Կարող ենք ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Թուրքիայի հետ ծավալած դրական երկխոսությունը հույս է տալիս, որ առաջիկայում կարող ենք Հայաստան-Թուրքիա սահմանի բացում ունենալ»:

«Մենք ոչ միայն քաղաքական, այլև՝ տեխնիկական առումով, առանց չափազանցության՝ հենց այսօրվանից Հայաստանի տարածքով կարող ենք ապահովել բեռնատար մեքենաների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ։ Հայաստանի տարածքում թե ճանապարհները, թե սահմանային ենթակառուցվածքները պատրաստ են սրան՝ Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղով։

Քաղաքական առումով նույնպես պատրաստ ենք ապահովել Նախիջևանից դեպի Ադրբեջանի հիմնական մաս և հակառակ ուղղությամբ տարանցումը ՀՀ տարածքով, բայց տեխնիկապես դեռ պատրաստ չենք՝ ենթակառուցվածքների բացակայության պատճառով»,- Թբիլիսում ընթացող «Մետաքսի ճանապարհ» համաժողովին ասել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշել է, որ քաղաքական առումով Հայաստանը պատրաստ է նաև երկաթուղային տարանցում ապահովել Թուրքիայի և Նախիջևանի միջև, ինչպես նաև՝ Թուրքիայի և Ադրբեջանի հիմնական մասի միջև, «բայց այդ հատվածներում երկաթուղին նորոգման կամ վերակառուցման կարիք ունի».
«Համոզված եմ՝ այս տեխնիկական հարցերը 2-3 տարվա ընթացքում կլուծվեն։ Առաջիկայում ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան, նաև Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր նույնպես կկառուցվեն ու կապահովվի նաև երկաթուղային և ավտոտրանսպորտային կապը»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս