
«Սա դիվերսիա է Եկեղեցու դեմ․ կոչ եմ անում չգնալ Ստյոպիկի պատարագին». Սուրեն Սուրենյանց
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ արված նախկին քահանայի՝ Ստեփան Ասատրյանի կողմից Մայր Աթոռին հրապարակայնորեն ընդդիմանալը և նրա կողմից այս կիրակի նշանակված պատարագը կաթողիկոսի դեմ այն «հոգևոր հավաքն» է, որի մասին ամիսներ շարունակ ակնարկում էր Նիկոլ Փաշինյանը։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպիսի կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Դա դիվերսիա է Հայ Առաքելական եկեղեցու դեմ։ Պատահական չէ, որ, այսպես ասած, «պասերով խաղ» ստացվեց, և այդ Ստյոպիկը միանգամից հայտարարեց, որ չի ընդունելու վեհափառի տնօրինությամբ կայացված որոշումը, այսինքն՝ շարունակելու է զավթած պահել եկեղեցին, որովհետև այլ անուն դրան հնարավոր չէ տալ։
Անմիջապես նա խրախուսվեց իշխանության կողմից, և միանգամից էլ հայտարարվեց, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է պատարագին, ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանը դա արեց՝ բանուգործը թողած։ Լավատեսներ կային, որոնք ենթադրում էին, որ Փաշինյանն առժամանակ այս օրակարգը մոռացել է կամ կենտրոնացած է այլ բաների վրա։ Դա այդպես չէ»,- մեկնաբանեց քաղաքագետը։
Սուրեն Սուրենյանցի կանխատեսմամբ՝ Եկեղեցու շուրջ դրամատիկ զարգացումները ժամանակագրորեն մեկտեղվելու են Վաղարշապատում կայանալիք ավագանու ընտրությունների հետ։ Նրա խոսքով՝ դրա համար մի քանի պատճառ կա։
«Նիկոլ Փաշինյանն այլևս կոնսոլիդացնող թեմաներ չունի և իր թիմին կոնսոլիդացնում է կեղծ գաղափարների շուրջ՝ փորձելով միանգամից մի քանի գործընթաց սպասարկել։ Այո, այդ «հոգևոր հավաքն է», որը պատարագի անվան տակ կանցկացնեն։ Սա ուղղակի ոտնձգություն է Եկեղեցու դեմ, և առիթից օգտվելով՝ կհորդորեմ մեր հայրենակիցներին, որ այդ մարդու մոտ, որն այլևս ոչ թե Տեր Արամ է, այլ Ստյոպիկ, չգնան մկրտության, այլ կրոնական ծեսերի, որովհետև դա Եկեղեցու կանոններին դեմ է։ Տարօրինակ է, որ անձնակենտրոն իշխանություն ստեղծած և շատ հաճախ Սահմանադրության դեմ ոտնձգություններ իրականացրած իշխանության ներկայացուցիչները դեմոկրատիայի մասին Ստյոպա դարձած Տեր Արամի պարագայում են սկսել բարձրաձայնել կամ հիշել։ Սա առնվազն անհեթեթություն է, որովհետև Եկեղեցին իր կառուցվածքով, իր կանոններով շատ ավելի անձնակենտրոն է, և դա օբյեկտիվ է, քան պետությունը»,- ընդգծեց քաղաքագետը։
Սուրեն Սուրենյանցը ցավով արձանագրում է, որ մոտենում ենք Եկեղեցու ապալեգիտիմացման հակաեկեղեցական փաշինյանական արշավի ավարտական փուլին։
«Սա Սահմանադրության 17-րդ հոդվածի ոտնահարում է, հակասահմանադրական գործողություն է իր տրամաբանությամբ։ Այստեղ կա իրավունքի և ինքնության խնդիր մեզ համար։ Իրավունքի՝ այն առումով, որ իշխանությունը ոտնձգում է ՀՀ Սահմանադրության առնվազն 3-4 հոդվածի դեմ, և ինքնության՝ այն իմաստով, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին մեր քաղաքակրթական ինքնության ամենակարևոր բաղադրիչներից մեկն է։ Եվ ովքեր այստեղ հանդես են գալիս Եկեղեցու պաշտպանության դիրքերում, նրանք իրավունքի և ինքնության պաշտպանության դիրքերից են հանդես գալիս»,- շեշտեց Սուրեն Սուրենյանցը։
Իսկ ավելի լայն պատկերի մեջ, ըստ քաղաքագետի, հայ հասարակությունը կորցրել է կոնսենսուսը նույնիսկ պետականության հիմնադրույթների շուրջ։ Սուրեն Սուրենյանցի բնորոշմամբ՝ սա քաղաքակրթական ճգնաժամ է։
«Ավելի պարզ խոսենք․ Եկեղեցին իր սոցիալական և քաղաքակրթական նշանակությամբ չի տեղավորվում Նիկոլ Փաշինյանի մոգոնած չորրորդ հանրապետության կոնցեպտի մեջ, և նա փորձում է կռտել Եկեղեցին՝ հարմարեցնելով իր կեղծ վարդապետությանը, շահագործելով հանրային այն տրամադրությունները, որ տարիներ շարունակ կային տարբեր հոգևորականների վերաբերյալ։ Բայց նա առանձին վերցրած կաթողիկոսի կամ որևէ սրբազանի հարց չի լուծում, նրա պայքարը Եկեղեցու ինստիտուտի դեմ է»,- հավելեց քաղաքագետը։
Սուրեն Սուրենյանցը նաև ընդգծեց, որ 1991-ին իր անկախությունը վերանվաճած Հայաստանի Հանրապետությունը, որը հաճախ անվանում են նաև Երրորդ Հանրապետություն, երբեք կոնֆլիկտագեն չի եղել՝ ինչպես պնդում է իշխանության ներկա ղեկավարը։
«Երրորդ Հանրապետությունն ընդհանրապես հիմքում կոնֆլիկտագեն չի եղել։ Դա ևս կեղծ պնդում է։ Ամենաիրական Հայաստանն է, որովհետև Արցախի խնդիր ունենալով հանդերձ՝ մենք ունեցել ենք սահմանադրաիրավական կարգավորումներ, որոնք կասկածի տակ չեն դրել հարևան որևէ երկրի տարածքային ամբողջականություն։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը դիտարկվել է ազգերի ինքնորոշման իրավունքի տիրույթում։
Փաստացի հայտնվել ենք նման իրավիճակում, որովհետև Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ մտածված երկիրը տարել է պատերազմի՝ որպես ստրատեգիական նպատակ ունենալով հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը։ Դրան որևէ մեկը դեմ չէ, բայց դա պիտի չլինի մեր պետության և պետական շահերի հաշվին»,- ընդգծեց զրուցակիցը։
Սուրեն Սուրենյանցն անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, որ Բաքուն վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։
Մանրամասները՝ տեսանյութում։