Բաժիններ՝

«Ես Սասուն Միքայելյանի թասիբը կպահեմ ձեր փոխարեն». Անի Խաչատրյանը՝ ավագանու իմքայլական անդամին

Երևանի ավագանու՝ մայիսի 26-ի նիստի օրակարգում ընդգրկված էր  Երևան համայնքի սեփականություն հանդիսացող գույքն  անհատույց օգտագործման իրավունքով 5 տարի ժամկետով «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը տրամադրելու հարցը: Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանն առաջարկեց հարցը հանել օրակարգից և օրակարգ բերել առաջիկա նիստերից մեկում, քանի որ իրենց այդ հարցի մասին ուշ են զգուշացրել՝ երկու շաբաթ առաջ, և իրենք չեն հասցրել համապատասխան միջոցառումներ ձեռնարկել:

«Տվյալ հարցը, լինելով բազմաշերտ, կարիք ունի ավելի խորը և համակողմանի ուսումնասիրության՝ հաշվի առնելով, որ միությանը չի առաջարկվել այլ տարածքներ, բացի այս պահին իրենց կողմից զբաղեցվող տարածքներից, որոնց մեծ մասը նախկին կամ գործող մանկապարտեզներ են: Օրակարգի այս հարցի փաթեթում տեղ են գտել բավականին վիճահարույց տարածքներ, որոնք կարիք ունեն լրացուցիչ ուսումնասիրության»,- ասաց Պապիկյանը:

Ավագանու իմքայլական անդամի խոսքով՝ այն ընթացքում, մինչև կքննարկվի հարցը, միությունը կարող է շարունակել իր գործունեությունն այն տարածքներում, որտեղ գործում է: Մեսրոպ Պապիկյանի առաջարկին արձագանքեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը: Նրա բնորոշմամբ՝ ամոթ է, որ նման հարց է քննարկվում:

«Այն, ինչ հնչեց այս դահլիճում, ինձ համար նվաստացուցիչ խոսք է: Դա ինձ համար ամոթ չէ, դա ձեր քաղաքական թիմի ամոթն է: Տարիներ շարունակ ես ու իմ կուսակցությունը պաշտպանել ենք Երկրապահը բորենիներից, բայց, բարեբախտաբար, «Քաղաքացիական պայմանագիրն» այսօր իշխանության է, և Սասուն Միքայելյանն էլ այդ իշխանության վերջին անդամը չէ: Այն, ինչ այս պահին այս դահլիճում ասվեց, դուք պետք է փակ դռների հետևում քննարկեիք Միքայելյանի հետ: Այդ գրասենյակներն ապրիլյանի ժամանակ փոքր զինկոմիսարիատների դեր տարան ու ավելի օպերատիվ կազմակերպվեցին, դրանց մի մասը թանգարաններ են:  Դուք այսօր կարողանում եք այս հարցն օրակարգից հանելու հարց քննարկե՞լ:  Նույնիսկ հանրապետականները նման բան չեն արել: Ինձ համար պատիվ է քվեարկել այս ծրագրի օգտին: Ես Սասուն Միքայելյանի թասիբը կպահեմ ձեր փոխարեն»,- ասաց Անի Խաչատրյանը:

Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ հակադարձեց, որ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հետ քննարկումներ եղել են, և նա համաձայնել է անհրաժեշտության դեպքում գրասենյակը տեղափոխել այլ վայր:

«Բոլոր տարածքները օպտիմիզացիայի են ենթարկվել: Որոշ վարչական տարածքներում դրանք արդեն տեղափոխվել են: Մենք Սասուն Միքայելյանի հետ համաձայնության ենք եկել, որ, եթե Երևանի քաղաքապետարանին պետք լինի ընդլայնել մանկապարտեզները, որ երեխաները միության տարածքներում իրենց անկյունը վերցնեն, առանց որևէ խնդրի նրանք դուրս կգան, սա իրենց սկզբունքների մեջ է, իրենցից շատերը դրա համար են գնացել պատերազմ և զոհվել, որ մեր երեխաները մանկապարտեզ գնան»,- ասաց Մարությանը:

Հարցն օրակարգից չհանվեց: Ավագանու որոշմամբ այն կդրվի քննարկման և քվեարկության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս