
44-օրյա պատերազմին Հուլուսի Աքարի այցը Ղազախստան և Ադրբեջանի տարածքով Հայաստանին ղազախական ցորեն հասցնելու Ալիևի քաղաքական ժեստը

Մոտ 20 օր առաջ Ղազախստանում անցկացված «Նոր մետաքսի ճանապարհ» բիզնես ֆորումի ժամանակ Ղազախստանի, Ադրբեջանի և Վրաստանի երկաթուղային ընկերությունների ղեկավարները ստորագրել էին համատեղ գործողությունների ծրագիր:
Համաձայնագիրը նախատեսում է «Միջին միջանցքում» առկա սահմանափակումների վերացում, ներառյալ՝ ենթակառուցվածքային, գործառնական և լոգիստիկ ասպեկտները, մաքսային ձևակերպման համար անհրաժեշտ ժամանակի կրճատումը։
«Վրացական երկաթուղիներից» նաև վստահեցրել էին, որ ձեռք բերված համաձայնությունը կնպաստի տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը, տարանցիկ ներուժի լիարժեք օգտագործմանը և եվրոպական և ասիական շուկաների միջև բեռնափոխադրումների ծավալների ավելացմանը: Այս մասին հոկտեմբերի 22-ին «Մետաքսի ճանապարհ» խորագրով Թբիլիսիի 5-րդ ֆորումի ժամանակ հիշել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, և հենց այս համատեքստում շարունակել.
«Տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը, այդ թվում՝ Ադրբեջանի կապի վերականգնումը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, կնպաստի միջազգային բեռնափոխադրումների համար տարածաշրջանի տարանցիկ հնարավորությունների ընդլայնմանը։ Մենք վստահ ենք, որ նոր երթուղին, որը բացվելու է տարածաշրջանում այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների հիման վրա, դառնալու է «Միջին միջանցքի» կարևոր բաղադրիչներից մեկը և նպաստելու է դրա դերի բարձրացմանը գլոբալ տրանսպորտային ցանցում»:
Եվ հենց այստեղ Ադրբեջանի վարչապետը հարկ է համարել ընդգծել Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումների վերացումը և ղազախական ցորենի մատակարարումը Հայաստանին, ինչի մասին ավելի վաղ Ղազախստանում հայտարարել էր Իլհամ Ալիևը, իսկ ՀՀ իշխանություններն էլ երեկվանից դրա մասին են խոսում և գրառումներ անում, իսկ հոկտեմբերի 22-ին էլ «Մետաքսի ճանապարհ» 5–րդ համաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը վաշինգտոնյան փաստաթղթերի համատեքստում հատուկ կարևորել է Ադրբեջանի նախագահի քաղաքական և ռազմավարական ժեստը:
«Հռչակագրի այս կետի իրականացման հարցում Ադրբեջանը կարևոր քայլ արեց։ Նախագահ Ալիևը երեկ հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Սա չափազանց կարևոր հայտարարություն է և ուզում եմ իմ գնահատանքն արտահայտել Ադրբեջանի նախագահի այս քայլի առիթով և ողջունել այդ հայտարարությունը։
Տեղի է ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան․ Ղազախստանից Ադրբեջանով և Վրաստանով Հայաստան է ներմուծվում հացահատիկ»,- շեշտել է նա, ըստ էության, նպաստելով Ալիևի աշխարհաքաղաքական իմիջի բարձրացմանը՝ որպես խաղաղության օրակարգում գործնական նախաձեռնողականություն դրսևորող կողմի:
Փաշինյանը նաև խոստացել է, որ, օրինակ, առաջիկայում Հայաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախջևան, ինչպես նաև Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր նույնպես կկառուցվեն, ինչպես նաև՝ կապահովվի երկաթուղային և ավտոտրանսպորտային կապը։ Այս հայտարարությունն ադրբեջանական կողմը գնահատել է որպես պատասխան ռևերանս:
Ավելին, Բաքուն փորձում է ցույց տալ, թե, ի տարբերություն Հայաստանի, իրենք «գործի մարդ են», և ոչինչ, որ հայկական կողմն ամեն կերպ փորձել է բավարարել ադրբեջանական տարաբնույթ պահանջներ:
Ադրբեջանական minval.az-ին տված հարցազրույցում քաղաքագետ Իլգար Վելիզադեն նշեց, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումների վերացումը կամ Ալիևի այս բարի կամքի դրսևորումը ոչ միայն նպատակ ունի ցույց տալու Հայաստանի հետ կոնֆլիկտի էջը շրջելու Ադրբեջանի ցանկությունը, այլ սա մեսիջ է հայաստանյան հանրությանն ու ընդդիմությանը, որոնք մտածում են, թե «Զանգեզուրի միջանցքի» բացումը վտանգներ է պարունակում:
«Այս դեպքում Ադրբեջանը, պայմանական ասած, «պաս» է տալիս Հայաստանի ղեկավարությանը, որը պետք է այն հասկանա և ճիշտ ուղղությամբ «խաղացնի»»,- ընդգծել է նա:
Տնտեսական գիտությունների թեկնածու Էմին Ղարիբլիի կարծիքով էլ Հայաստանին ղազախական ցորենի մատակարարումն Ադրբեջանի տարածքով դրական ազդեցություն է ունենալու Ադրբեջանի միջազգային իմիջի վրա և նպաստելու է Ադրբեջանի դերակատարման բարձրացմանը տարածաշրջանում: Իհարկե, տնտեսագետը նշվածը դիտարկել է նաև «Միջին միջանցքի» համատեքստում և նշել, որ Ադրբեջանի համար լուրջ հեռանկարներ են բացվելու այս պարագայում:
Իսկ ադրբեջանական day.az-ն էլ ակնարկել է, որ Հայաստանի պատասխան քայլն Ալիևի՝ տնտեսական-լոգիստիկ «բարի կամքի», պետք է լինի նոր սահմանադրության ընդունումը նաև, որտեղ չեն լինի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ: Այսինքն, այստեղ միայն աշխարհատնտեսական հարցեր չեն լուծվում, այլ ներքին և արտաքին քաղաքական՝ թե՛ Հայաստանի դեպքում, թե՛ Ադրբեջանի, և Նիկոլ Փաշինյանը պետք է գին վճարի Բաքվի «ներքաղաքական հարթությունում» ցուցաբերվող աջակցության դիմաց:
Ի դեպ, հիշեցնենք, որ վերջերս DW-ին տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Սյունիքի շուրջ զարգացումների և ենթակառուցվածքների բացման համատեքստում խոստովանել էր.
«Օրինակ, նրանք (Ադրբեջանը:- Մ.Պ.) պահանջում էին, որ այս երկաթուղու երկայնքով տեղակայվեն երրորդ երկրի զինված ուժեր։ Հիշում եմ, թե ինչպես էին նրանք ասում, որ երկաթուղու երկայնքով պետք է տեղակայվեն ռուսական զորքեր։ Սա, իհարկե, մեզ համար անընդունելի էր։ Միջանցք չկա, այլ կա «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղի»»:
Հավելենք, որ մոտ մեկ տարի առաջ Ալիևը «COP-29 և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ անդրադարձել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետին՝ նշելով.
«Այնտեղ գրված է, որ Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային հաղորդակցություն, որի նկատմամբ վերահսկողություն պիտի իրականացվի Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության ուժերի կողմից: Այս հայտարարությունը ստորագրել են ՌԴ նախագահ Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ես: Եվ արդեն 3 տարի է՝ Հայաստանը փաստացի խախտում է այս պայմանը: Իսկ հիմա էլ փորձում են, այսպես ասած, ազատվել այդ իրավիճակից: Բայց դա հնարավոր չէ»:
Նշենք, որ օկուպացված Արցախում ռուս խաղաղապահներին կողմ է եղել հայկական կողմը, Ադրբեջանը սկզբում համաձայն չի եղել առհասարակ, հետո համաձայնել է կոնկրետ ժամկետով: Մի առիթով անգամ Ադրբեջանի նախագահը գաղտնազերծում էր արել այս առնչությամբ:
«2020 թվականի նոյեմբերի 9-ին մենք եռակողմ հայտարարության շուրջ բանակցություններ էինք վարում նախագահ Պուտինի միջոցով, որովհետև որևէ կոնտակտ չկար հայ գործընկերների հետ: Եվ այսպես եղել է մի քանի հեռախոսային խոսակցություն եռակողմ հայտարարության ամեն կետը համաձայնեցնելու համար:
Սա շարունակվել է վաղ առավոտից մինչև գրեթե նոյեմբերի 10-ի առավոտ: Դրա համար մենք միշտ ասում ենք, որ հայտարարությունը ստորագրվել է նոյեմբերի 10-ին, որովհետև Բաքվում մոտավորապես գիշերվա ժամը 02:00-02.30 էր: Քննարկվել էր ռուս խաղաղապահների հարցը, և հայկական կողմի դիրքորոշումն այն էր, որ խաղաղապահների համար ժամկետի հետ սահմանափակումներ չպետք է լինեն: Այլ խոսքերով՝ նրանք պետք է ընդմիշտ մնան: Դրան մենք չէինք կարող համաձայնել, և պնդեցինք, որ ժամկետային սահմանափակում լինի: Դա բանակցությունների ամենաբարդ հարցերից մեկն էր, որի շուրջ կողմերը չէին կարողանում համաձայնության գալ:
Մեզ համար խաղաղապահներին վերաբերող մասը եռակողմ հայտարարության ամենասկզբունքային հատվածներից մեկն էր: Մեր դիրքորոշումը հետևյալում էր՝ եթե այս հարցի շուրջ համաձայնություն ձեռք չբերվի, ապա ոչ մի հայտարարություն էլ չի լինի և պատերազմը կշարունակվի: Եվ, ի վերջո, Հայաստանը ստիպված եղավ համաձայնել»,- մանրամասնել էր Ալիևը:
Վերադառնալով Ղազախստանին, ևս մեկ ուշագրավ դրվագ ավելացնենք ներկայացված պատկերին:
44-օրյա պատերազմի օրերին՝ 2020թ. հոկտեմբերին, «Նեզավիսիմայա գազետան» հոդված էր հրապարակել, թե Անկարան դաշնակիցներ է փնտրում ղարաբաղյան պատերազմում:
Խոսքն այս դեպքում Ղազախստանի մասին էր, որտեղ պատերազմի օրերին այցելել էր այդ ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ով այսօր Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահն է: Այցի ընթացքում նա փորձել էր ղարաբաղյան հարցի և պատերազմում թուրք-ադրբեջանական գործողությունների վերաբերյալ ճշտել ՀԱՊԿ անդամ այս երկրի դիրքորոշումը:
«Թուրքիան, որը չի թաքցնում հանգամանքը, որ հանդիսանում է այս պատերազմի ակտիվ լոբբիստը և մնալու է մինչև դրա հաղթական ավարտը, երբ Հայաստանին կստիպեն դուրս հանել զորքը Ղարաբաղից, ձգտում է ստանալ կամ ապահովել թյուրքալեզու պետությունների աջակցությունը ապագա բանակցային գործընթացում: Թեև արդեն հայտնի է, որ թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդն իր աջակցությունն է հայտնել Բաքվին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների համատեքստում»,- գրել էր «Նեզավիսիմայա գազետան»:
Ուստի պատահական չէ, որ պատերազմից հետո Հուլուսի Աքարը 44-օրյայում Ադրբեջանի հաղթանակը համարել էր թյուրքական պետությունների միասնական հաղթանակը, և այս փորձը հաշվի առնելով՝ առաջարկել թյուրքական աշխարհի երկրների միջև միասնական պաշտպանական մեխանիզմ ձևավորել: