«Եթե օրվա իշխանությունը սկսում է իր անհաջողությունները հիմնավորել այլ հանգամանքներով՝ համազոր է նույն պահին հրաժարական տալուն»

168.am-ի զրուցակիցն է Հանրային խորհրդի նախկին անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

– Պարոն Մեսրոբյան, դեռևս ապրիլի 28-ին Դուք առաջարկել էիք ստեղծել հակաճգնաժամային խորհուրդ, ինչպես նաև վերջինիս գործունեության չորս մակրո կետանոց ծրագիր և այդ մասին գրառում էիք կատարել Ձեր ֆեյսբուքյան էջում, ինչը և մի քանի լրատվամիջոցներ տարածել էին: Ձեր առաջարկի հետ կապված որևէ արձագանք եղե՞լ է, քանի որ Կառավարությունը միշտ հայտարարել է, որ բաց են բոլոր առաջարկների համար և պատրաստ են դրանք քննարկելու:

– Բնական է, որ որևէ արձագանք չկա, ինչպես որ սկսած 1988 թվականից իմ առաջարկների հետ կապված չկա արձագանք: Սա մեր բոլոր ժամանկների իշխանությունների «սուրբ» մոտեցումն է` մենք երբ դառնում ենք իշխանություն, մեզ մոտ ֆիզիոլոգիական փոփոխություններ են սկսվում: Մենք լսում ենք այն, ինչ ուզում ենք լսել, տեսնում ենք այն, ինչ ուզում ենք տեսնել:

– Փաստորեն Ձեզանից հետո, հակաճգնաժամային Կառավարություն ստեղծելու առաջարկ է հնչեցրել նաև ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը: Բայց ինչպես Ձեր դեպքում, Վանեցյանի դեպքում նույնպես արձագանք չկա, միակ արձագանքողը եղել է Աառողջապահության նախարարը, որն իր ֆեյսբուքյան էջում հեգնական գրառում է կատարել: Չե՞ք կարծում, որ իշխանության քայլերն անհամարժեք են ստեղծված իրավիճակին:

– Կառավարումն առհասարակ բարդ երևույթ է, հակաճգնաժամային կառավարումն առավել ևս: Մենք հայերս կառավարումից մղոններով հեռու ենք, ճգնաժամային և հակաճգնաժամային կառավարումից էլ հեռու ենք այնքան, ինչպես խոզը տուռնիկից և սա մեր դարավոր դժբախտությունն է: Հիմա, եթե չեն ցանկանում լսել առաջարկները, գոնե չհեգնեն, այդ հեգնանքն ընդանրապես չեմ հասկանում: Այսինքն՝ ստացվում է, որ մենք արդեն ոչ թե մղոններով ենք հեռու կառավարումից, այլ հարյուր-հազարավոր մղոններով: Ճգնաժամի ժամանակ մարդու հոգեբանությունը պետք է փոխվի, պետք է կլանի այն, ինչը կարող է նպաստել ճգնաժամի հաղթահարմանը և դա արագ տրասֆորմացնել և կիրառել է պետք: Հեգնելն ընդանրապես չեմ հասկանում, ավելին` գտնում եմ խիստ անընդունելի: Սա մեր որակների մասին ոչ մի լավ բան չի ասում: Ինչո՞ւ եմ հատուկ ասում մեր, այլ ոչ թե  առանձնացնում միայն իշխանություններին, որովհետև մենք՝ հայերս ենք այդպիսին, ինչը շատ վատ է և վտանգավոր:

– Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Կառավարությունը խուսափում ստեղծել կա՛մ հակաճգնաժամային խորհուրդ կա՛մ Կառավարություն, ի՞նչից է վախենում:

– Սա հեշտ հարց է, այն պարզ պատճառով, որ այստեղ իշխանության հարցն է: Նորից եմ կրկնում՝ 1988  թվականին, դեռ կոմունիստների ժամանակ, իմ մի շարք առաջարկներն ինչո՞ւ առհասարակ չէին ընդունում: Որովհետև օրվա իշխանությունների պատկերացմամբ, այդ առաջարկները վտանգում էին իրենց կողմից ձեռք բերված իշխանությունը: Սա վերաբերում է և՛ Կարեն Դեմիրճյանին, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանին, և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Սերժ Սարգսյանին բնական է, որ դա պետք է վերաբերի նաև Նիկոլ Փաշինյանին: Մեր խնդիրն այն է, որ մենք ենք այդպիսին: Կարևոր չէ, թե ինչ կուսակցությունում ենք՝ լիբերալ ենք, դեմոկրատ, թե ավտորիատար, մենք այդպիսին ենք:

– Ստեղծված իրավիճակում որքանո՞վ է մեծ իշանությունների մեղքը: Իրավիճակը, որում գտնվում է երկիրը, թերի կառավարման արդյո՞ւնք է, թե՞ պարզապես համավարակն է այսպիսի վիճակ ստեղծել:

– Բոլոր անհաջողություններում մեղավորը 100 տոկոսով օրվա իշխանությունն է: Եթե ինչ-որ օրվա իշխանության, կապ չունի այս, թե նախորդը, կամ դրանից առաջ, սկսում է իր անհաջողությունները հիմնավորել այլ հանգամանքներով՝ դա համազոր է նույն պահին հրաժարական տալուն: Պատկերացրեք ընտանիքի անդամների հետ նստում եք տաքսի և վարորդն ասում է, որ ինչ էլ լինի պատասխանատու չէ: Երկա՞ր կնստեք այդ մեքենայում, թե՞ կկանգնեցնեք և դուրս կգաք: Նույնը և պետության կառավարման ժամանակ է:

– Տեսնում ենք, որ օրեցօր վարակվածների և մահվան դեպքերի թիվն արագացված ավելանում է: Սրան զուգահեռ Կառավարությունը չի ցանկանում ընդունել, որ սխալ է կառավարում, հետևաբար՝ այս ամենն ինչի՞ կարող է հանգեցնել, ի՞նչ սպասել:

– Ես համակարգային առաջարկ արեցի, պարոն Վանեցյանը մյուս համակարգային առաջարկն արեց, բնական է, որ արձագանքներ չկան: Ես տարբեր մարդկանց հետ եմ շփվում և տեսնում եմ՝ ճիշտ է, հատվածային, բայց լավ առաջարկներ են անում: Եթե օրվա իշխանությունը նման անտարբեր, երբեմն հեգնանքով վերաբերմունք ունի, ապա սա նշանակում է, որ օրվա իշխանությունը չի կարող ահագնացող մարտահրավերների դեմն առնել: Իսկ ի՞նչ է լինում, երբ տվյալ պետության օրվա իշխանությունները չեն կարող ահագնացող մարտահրավերների դեմն առնել: Կարծում եմ՝ Դուք ինձանից ոչ պակաս գիտեք:

Տեսեք, գեներացվում են պետության կառավարման տարբեր հակաճգնաժամային մոդելներ և ի՞նչ պետք է աներ իշխանությունը: Հավաքեր այդ մոդելների հեղինակներին, կազմակերպեր փակ քննարկումներ և գտներ այն մոդուսը, որով կարելի է ամենաարդյունավետ ու շարունակական պետական հակաճգնաժամային կառավարում իրականացնել: Սա շատ ակնհայտ, անգամ պրիմիտիվ լուծում է, գոնե ստարտային իմաստով, որովհետև միայն ես ու պարոն Վանեցյանը չէ, որ առաջարներ ենք արել, առաջարկներ էլի կան: Հակաճգնաժամային հոգեբանությունը հենց սա է, հավաքվում են բոլոր խելքին մոտ առաջարկությունները, արագ քննարկվում, դուրս են գալիս մոդուսի վրա, արագ որոշումներ են կայացնում, կյանքի են կոչում և համընդհանուր ուժերով դուրս են գալիս ճգնաժամից:
Հավաստիացնում եմ՝ ժողովուրդն ինչ-որ ժամանակից հետո միայն ծափահարելու է նման մոտեցմանը: Իսկ այս մոտեցումը կբերի նրան, որ ժողովրդի շրջանակներում դժգոհությունները քայլ առ քայլ աճելու են, որի արդյունքում ունենալու ենք ներքաղաքական ճգնաժամ: Հիմա մեզ մոտ և՛ արտաքին, և՛ ներքին համակարգային ճգնաժամ է, իսկ դա շատ վտանգավոր է պետության համար: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մենք չունենք պետականամետ մտածողություն:

– Իսկ ի՞նչ եք կարծում, իրատեսակա՞ն է, որ իշխանություններն ի վերջո կհասկանան իրավիճակի լրջությունը և կփոխեն իրենց մոտեցումները:

– Ես հենց այնպես չասացի, որ մեր օրվա իշխանությունները 1988 թվականից դրսևորում են նույն վարքագիծը: Այդ պատճառով էլ Ձեր ակնկալիքի հավանականությունը պրակտիկ իմաստով համարում եմ զրո, իսկ տեսականորեն կարելի է անվերջ քննարկել:

Տեսանյութեր

Լրահոս