտնվում էին հակառակորդի նշանառության տակ, ու հնարավոր էր հրազենից գնդակոծել:

Ադրբեջանցիները 2018 թ. մայիսին ստեղծեցին լարվածության կետ, և պարզ է՝ ինչ-որ ժամանակ հետո այդ կետերը սկսում են աշխատել»:

Փորձագետը նկատեց՝ ադրբեջանական կողմից դիրքերի ամրացման գործընթացը սկսվել է մայիսից և շարունակվել. «Ամենից շատ ամրացան, երբ որ «վերելակային պայմանավորվածությունից» հետո հրադադար եղավ, և իրենք հնարավորություն ստացան այդտեղ լավ հիմնավորվելու»:

Ավելի ուշ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր այս միջադեպին՝ գրելով. «Որոշ լրատվակայքեր այսօր տեղեկություն են տարածել, որ «երեկ ադրբեջանական կողմի կրակոցից հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի «Նիսան պատրիոտ» մեքենան այրվել է»։

Զորքերի առօրյա գործունեության ընթացքում նման միջադեպերը բացառված չեն,
փոխհրաձգություն սահմանին ամեն օր է լինում, ինչի հետևանքով թե մեր, թե հակառակորդի ռազմական տեխնիկան վնասվում է։

Նախիջևանի, մասնավորապես՝ նշված ուղղությունում, իրավիճակը հարաբերական կայուն է և վերահսկելի, մտահոգիչ զարգացումներ չկան։

Միջադեպը տեղի է ունեցել միջդիրքային տարածքում հայկական զինված ուժերի կողմից կառուցվող նոր ամրաշինությունների շրջանում, այո, ավտոմեքենան այրվել է, սակայն այն գումարտակի հրամանատարին չի սպասարկում։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը միշտ էլ ճնշվում է, բայց, ի տարբերություն հայկական որոշ լրատվամիջոցների, ադրբեջանականները, ցավոք, այդ մասին չեն հայտնում»։

 

Տեսանյութեր

Լրահոս